
Բնապահպան-ակտիվիստները շարունակելու են պայքարել Մաշտոցի այգու համար (լուսանկարներ)
Վաղը՝ ժամը 15:00-ին, Մաշտոցի այգում տեղի է ունենալու մեծ էկոֆորում, որի ժամանակ ամփոփվելու են այս օրերին այգու պահպանության համար բնապահպան-ակտիվիստների պայքարի արդյունքները:
Էկոֆորումի ժամանակ կհնչի նաև կենդանի երաժշտություն, կլինի ընթերցանություն:
Մի քանի օր առաջ բնապահպան-ակտիվիստ Մելիք Ամիրյանը (առաջին լուսանկարում) այգում ընթերցել է Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքից հատվածներ, որոնք կոչ են իշխանությանը:
«Չեմ կարծում, որ նրանց կհաջողվի հանրության ձեռքից այգին վերցնել»,- ասում է Մելիքը: Նա ամեն օր գալիս է այգի:
Կարինե Ղադյանը (առաջին լուսանկարում) ևս ամեն օր գալիս է Մաշտոցի այգի:
Նա համոզված է, որ բուտիկները կապամոնտաժվեն, և այգին կստանա նախկին տեսքը:
«Ես էս այգին չեմ թողնելու, մինչև ապամոնտաժված չտեսնեմ էս ամեն ինչը: Դեռ վերջնական որոշված չի՝ կկառուցեն բուտիկներ, թե չեն կառուցի, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ էս բուտիկները չկառուցվեն: Իրենք ստիպված կլինեն հաշվի նստել մեր կարծիքի հետ»,- ասում է Կարինեն:
Իսկ Մելիքը հավելում է, որ մտադրություն կար բուտիկներ տեղադրել այգու ողջ երկայնքով, բայց բնապահպան-ակտիվիստների պայքարի արդյունքում՝ դրանք այս պահին տեղադրված չեն այգու ողջ երկայնքով, և շինարարությունն այս պահին դադարեցված է:
Ցերեկվա ժամերին այգում ակտիվիստները քիչ են: Մելիքի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ շինարարությունը դադարեցված է:
«Եթե սկսեն շինարարությունը, ես կարծում եմ, որ այստեղ մեծ ամբոխ կհավաքվի, ու մենք մեր ձեռքերով կսկսենք ապամոնտաժումը, եթե ղեկավարությունը ինչ-որ քայլեր չձեռնարկի»,- ասում է նա:
Այգում կար 4-5 ոստիկան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել