
Տեխասում կորոնավիրուսի պատճառով հետաձգել են դատապարտյալի մահապատիժը
ԱՄՆ Տեխաս նահանգի վճռաբեկ դատարանը կորոնավիրուսի պատճառով 60 օրով հետաձգել է 44-ամյա Ջոն Համելի մահապատիժը։ 2009 թվականին նա դանակահարել էր իր հղի կնոջը, ծեծելով սպանել հնգամյա որդուն և զոքանչին, որից հետո այրել տունը, որպեսզի թաքցնի հանցագործության հետքերը։ Համելը հաշվեհարդար էր տեսել ընտանիքի անդամների հետ՝ սիրուհու հետ ապրելու նպատակով։ 2011 թվականին նրան դատապարտել էին մահապատժի։
Համելին մահապատժի պետք է ենթարկեին մարտի 17-ին։ Սակայն դատարանը որոշել է, որ մահապատիժը պետք է հետաձգվի՝ «առողջապահության ոլորտում առկա ճգնաժամի և մեծ ռեսուրսների պատճառով, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակի հաղթահարման համար»։ The New York Times-ի տվյալներով՝ ներկայումս Տեխասում հայտնաբերվել է կորոնավիրուսի 100-ից ավելի դեպք, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ տարածքում՝ 5881 դեպք։
Մահապատժի հետաձգումը պահանջել է Համելի փաստաբան Մայքլ Մոուլան։ Նա բերել է մի քանի պատճառներ, մասնավորապես, մահապատժին ներկա կլինեն վկաներ և բանտի անձնակազմը, և եթե նրանցից մեկը հիվանդ լինի կորոնավիրուսով, ապա կվարակի նաև մյուսներին։ Բացի այդ, եթե կորոնավիրուսի պատճառով, մահապատիժն իրականացնող փորձառու աշխատակիցներից մեկին կարիք լինի փոխել, ապա մահապատիժը կարող է իրականացվել ոչ պատշաճ կերպով։ Պատճառներից երրորդն էլ այն է, որ Համելը չի հասցնի մահվանից առաջ տեսակցել հարազատներին, քանի որ կորոնավիրուսի պատճառով բանտերում արգելված է տեսակցությունը։
Թարանթ շրջանի շրջանային դատախազը, որը մեղադրանք էր առաջադրել Համելին, և Տեխասի քրեական դատավարության դեպարտամենտը, որը համակարգում է նահանգի բանտերի գործունեությունը, դեմ են հանդես եկել մահապատժի հետաձգմանը։ Դեպարտամենտում նշել են, որ բանտի աշխատակիցների և այցելուների հավելյալ ստուգումներ են իրականացվում, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը։ Սակայն դատարանը չի բավարարել այդ եզրակացությունները։
Համելի դատավճռի իրականացումը հետաձգվել է մինչև 2020 թվականի մայիս ամիս։ Մինչ այդ Տեխասում նախատեսված է ևս հինգ մահապատիժ։ Դեռևս անհայտ է նաև վերջիններիս իրագործման հավանականությունը։ Ինչպես գրում է Texas Tribune թերթը, դատապարտյալ Թրեյսի Բիթիի փաստաբանը հայտարարել է, որ նույնպես մահապատժի հետաձգման միջնորդություն կներկայացնի։ Բիթին խեղդամահ էր արել իր մորը, և մահապատժին սպասում էր մարտի 25-ին։
Տեխասում նախկինում ևս արտակարգ իրավիճակների պատճառով հետաձգվել են մահապատիժներ։ Իր միջնորդության մեջ Համելի փաստաբան Մայքլ Մոուլան հիշատակել է նմանատիպ երկու դեպքեր։ 2001 թվականին Տեխասի նահանգապետը 30 օրով հետաձգել էր սեպտեմբերի 11-ին նշանակված մահապատիժները։ Իսկ արդեն 2017 թվականին դատարանը 3 ամսով հետաձգել է այն հանցագործի մահապատիժը, որի փաստաբանը բնակվում էր «Հարվի» փոթորկից տուժած շրջաններից մեկում։
Մեկնաբանել