
Նորաշենիկ գետ լցված ԶՊՄԿ-ի պարզվածքում եղել են թույլատրելիից բազմապատիկ շատ պղինձ, մոլիբդեն, մանգան ու այլ տարրեր
Փետրվարի 3-ին գրել էինք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի պարզվածքից Նորաշենիկ գետը կրկին գունափոխվել էր՝ դառնալով փրփրառատ եւ կապտաթույր: Դա երեւում էր կապանցի բնապահպան Արմեն Փարսադանյանի՝ «Հետքին» ուղարկած տեսանյութում: Փարսադանյանը առերեւույթ խախտման մասին տեղեկացրել էր նաեւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնին, որի աշխատակիցները կատարել էին պարզվածքի նմուշառում:
Փետրվարի 13-ին գրավոր հարցում էինք ուղարկել տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին: Պատասխանը ստացել ենք այսօր:
Ավետիսյանին հարցրել էինք, թե Նորաշենիկից վերցված նմուշները որ լաբորատորիայում են փորձաքննվել, քանի տարրի համար է կատարվել փորձաքննություն, որքան է դրանցից յուրաքանչյուրի սահմանային թույլատրելի խտությունը, եւ տարրերի ինչպիսի քանակ է հայնաբերվել պարզվածքի նմուշի մեջ:
Հետաքրքրվել էինք նաեւ, թե արդյոք հետազոտվել են Նորաշենիկ գետի ջրային կենդանիները, թե միայն պարզվածքի նմուշառում է իրականացվել: Բացի դրանից՝ հաշվի առնելով, որ Արծվանիկի պոչամբարից դուրս եկող պարզվածքն ընդունող Նորաշենիկ գետը պարբերաբար հայտնվում է բնապահպանների ուշադրության եւ մտահոգության կենտրոնում, հարցրել էինք, թե արդյոք տեսչական մարմինը գետում կատարում է կենսաբազմազանության եւ ջրի որակական հատկանիշների ուսումնասիրություններ:
Մեր հարցերին պատասխանել է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Մարատ Բադալյանը: Նրա տեղեկացմամբ՝ կենսաբազմազանության, ինչպես նաեւ գետի տարբեր հատվածներում ջրի որակական հատկությունները պարզելուն ուղղված ուսումնասիրությունները դուրս են տեսչական մարմնի լիազորությունների տիրույթից:
Ըստ Բադալյանի՝ փետրվարի 3-ին կատարվել է միայն պոչամբարից դուրս եկող պարզվածքի նմուշառում, կենդանիների հետազոտություն չի իրականացվել: Փորձանմուշն ուղարկվել է փորձաքննության Երեւան՝ տեսչական մարմնի կենտրոնական լաբորատորիա:
Տեսչական մարմինը մեզ է ուղարկել անալիտիկ հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ թույլատրելի սահմանային արտահոսքը (ԹՍԱ) գերազանցել են պղինձը (14 անգամ), մոլիբդենը (5,7 անգամ), մանգանը (129 անգամ): Մի շարք այլ պարամետրերով եւս ԹՍԱ-ն գերազանցվել է:
«Ջրի միջավայրը հիմնային է, եւ մի շարք պարամետրեր գերազանցում են թույլատրելի սահմանային արտահոսքերի չափաքանակները: Ջրի նմուշում հայտնաբերվել են նաեւ մակերեւույթային ակտիվ նյութեր, որով պայմանավորված է փրփուրի առկայությունը»,- անալիտիկ հետազոտության եզրակացության մեջ գրել է տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների բաժնի պետ Գայանե Շահբազյանը:
Փետրվարի 7-ին արված այս հետազոտության ֆոնին հետաքրքիր է, որ ամսի 3-ին ԶՊՄԿ-ն իր ֆեյսբուքյան էջում հերքել էր, թե գետն աղտոտվել է պոչամբարի պարզվածքից եւ հայտարարել. «Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ գետը լցվող պարզվածքի որակը մշտապես վերահսկվում է ինչպես «ԶՊՄԿ» ՓԲԸ համապատասխան ստորաբաժանման մասնագետների, այնպես էլ պետական լիազոր մարմնի կողմից:
Անդրադառնալով լաբորատոր հետազոտության արդյունքներին եւ մինչ այդ արված ԶՊՄԿ-ի հայտարարությանը՝ բնապահպան Արմեն Փարսադանյանն ասում է, թե հուսով է, որ կոմբինատի տնօրինությունն այսուհետ լուրջ կվերաբերվի հասարակության մտահոգություններին եւ վաղաժամ, չհիմնավորված գնահատականներ չի տա, ինչպես նաեւ զերծ կմնա ուրիշներին սեւացնելու անհեռանկար քայլերից:
Առաջին լուսանկարում՝ Արծվանիկի պոչատարի դյուկերային անցումի տակ կուտակված պոչանքները՝ Նորաշենիկ գետի ափին (2019 թ., հեղ.՝ Սարո Բաղդասարյան)
Մեկնաբանել