
Ինչ պայմաններում են ապրում Դիլիջանում մեկուսացվածները, և ինչ ռեժիմ է սահմանված (տեսանյութ)
25-ամյա Քրիստինե Նիկողոսյանը երեկ Կառավարության կազմակերպած հատուկ չվերթով Իտալիայից ժամանել է Հայաստան: Ինչպես նրան նախապես տեղեկացրել էին, մյուս ժամանողների հետ պետք է երկու շաբաթով մեկուսացվի:
Նա այժմ գտնվում է Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Քրիստինեն գոհ է մեկուսացման պայմաններից և սննդից:
Սենյակում նա մենակ է, իրավունք չունի շփվել հարևան սենյակակիցների հետ: Ռազմամարզական վարժարանում հատուկ ռեժիմ է սահմանված, այնտեղ տեղափոխվածներին զգուշացրել են, որ չեն կարող լքել սենյակները, իսկ սնունդն աշխատակիցներն են բերելու:
«Վենետիկից հիմնականում վերադարձել ենք հայ ուսանողներս: Այս պահին Իտալիայում կարանտինային ռեժիմ է: Մենք իրավունք չունեինք տանից դուրս գալ, բացառապես մի դեպքում, եթե դա անհրաժեշտ է պարենային ապրանքներ գնելու համար: Ավելին՝ այս պահին դուրս գալը և փողոցում քայլելը Իտալիայում ենթադրում է որոշակիորեն տուգանային համակարգ՝ 300 եվրո: Եթե անձը չի կարողանում վճարել այդ 300 եվրոն, ապա պետք է երեք ամիս անցկացնի բանտում»,- ասում է նա:
Քրիստինեն պատմում է, որ Հայաստան ժամանելիս Հռոմի օդակայանում ջերմաչափել են մեկնողներին, սակայն դեռևս կորոնավիրուսը հերքող կամ հաստատող թեստ չեն անցել: Թե երբ են թեստերը հանձնելու, դեռ չեն տեղեկացրել: Նա Իտալիայում ունեցել է ջերմություն եւ կոկորդի ցավ, դիմել է Վենետիկի բժշկական կենտրոն, բուժզննում անցել, կորոնավիրուսի թեստ հանձնել, որի պատասխանը բացասական է եղել:
Քրիստինեն այս տարվա հունվարից սովորում է Վենետիկի Կա' Ֆոսկարի համալսարանի ասպիրանտուրայում՝ տնտեսագիտություն և կառավարում բաժնում: Նախատեսում է երկշաբաթյա մեկուսացում-հանգիստը ևս օգտագործել ուսման նպատակով. կաշխատի ասպիրանտուրայի իր հոդվածի վրա:
Հայաստան ժամանելուց հետո Քրիստինեն ընտանիքի անդամներին չի հանդիպել: Նրան զգուշացրել էին, որ օդակայանից անմիջապես մեկուսացնելու են, և ընտանիքի անդամներն անհրաժեշտություն չունեն օդակայան գալու: Քրիստինեն քիչ առաջ խոսել է նրանց հետ, ցույց տվել պահման պայմաններն ու վստահեցրել, որ իրեն լավ է զգում:
Մեկնաբանել