
2019թ-ին Հայաստանից արտահանվող պղնձի քանակը 32%-ով աճել է
2019 թվականին Հայաստանից արտահանվել է 562 հազար տոննա պղնձի խտանյութ։ Վերջին տասը տարիների կտրվածքով՝ սա ամենաբարձր ցուցանիշն է։ Հատկանշական է, որ 2019-ին պղինձ ավելի էժան գնով է արտահանվել, քան նախորդ տարում։
Պղինձը կրկին առաջատարն է Հայաստանի արտահանման կազմում: Մաքսային ծառայության հրապարակած տվյաները ցույց են տալիս, որ 2019 թվականին Հայաստանից ամենաշատն արտահանվել է պղինձ (627 մլն ԱՄՆ դոլար), ծխախոտ (273 մլն դոլար) ու կոնյակ (253 մլն դոլար):
2019 թվականին Հայաստանից արտահանվել է 562 հազար տոննա պղնձի խտանյութ՝ հանքաքար և խտահանք, որի մասքային արժեքը կազմել է մոտ 627 մլն դոլար: 2018 թվականի համեմատ արտահանված պղնձի քանակն աճել է 137 հազար տոննայով կամ 32%-ով, իսկ արժեքը՝ 101 մլն դոլարով կամ 19%-ով:
Ստացվում է, որ արտահանվող պղնձի քանակն ավելի մեծ տեմպերով է աճել, քան արժեքը։ Սա նշանակում է, որ նախորդ տարի արտահանված պղնձի միջին գինն ավելի ցածր է եղել, քան 2018 թվականին։ Մասնավորապես, եթե 2018 թվականին պղնձի մեկ տոննան արատահանվել է միջինը 1237 դոլարով, ապա՝ 2019 թվականին՝ 1115 դոլարով։
Պղնձի խտանյութը Հայաստանից մեծ մասամբ արատահանվել է չորս երկրներ՝ Բուլղարիա, Չինաստան, Շվեյցարիա ու Կանադա: Ոչ մեծ քանակությամբ էլ՝ Վրաստան։
Ըստ քանակի՝ նախորդ տարի արտահանված պղնձի 40%-ի գնորդը Բուլղարիան է: Խոսքը մոտ 226 հազար տոննա պղնձի խտանյութի մասին է, որի արժեքը կազմել է մոտ 206 մլն դոլար: 2018 թվականի համեմատ Բուլղարիա արտահանված պղնձի արժեքը կրճատվել է 8.1 մլն դոլարով կամ մոտ 4%-ով, մինչդեռ քանակն աճել է 26 հազար տոննայով կամ 13%-ով: Այսինքն՝ նախորդ տարի նշված երկրին պղինձ ավելի գնով ենք վաճառել, քան 2018 թվականին։
Զգալի աճել են Հայաստանից դեպի Շվեյցարիա ու Չինաստան արատահանվող պղնձի ծավալները: Մասնավորապես, Շվեյցարիա է արտահանվել 191.5 մլն դոլարի պղնձի խտանյութ (մոտ 168 հազար տոննա), որը 2018-ին համեմատ աճել է 61 մլն դոլարով կամ 46.5%-ով, իսկ քանակը՝ 69 հազար տոննայով կամ 70%-ով:
Իսկ Չինաստան է արտահանվել 174 մլն դոլարի պղինձ՝ 157 հազար տոննա, որը 2018-ի համեմատ ավելացել է մոտ 80 մլն դոլարով կամ 84%-ով, իսկ քանակը կրկնապատկվել է:
Հայկական պղնձի մյուս գնորդը Կանադան է եղել։ Արտահանման ծավալը կազմել է 9.7 հազար տոննա՝ 52.5 մլն դոլար։ 2018-ի համեմատ 2018-ի համեմատ ծավալները կրկնապատկվել են։
2018 թվականին Հայաստանը ոչ մեծ քանակությամբ՝ 40 հազար տոննա, պղնձի խտանյութ է արտահանել նաև Ռումինիա, սակայն 2019-ին արտահանում չի իրականացվել:
Հայաստանից պղինձ են արտահանում հիմնականում «Զանգեզուրի ՊՄԿ-ն», «Թեղուտը», «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Ախթալայի ԼՀԿ-ն», «Արմենիան քափըր փրոգրամը», «Չաարատ Կապանը» (նախկինում ՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»)։
Ինչպես կարելի է տեսնել ինֆոգրաֆիկայում, վերջին 10 տարիների կտրվածքով՝ 2019 թվականին գրանցվել է պղնձի արտահանման ամենաբարձր ցուցանիշը։
Բացի պղնձի խտանյութը, վերջին տարիներին Հայաստանն արտահանում է նաև ոչ մեծ քանակությամբ չզտած՝ կոնվերտորային պղինձ, ինչպես նաև պղնձի թափոն և ջարդոն։ 2019 թվականին արտահանվել է մոտ 7.3 մլն դոլարի պղնձի թափոն և ջարդոն , իսկ կոնվերտորային պղինձ, ի տարբերություն նախորդ տարիների, չի արտահանվել։ Պղնձի թափոն- ջարդոնն արտահանվել է հիմնականում ԱՄԷ, Հոնկոնգ և ԱՄՆ։
Պղնձի խտանյութի արտադրությունը 26%-ով աճել է
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 2019 թվականի կեսերից հետո տեսանելի ակտիվացում առաջացավ, որը պայմանավորված էր Թեղուտի հանքավայրի վերագործարկմամբ։ Մեկուկես տարվա դադարից հետո՝ 2019թ. հուլիսի 1-ից, Թեղուտի հանքավայրը սկսեց կրկին աշխատել և վերականգնվեց պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտադրությունը։ Ու հենց Թեղուտի գործոնով էր պայմանավորված հանքարդյունաբերության ոլորտի էական աճը։
Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, 2019 թվականին Հայաստանում արտադրվել է 400 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2018 թվականի համեմատ այն ավելացել է 26%-ով։ 28.9%-ով էլ աճել է մոլիբդենի խտանյութի արտադրությունը՝ կազմելով 11.1 հազար տոննա։ Արդյունքում մոլիբդենի արտահանումը ևս ավելացել է. 2019 թվականին այն կազմել է 8.9 հազար տոննա՝ 2018 թվականի 7.1 հազար տոննայի դիմաց։
Պղնձի ներկայիս համաշխարհային գները նպաստավոր չեն Հայաստանի համար
Պղնձի ներկայիս գնանկումը համաշխարհային շուկայում Հայաստանի տնտեսության համար լավ բան չի խոստանում: Չինաստանում սկիզբ առած նոր կորոնավիրուսի հետևանքով բազմաթիվ շուկաներում անկում է գրանցվում, այդ թվում՝ մետաղների համաշխարհային շուկայում: Սա բոլորովին ձեռնտռուն չէ մետաղ արտահանող երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի, որ արտահանման կազմում պղինձն առաջատարն է և գնանկման հետևանքով պղնձից ստացվող եկամուտների կորուստ է գրանցվում։
Լոնդոնի մետաղների բորսայի տվյալները ցույց են տալիս, որ այսօրվա դրությամբ պղնձի մեկ տոննայի միջին գինը 5500-5700 ԱՄՆ դոլարի սահմաններում է։ Համեմատության համար՝ հունվարի կեսերին այն հասել է 6300 դոլարի։
Նույն բորսայի տվյալները վկայում են, որ 2019 թվականի ընթացքում պղնձի միջազգային գները փետրվար-ապրիլ ամիսներին առավել բարձր մակարդակում են եղել՝ հասնելով մինչև 6600 դոլարի, որից հետո մինչև տարեվերջ անկման միտում է գրանցվել, սակայն դեկտեմբերից կրկին աճել է: Իսկ տարվա հունվարից, ինչպես նշեցինք, պղնձի գները կրկին ընկել են:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել