
Էդմոն Մարուքյանն առաջարկում է ժամանակավոր սառեցնել վարկերի տոկոսների մարումները. ինչպիսին է բանկերի արձագանքը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարկերի տոկոսների մարումը առնվազն 3 ամսով սառեցնել: Մարուքյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ գրությամբ դիմել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Զավադյանին` առաջարկելով քննարկել այդ առաջարկը: Պատգամավորի խոսքով` իրեն է դիմել Վանաձորում գործունեություն ծավալող մի լուսանկարիչ, որը լուսանկարներ է կատարում ուսումնական հաստատություններում: Լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար կուտակել է վարկեր, սակայն այժմ, այսպես կոչված, հարկադիր արձակուրդում է, բայց պարտավոր է մարել իր վարկերի տոկոսները:
Կենտրոնական բանկի հանրության հետ կապերի վարչության պետ Հարություն Կբեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԲ-ն ստացել է պատգամավորի գրությունը և ընդունել ի գիտություն:
Մարուքյանի գրառմանը հաջորդեց «Ամերիաբանկի» հայտարարությունը, ըստ որի կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` բանկը որոշել է իր բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»: Սա նշանակում է, որ այդ երկու ամիսների ընթացքում բանկի հաճախորդները կարող են չվճարել իրենց հերթական մարումները, և դա բանկի կողմից չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:
Ամերիաբանկի հայտարարությունը, սակայն, որոշ հստակեցումների կարիք ունի, քանի որ ոչինչ չկա ժամկետանց վարկառուների վերաբերյալ, թե արդյոք այդ արտոնությունը գործելու է նաև նրանց համար, թե ոչ: Բանկի մամուլի խոսնակի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Մենք փորձեցինք մի քանի բանկից պարզաբանում ստանալ, սակայն շատերի հետ պարզապես կապ հաստատել չհաջողվեց` աշխատանքային օրվա ավարտի պատճառով:
«Կոնվերս բանկի» հանրության հետ կապերի պատասխանատու Շուշան Միրզոյանն ասաց, որ այս պահին բանկում վարկերի մարումները ժամանակավոր սառեցնելու հարց չի քննարկվում:
Հայէկոնոմ բանկի հանրության հետ կապերի պատասխանատու Աննա Մկրտչյանն էլ ասաց, որ այս պահին որևէ տեղեկատվության չի տիրապետում:
Հիշեցնենք, որ արդեն իսկ հայտնի է, որ ուսումնական հաստատությունները մինչ մարտի 23-ը չեն աշխատելու:
«Մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, և եթե լինի անհրաժեշտություն, ժամկետը կրկին կհետաձգենք: Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որևէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել»,-այսօր կառավարությունում հրավիրված խորհրդակցությանն ասել էր վարչապետ Փաշինյանը:
Մեկնաբանել