
Որքան ալկոհոլային խմիչք է արտադրվել Հայաստանում 2019 թվականին
2019 թվականին Հայաստանում արտադրվել է 43.5 մլն լիտր կոնյակ։ Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, նախորդ տարվա՝ 2018-ի համեմատ կոնյակի արտադրության ծավալներն աճել են 41.5 %-ով։
Աճել են նաև օղու, գինու ու գարեջրի արտադրության ծավալները։ Անկում է գրանցվել միայն վիսկիի մասով։
Մասնավորապես, գինու արտադրությունը կազմել է 12.7 մլն լիտր (որի կազմում 1 մլն լիտրը շամպայնն է), որը 31.6 %-ով գերազանցում է 2018-ի ցուցանիշը։ Շեշտենք, որ բոլոր դեպքերում խոսքը գործարանային արտադրության ծավալների մասին է։ Տնային տնտեսությունների կողմից արտադրվածը ներառված չէ։
Օղու, լիկյորի և սպիրտային այլ խմիչքների արտադրությունը միասին կազմել է մոտ 6 մլն լիտր՝ աճելով 18.6 %-ով։
Գարեջրի արտադրությունն, ըստ Վիճկոմիտեի, ավելացել է 11.4 %-ով՝ տարեկան ծավալները կազմելով 26.2 մլն լիտր։
Իսկ վիսկիի արտադրությունը կրճատվել է 11.6 %-ով և կազմել 713 հազ. լիտր։
Այսպիսով, 2019 թվականին Հայաստանում արտադրվել է ընդհանուր առմամբ մոտ 89 մլն լիտր ալկոհոլային խմիչք։ Հայաստանում արտադրված խմիչքի մի մասն արտահանվում է։
Մեկնաբանել