
Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում համազգային առողջապահական մոբիլիզացիա հայտարարեց
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստաուղերձով դիմել է ֆրանսիացիներին աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներին, այդ թվում՝ Եվրոպային եւ Ֆրանսիային պատուհասած կորոնավիրուսի առիթով:
Նախագահի խոսքով՝ սա վերջին մեկ դարում Ֆրանսիայի տեսած ամենամեծ առողջապահական ճգնաժամն է: Դեպքերի մեծ մասում այն վտանգավոր չէ, բայց վտանգավոր է հասարակության խոցելի խմբերի համար, որոնք խրոնիկական հիվանդություններ ունեն, եւ հազարավոր ֆրանսիացիներ արդեն տուժել են:
Նախագահ Մակրոնն ընդգծել է, որ երկիրը համաճարակի սկզբնական փուլում է, եւ քանի որ առաջնային է ֆրանսիացիների առողջությունը, անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել: Խորհրդակցելով երկրի լավագույն վիրուսաբանների հետ՝ ֆրանսիական իշխանությունները որոշում են կայացրել փակել բոլոր ուսումնական հաստատությունները:
Դրա նպատակն է՝ առաջին՝ պաշտպանել նախ խոցելի խմբերին, ապա հոգ տանել բուժանձնակազմի մասին, որպեսզի նրանք ի վիճակի լինեն ապահովել ավելի երիտասարդ պոտենցիալ հիվանդներին, քանի որ վիրուսի տարածման երկրորդ փուլ կարող է լինել:
Գործատուներին նախագահ Մակրոնը կոչ է արել թույլ տալ իրենց աշխատակիցներին աշխատել տնից: Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պահպանել պետական հաստատություններում այն մարդկանց աշխատատեղերն ու աշխատավարձերը, որոնք վիրուսի պատճառով չեն կարողանա աշխատանքի դուրս գալ:
Առողջապահական ճգնաժամի արդյունավետ կառավարման նպատակով Ֆրանսիայում համազգային մոբիլիզացիա են հայտարարել՝ երկրով մեկ կենտրոնացնելով ամբողջ բուժանձնակազմը, անգամ բժշկական համալսարանների ուսանողությանը: Հիվանդանոցներում հրահանգվել է հնարավորինս շատ ազատ մահճակալներ ազատել՝ տուն ուղարկելով այն հիվանդներին, որոնց վիրահատությունները հրատապ չեն:
Նախագահ Մակրոնը նշել է, որ կորոնավիրուսից իրենք նաեւ դասեր կքաղեն՝ ավելի կատարելագործված առողջապահական համակարգ կառուցելու համար:
«Այս քննությունը նաեւ սոցիալական եւ տնտեսական մոբիլիզացիա է պահանջում: Գիտեմ, որ բոլորն են տուժել՝ մշակույթի, տուրիզմի եւ մյուս ոլորտի ներկայացուցիչները: Ամեն ինչ կարվի՝ պաշտպանելու մեր աշխատողներին եւ մեր ձեռնարկությունները` ինչ էլ այն արժենա»,- ասել է նախագահ Մակրոնը:
«Թույլ չենք տա Եվրոպայում ֆինանսական ճգնաժամը տարածվի, մենք քայլեր կձեռնարկենք: Եվրոպան կազմակերպված ձեւով կարձագանքի դրան»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնն արդեն իսկ առաջարկով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Թրամփին՝ Մեծ Յոթնյակի շրջանակներում կանխելու համար համաշխարհային հնարավոր ճգնաժամը:
Չնայած համաճարակին, ֆրանսիական իշխանությունները մտադիր չեն չեղարկել մունիցիպալ ընտրությունները, որոնք կայանալու են այս կիրակի՝ մարտի 15-ին: Բոլոր քաղաքապետերը ստացել են անհրաժեշտ ցուցումներ ընտրություններն այնպես կազմակերպել, որ հերթեր չլինեն եւ մարդիկ միմյանցից պահեն անհրաժեշտ հեռավորություն:
Լուսանկարը՝ Ֆրանսպրեսի/Լյուդովիկ Մաղին
Մեկնաբանել