
Արդարադատության նախարարն ընդդիմությանն առաջարկեց ներկայացնել դատական համակարգի մաքրման լավ տարբերակ
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը հնարավորություն է տալիս էֆեկտիվ պայքար մղել դատական համակարգի կոռուպցայի դեմ` միաժամանակ չխթարելով դատական իշխանության անկախությունը: Այս մասին նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Պարոն Մարուքյանը, պարոն Սիմոնյանն ասում են կախյալ դատական համակարգ ստեղծելու փաստաթուղթ է, դատավորները պետական մարմիններից կախյալ են լինելու: Ո՞ր մարմիններից` էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի՞ց, որտեղ բացարձակ մեծամանություն են կազմում դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի՞ց, որտեղ հինգ դատավոր անդամ կա, և հինգ իրավաբան գիտնական, ուսումնական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ գերակշիռ մեծամասնությունը դատավորներ են, գնահատող հանձնաժողովի՞ց, որտեղ մեծ մասամբ դատավորներ են ընդգրկված: Ինչ ենք ուզում սրանով ասել` ումի՞ց են կախյալ»,- ասաց նախարարը:
Ռուստամ Բադասյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն քննադատություններին, որ փաթեթը պետք է ավելի կոշտ գործիքակազմով լիներ, որպեսզի հնարավոր լիներ վեթինգ իրականացնել:
«Պարո՛ն Սիմոնյան, ասում եք՝ կարող էր ավելի կոշտ լինել, պետք էր համակարգը մաքրել: Ո՞նց մաքրեինք, ու՞մ մաքրեինք, հա՛մ խոսում եք դատավորների արժանապատվությունից, դատական համակարգի մասին գեղեցիկ խոսքեր եք վկայակոչում Հին Հռոմից, ու ասում` պետք է մաքրեիք»,- ասաց նա:
Նախարարը հայտնեց, որ նախագծի առաջինից երկրորդ ընթերցում քննարկմանը պատրաստ է ընդդիմադիրների ներկայացրած փոփոխություններն ընդունել, եթե դրանք Սահմանադրությանը չհակասեն:
«Բերե՛ք մաքրելու լավ տարբերակ, մենք ընդունենք, եթե Սահմանադրությանը չհակասի, կշարժվենք առաջ»,- ասաց նա:
Մեկնաբանել