
Հայաստանից մեկնած մի խումբ ջավախքցիներ մեկուսացված են Ախալցխայում. մանրամասներ «մեկուսարանից»
Մարտի 21-ին Հայաստանից Ջավախք մեկնած 3 տասնյակ ջավախքցիների մեկուսացրել են Ախալցխայի Grand Palace հյուրանոցում: Նրանց մեջ է նաև Ախալքալաքի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Աննան (անունը փոխված է):
Աննան մեզ հետ զրույցում պատեց, որ Բավրա-Նինոծմինդա հատվածում, վրացական սահմանն անցնելուց անմիջապես հետո, առավոտյան 10-ի սահմաններում Նինոծմինդայի անցակետում իրենցից վերցրել են անձնագրերը, հավաքել բոլորին մի վրանի տակ: Հայաստանից հետզհետե ժամանել են այլ ուղևորներ, որոնք միասին` շուրջ 30 հոգի, սպասել են մինչև երեկոյան 6-ի սահմաններում եկել է ավտոբուսը և տեղափոխել բոլորին Ախալցխա:
«Սահմանի աշխատակիցներն իրենց ուտելիքից մեզ տվեցին, որ սոված չմնայինք, մինչև ավտոբուսները եկան և մեզ տարան հյուրանոց: Ջերմություն ունեցեղ չկար, բայց վրանի մեջ մարդիկ շատ մեծ սթրես տարան: Մարդ կար` հիվանդ էր, մարդ կար` պայմաններից ելնելով սթրեսի մեջ ընկավ, որովհետև կարող է առողջ են, բայց 14 օր ստիպված պիտի մեկուսանա: Մենք վստահ էինք, որ առողջ էինք, ոչ մի սիմպտոմ չկար մեզնից ոչ մեկի մոտ, բայց մեզ որոշել էին մեկուսացնել»,-պատմում է Աննան:
Նա ասում է, որ իրենք հայկական սահմանում արդեն զգուշացված են եղել, որ պիտի մեկուսանան, եթե անցնեն վրացական սահմանը, քանի որ ավելի վաղ այդ օրն արդեն անցնողներ եղել էին: Սակայն իրենq, գիտակցելով դա, անցել են սահմանը, քանի որ վերադառնալն ու անհայտ ժամանակ սպասելը ևս նպատակահարմար չեն գտել:
«Արդեն ճամփին էինք, բայց կոնկրետ չէին ասում, թե ուր են տանում: Կարծես` իրենք էլ չգիտեին, Ախալցխայից դուրս էինք եկել, հասնում էինք Բորժոմ, բայց նորից հետ բերեցին Ախալցխա»,- պատմում է Աննան:
Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ հյուրանոցային պայմանները և սնունդը նորմալ են: Իրենք առայժմ կորոնավիրուսով վարակվածության թեստավորում չեն անցել, բժիշկ չի այցելել, այսօր առաջին անգամ բուժքույը ջերմաչափում է իրականացրել:
«Ասին` եթե տաքություն ունենամ, պիտի հիվանդանոց տեղափոխեն, բայց ես տաքություն չունեի: Մնացածներից տեղյակ չեմ: Տարբեր տեղերից են` տարբեր շրջաններից, Ախալքալաքից էլ կան, Ախալցխայից էլ, Նինոծմինդայից էլ»,- ասաց Աննան:
Ջավախքում դեռևս կորոնավիրուսով վարակվածության դեպք չի արձանագրվել, սակայն Հայաստանից ժամանած քաղաքացիները մեկուսացվում են: Նրանց մի մասը մեկուսացված է Ախալցխայից 30 կմ հեռու գտնվող Աբասթումանում:
Վրաստանում մարտի 21-ից արտակարգ դրություն է հայտարարված, սակայն ամեախիստ կարանտինային ռեժիմը սահմանվել է Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում, որտեղ վարակված անձը մասնակցել է սգո արարողության: Արդեն մեկ օր է` փակվել են այդ շրջանների ելումուտը, խիստ հսկողություն է սահմանվել մարդկանց տեղաշարժի վրա:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 12 հսկիչ կետ է սահմանվել Մառնեուլի և Բոլնիսի շրջանների հիմնական ճանպարհներին, որպեսզի վերահսկեն երթևեկությունը: Միայն տեղացիներին է թույլատրվում մտնել տարածք, սակայն նրանց երկու շաբաթ չի թույլատրվում դուրս գալ մունիցիպալիտետից, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը:
Ջավախքցի մեր զրուցակիցները պատմեցին, որ խստացված հսկողություն է սահմանվել նաև իրենց մոտ, փակ են խանութները, բացառությամբ մթերայինների: Եթե տներում կան մեկուսացված քաղաքացիներ, ապա նրանց վրա խիստ հսկողություն է սահմանված:
Վրաստանի կառավարություն կորոնավիրուսով վարակվածության 61 դեպքի մասին է հայտարարել, որից 8-ն արդեն առողջացել է: 3320 անձ կարանտինի մեջ է, 235-ը` բժշկական հսկողության ներքո:
Jnews.ge տվյալներով, այսօրվա դրությամբ Ջավախքում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 508 մարդ, իսկ կարանտինում՝ 31:
Մեկնաբանել