
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ այս փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում բիզնեսի համար
Հայաստանի կառավարությունը փորձելու է հասկանալ և մասնավոր հատվածին հուշել, թե նոր ձևավորվող տնտեսական իրականությունում, որոնք են այն պատուհանները, որոնք թույլ են տալիս հայաստանյան բիզնեսին ավելի ամուր կանգնած լինել արտաքին շուկաներում։
«Կառավարությունները նույնպես մրցելու են, որպեսզի նոր աշխարհում ազգային տնտեսությունները առավել կայուն դիրքեր ունեն և ավելի ամուր լինեն»,- այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարն ասաց, որ բացի կառավարության արդեն իսկ հայտնած աջակցություններից, գործադիրը տնտեսվարողներին օգնելու նախնական այլ մոտեցումներ ունի։ Դրանք նախնական են, քանի որ ենթական են ճշգրումներին՝ համապատասխանելով բիզնեսի ձևակերպված կարիքներին։
«Այսինքն՝ սկզբունքները լինելու են նրանք, որ կառավարությունն ունի իր առջև խնդիր և դրան վերաբերում է թիրախային ձևով արձագանքելու կարևորությունը հաշվի առնելու պատասխանտավությամբ։ Մյուս կողմից նաև գիտակցում է, որ դեռևս մինչև վերջ հայտնի չեն այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տնտեսություններում, մարդկանց սպառողական վարքագծում և կթելադրեն նաև համապատասխան արձագանք։ Դա է պատճառը, որ մենք առաջիկա շաբաթների ընթացքում շարունակելու ենք մի կողմից տեսնել թե մեր կողմից առաջարկվող մոտեցումները ինչպիսի գործնական արձագանքի են արժանանում տնտեսության մասնավոր հատվածի կողմից, մյուս կողմից ՝ դրանք համապատասխանաբար կփոխվեն, որպեսզի առկա կարիքներին ավելի ճիշտ, արդյունավետ ձևով լուծումներ առաջարկեն»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ երբ այս դժվարին ժամանակն անցած կլինեն, քիչ թե շատ կայուն միջավայրում հնարավոր կլինենի մտածել զարգացման ծրարերի մասին։ Այսինքն՝ կառավարությունն աջակցություն կցուցաբերի այն կազմակերպություններին, որոնք կձեւակերպեն իրենց տեսակետները իրենց զարգացման ծրագրեի առնչությամբ և կդիմեն կառավարություն՝ դրանք քննարկելու նպատակով։
«Մենք ունենք հստակ նպատակ՝ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարորղներին, որոնք ունեն դժվարին պայմաններ, ստեղծված իրավիճակի պատճառով, բայց նաև ունեն ծրագրեր և պատկերացումներ, թե ինչպես են մտադիր հաղթահարել այդ դժվարությունները»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի խոսքով՝ սրանք այն հիմնական հարցերն են, որոնք այժմ գտնվում է կառավարության օրակարգում։
Կառավարությունը դեռևս հստակ գնահատում չունի, թե կորոնավիրուսը ինչպիսի ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա։ Տիգրան Խաչատրյանի հաղորդմամբ՝ կորոնավիրուսը արագ փոփոխվող իրավիճակ է առաջացրել աշխարհի բոլոր երկրների տնտեսություններում։ Սակայն ընդգծում է, որ կառավարությունները քննարկում են իրենց բոլոր հնարավոր միջոցները համախմբելու և այս ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Ըստ նախարարի՝ այս փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ընկերությունների և բիզնեսի ճյուղերի համար։
«Հայաստանի մրցակցային առավելությունն այն է, որ մենք մեծ ջանքեր ենք գործադրելու, որպեսզի նոր իրավիճակում նոր հնարավորություններն ավելի արագ հասկացվեն, և մեր բիզնեսներն այդ նոր հնարավորություններն անցնելու ճանապարհին ավելի մեծ չափով զգան Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Մեկնաբանել