
Դեկանն ընդդեմ «Հետքի» լրագրողի դատավարությունը երրորդ անգամ չկայացավ
Դեկանն ընդդեմ «Հետքի» լրագրողի գործով Վանաձորի դատարանում այսօր նշանակված դատական նիստը հետաձգվեց`հայցվորի և նրա ներկայացուցչի`դատարան չներկայանալու պատճառով:
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանը պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումով դատարանից սկզբում խնդրում էր պարտավորեցնել «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանին «Հետք» թերթով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և լրագրողից հօգուտ իրեն բռնագանձել 2 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերը:
Ապա ներկայացնելով հայցադիմումի լրացում`դեկանը փոփոխել էր գույքային պահանջի չափը`2 միլիոնի փոխարեն պահանջելով 200 հազար դրամ: Հայցադիմումի լրացման մեջ նա ավելացրել էր ներողության պահանջ`կցելով նաև ներողության և հերքման տեքստ:
Հայցվոր Թերեզա Շահվերդյանը, չներկայանալով այսօր` ժամը 14.30-ին նշանակված դատական նիստին, միջնորդություն էր ուղարկել դատարան`դատական նիստը հետաձգելու մասին: Հայտնել էր, որ ժամը 14.00-ին Մանկավարժական ինստիտուտում նշանակված է գիտխորհրդի նիստ, ինքը գիտխորհրդի անդամ է, դեկան, նիստին հանդես է գալու պարզաբանումներով և առաջարկություններով: Դատարան ուղարկված դիմումին կցել էր գիտխորհրդի հայտարարությունն ու օրակարգը:
Պատասխանողի ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Հակոբյանը հետաքրքրվեց`երբ է հայցվորը ներկայացրել միջնորդությունը: Նիստերի քարտուղարը պատասխանեց, որ միջնորդությունը գրասենյակ է մուտքագրվել ժամը 14.00-ին:
«Մանկավարժական ինստիտուտում մի րոպեի տարբերությա՞մբ է նիստ գումարվում, այդպիսի պրակտիկա՞ կա»,-նկատեց Լուսինե Հակոբյանը:
Նախագահող դատավոր Բորիկ Գրիգորյանը պատասխանեց, որ տեղյակ չէ նման պրակտիկայի մասին, փաստն այն է, որ հայցվորի կողմից ներկայացվել է միջնորդություն`նրա պատճառաբանությամբ, հայցվորը նաև զանգել ու տեղակացրել է, որ փորձել է չմասնակցել գիտխորհրդի նիստին, բայց իրեն չեն թույլատրել: Ապա դատավորը հարցրեց պատասխանող կողմի կարծիքը`հայցվորի միջնորդության վերաբերյալ:
Պատասխանողի ներկայացուցիչն ասաց, որ երկու անգամ դատավարությունը հետաձգվել է իր խնդրանքով. մի անգամ իր`վատառողջ լինելու, մյուս անգամ`ճանապարհների անանցանելիության պատճառով, ուստի, իր կարծիքով, արդարացի չի լինի, եթե առարկի այդ միջնորդության դեմ:
Դատավորը նկատեց, որ նման տրամաբանությամբ ղեկավարվելով` հայցվոր Շահվերդյանը մի անգամ էլ իրավունք ունի նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացնել: Լուսինե Հակոբյանը պատասխանեց, որ իրավունքի հարցը դատավորն է որոշում:
«Պարզապես մյուս անգամ եթե հետաձգենք նիստը, թերևս ողջամիտ դատաքննության սկզբունքը խախտած կլինենք»,-նկատեց փաստաբանը:
Ապա ավելացրեց, որ չի առարկում հայցվորի միջնորդության դեմ: Պատասխանողը նույնպես առարկություն չհայտնեց նիստը հետաձգելու կապակցությամբ: Դատավորը որոշեց գործի քննությունը հետաձգել մինչև ապրիլ, «որպեսզի ճանապարհները սառած չլինեն», և պատասխանողի ներկայացուցիչը կարողանա մասնակցել նիստին: Փաստաբանն էլ նկատեց, որ եթե հապճեպ գիտխորհրդի նիստեր գումարվեն Մանկավարժական ինստիտուտում, իրեն անպայման տեղյակ պահվի այդ մասին, որպեսզի Երևանից անտեղի չգա Վանաձոր: Հաջորդ` չորրորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 23-ին` ժամը 14.30-ին:
Հ. Գ. -«Հետքին» և «Հետքի» լրագրողին առնչվող բոլոր երեք դատական գործերում հայցվոր կողմում ներգրավված է միևնույն անձը`Վանո Եղիազարյանը: Ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի և դեկանն ընդդեմ «Հետքի» լրագրողի գործերում Վանո Եղիազարյանը որպես հայցվորի ներկայացուցիչ է ներգրավված, իսկ գյուղապետն ընդդեմ «Հետքի» լրագրողի գործում Վանո Եղիազարյանն անձամբ հայցվորն է:
Լուսանկարում փաստաբան Լուսինե Հակոբյանն է
Մեկնաբանել