
Ֆայտոնչի Կարոյի սիրած ձիու անունը «Կուկլա» էր
1968թ. արված խունացած լուսանկարի դեղին շերտը չի խանգարում ճանաչել գյումրեցի վերջին ֆայտոնչիներից վարպետ Գրիշին ու Կարոյին: Քիրաջխանի Խաչոյենց գերդաստանի ներկայացուցիչ Խաչիկ Խաչատրյանին պատկանող լուսանկարների կույտից առանձնացնում եմ եւս մի քանիսը` դրանցում պատկերված է ֆայտոնչի Կարոն` Խաչիկի հայրը:
«Հերս միշտ երկու գույնի ձի կլծեր ֆայտոնին»,- շտապում է պարզաբանել Խաչիկը:
Պարզվում է՝ ֆայտոնչիներն էլ ժամանակակից մեքենատերերի նման իրենց նախասիրություններն են ունեցել ու հենց դրանով էլ հեռվից հեռու տարբերվել միմյանցից: Եթե վարպետ Գրիշի ֆայտոնը դեռ հեռվից ճանաչելի էր զանգուլակներով ու ճատկանոցով զարդարված ձիերի տեսքից, ապա կարմիր ու սպիտակ ձիեր նախընտրել է լծել միայն ֆայտոնչի Կարոն: Նրա սիրելին սպիտակ գույնի, բարակոտն «Կուկլա»-ն էր, ձիերից ամենաերկարակյացը:
«Հորս մեռնելուց ձիու աչքերից արցունքներ կերթային: «Կուկլեն» հորս լծկաններից ամենաառաջինն էր ու մինչեւ վերջ մնաց: 17 տարի հերս ֆայտոնը քշեց, էդքան ժամանակ էլ «Կուկլեն» ծառայել է իրան»,- պատմում է Խաչիկը:
Քիրաջխանի Խաչոյենց գերդաստանի անդամներին Գյումրիում լավ են ճանաչում: Խաչատրյանները Գյումրի տեղափոխվել են Կարսից 1800-ականերին:
«Պապիս ըսել են հենց քիրաջխանի Խաչո: Ջաջուռում քիրաջի` կրի գործարան է եղել, հիմի օր ցեմենտ կօգտագործեն, էն վախտ քիրաջն են օգտագործել պատերի սվաղի համար: Պապիս քեռուն է պատկանել քիրաջխանեն, պապս էլ ընդեղ աշխատել է, էդտեղից էլ մականունը մնացել է,- պատմում է Խաչիկը,- մերոնք ֆայտոնչի են եղել: Կպատմեն, օր էն ժամանակները Գյումրու հիմիկվա կայարանի մոտ ֆայտոնչիների «բիրժան» էր` հավաքատեղին, կանգնել են տաքսիների պես, մարդիկ գնացքից բեռներով օր իջել են, դժվարություն չեն ունեցել, նստել տուն են գնացել»:
Մեքենաների մուտքը Գյումրի ստիպում է, որպեսզի ֆայտոնչիները մեկը մյուսի հետեւից վայր դնեն կնուտները: Հին սերունդը չէր հաշտվում չորս ակնանի մրցակիցների գոյության փաստի հետ:
Ձիերը վախենում էին մեքենաների աղմուկից ու դարձել էին անկառավարելի, մարդիկ էլ սկսել էին հատուկենտ օգտվել ֆայտոնից. գերադասում էին տաքսիները: 1960թ. Լենինականի քաղխորհրդի նախագահ է նշանակվում Գրիգոր Հասրաթյանն ու որոշում վերականգնել գյումրվա հին ավանդույթներից մեկը` քաղաքին վերադարձնել ֆայտոնն ու ֆայտոնչիներին: Այդ լուրն իմանալով՝ քաղաքում գտնվող հատուկենտ ֆայտոնչիները շտապում են Հասրաթյանի մոտ:
![]() |
Ձախից ֆայտոնչի Գրիշն է, աջից՝ Կարոն |
«Էղել են «Վիսյոլի Վարդանը», Գրիշը, հերս, ֆայտոնչի Վահանը, որ հետո գնաց Երեւան: Սկզբում չորսով էին, հետո արդեն վերջին տարիներին՝ 70-ականներին, մնացել էին երկու ֆայտոնչի՝ Գրիշն ու հերս,- հիշում է Խաչիկը,- որպեսզի ֆայտոնը հանեն, ձիերի համար հերս ընկերոջ հետ Ղազախ է գնացել, ընդեղ ձիարշավարանից երկու ձի է ջոկել հերս` մեկը կարմիր, մյուսը սպիտակ: Ու տարիներ շարունակ ինքը ֆայտոնին տարբեր գույնի ձիեր կլծեր: Էն ըսածս սպիտակն ըշտը «Կուկլեն» էր: Զույգը կարողա փոխվեր, բայց «Կուկլեն» միշտ կար»:
Ֆայտոնչի Կարոն մահացել է 1977թ.` 59 տարեկան հասակում, թոքերի հիվանդությունից: Հոր մահից հետո տղաները որոշում են ֆայտոնը չվաճառել, այլ պահել բակի մի անկյունում՝ ծածկի տակ, որպես հորից մնացած թանկ մի հուշ:
«2-3 տարին մեկ ես ու ախպերս կհանեինք, կլվանայինք, ներկը կթարմացնեինք ու նորից կծածկեինք: Մե օրմ էլ հերթական անգամ ֆայտոնը մաքրելու գործով էինք, հայաթի դարբասները բաց էին մնացել՝ մի 7-8 տարի առաջ էր, անցնող մարդ կար ծանոթ, տեսել էր, եկավ, թե ժողովուրդ ջան, ես չիդեի, օր վարպես Կարոյի ֆայտոնը կա: Ես հարսնիքի քավոր եմ, գուզեմ օր ֆայտոնով էղնի հարսնիքը, հարս ու փեսին ֆայտոնով եկեղեցի տանիմ,- հիշում է Խաչիկը անցած-գնացածը,- մենք էլ ըսեցինք, դեմ չենք, բայց ձի չկա, եթե ձիերի հարցը լուծես, ձի ճարեք-բերեք, խնդիր չկա: Հետո Ղարիբջանյան գյուղից երկու ձի ճարեցին, ֆայտոնը լծեցինք, տվեցինք հարսանքավորին»:
Դրանից հետո մի քանի դեպք էլ է եղել, երբ Կարոյի տղաները ֆայտոնը վարձով տվել են ցանկացողներին:
![]() |
Կարոյի ֆայտոնը |
«Փաստորեն, ընբես գուկա, օր հերս իրա մահից հետո էլ մեզի ինչխոր լավություն էներ` իրա անունով, իրա ֆայտոնով: Էն ժամանակ ինքը կքշեր, օր ընտանիք պահեր, դե վերջը 6 զավակ ուներ: Իրանից հետո էլ ֆայտոն քշող մեր ընտանիքից չեղավ. ոչ ես, ոչ էլ ախպերս էդ գործը չէրինք, ամեն մեկս մի մասնագիտություն ստացավ, անցավ իրա գործին: Բայց արի ու տես, օր շատ տարիներ անց ֆայտոնն իրա գործը տեսավ»,- Խաչիկը տխուր ծիծաղում է:
Ֆայտոնչի Կարոյին նկարահանել են «Շիրակի մեղեդիներ» երաժշտական ֆիլմում, «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր» գեղարվեստական ֆիլմերում, Հովհ. Շիրազի մասին պատմող վավերագրության մեջ:
Մարզպետարանի աշխատակից Խաչիկ Խաչատրյանին այդ հրաշալի օրերից որպես հուշ մնացել են հայրական տունը, հոր մասին պատմող խունացած լուսանկարներն ու «նավեսի» տակ կանգնած ֆայտոնը, որ 2-3 տարին մեկ եղբոր հետ մաքրում են, լվանում, ներկը թարմացնում ու պահում, որպես ֆայտոնչի Կարոյից մնացած մի թանկ հուշ:
Առաջին լուսանկարում ֆայտոնչի Կարոն է, իսկ սպիտակ ձին՝ «Կուկլան»
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել