
Էդմոն Մարուքյան. «Սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է»
«Առաջարկվող Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է»:
Այս մասին «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ այս փոփոխությունները ներառում են դատավորների վեթինգի գործընթացը:
«Եղան ելույթներ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է դատավորների բարեվարքությունը, հիմա հարց` հանձնաժողովը ստուգու՞մ է դատավորների բարեվարքությունը: Ո՛չ, որովհետև եղած դատավորների բարեվարքությունը չի ստուգել, այլ ստուգում է հայտարարագրերը, որոնք մաթեմատիկական ճշգրտությամբ թվեր են: Գործող դատավորներ կան, գիտեք ինչ գումարներ են հայտարարագրել, Hetq.am-ում կան էդ նյութերը: Հիմա հանձնաժողովը հայտարարագրերը ստանալու է և չի կարող որևէ հարց դրանց վերաբերյալ տալ ու հետ գնալ»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապագա դատավորների թեկնածուների հայտարարագրերը նայելու է, տեսնի՝ ով որքան գույք ունի, և միայն այդքանը, ինչը չի կարող համարվել բարեվարքության ստուգում:
«Մենք խոսում էինք վեթինգի գործընթացի մասին, եղած դատավորների զտման, իսկ սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմի ներդրում է»,- ասաց Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով դատավորին կարելի է աշխատակարգային խախտման համար կարգապահական վարույթի մեջ ներառել, ինչպես` աշխատանքից ուշանալու համար, սակայն ինչ պետք է անել այն դեպքերի հետ, երբ դատավորը մինչ կեսգիշեր վճիռ է գրում, արդյոք դա նորմա՞լ է:
«Էս փաթեթը պետք է կտոր-կտոր բերվեր, կան բաներ, որոնց կողմ ենք, կան` դեմ ենք: Եթե ուզում ենք ունենալ արդար դատական իշխանություն, պետք էր հնարավորինս քիչ միջամտություն իշխանության կողմից: էն որ հեղափոխությունից հետո ամեն օր ասում էիք` բոլոր դատավորները կոռումպացված են, վերջին լսումներին տեսնեմ, ասում են` դե մի տասը տոկոս դատավորներ կան, մաքրենք, սաղ կդզվի: Բա բոլոր դատավորներին ուր էիք անվանարկում, դրա համար ձեր խոսքին հետևեք»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով` մի շարք առաջարկներ ունեն, եթե դրանք ընդունվեն, այն ժամանակ էլ հստակ կլինի՝ աջակցում են փաթեթին, թե ոչ;
Մեկնաբանել