
ԶՈՒ ԳՇ պետի խոսքով` 2019-ի հունիսից մինչ այժմ 8 զինծառայողի ինքնասպանություն է կանխվել
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ Դավթյանը հրավիրվել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության ու մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստ:
Մեր հարցին, թե որքանով է շտաբի պետը կարողանում սինխրոն համագործակցել նախարարի հետ` բանակում փողոցային բարքերի դեմ պայքարի հարցում, և որքանով են այդ հարցում հաջողության հասել, Դավթյանն արձագանքեց.
«Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է նախարարին և որևէ տարաձայնություն համատեղ աշխատանքի դեպքում չի կարող լինել` չհաշված աշխատանքային կարծիքները, որոնք շատ անգամ ներկայացվում են որպես հակասություն էս վերջին շրջանում»: Դավթյանի խոսքով` պետ-ենթակա հարաբերությունների մեջ, սակայն, հակասություններ որպես այդպիսին չեն լինում, իսկ եթե սկզբունքային տարաձայնություններ ունենա նախարարի հետ, խնդիր չի տեսնում` կարող է հրաժարականի դիմում ներկայացնել:
«Տարբեր ոլորտներում նախարարը մինչ որոշում ընդունի խորհրդակցում է Գլխավոր շտաբի հետ, շտաբը ներկայացնում է իր տեսակետը, որը կարող է չհամընկնել նախարարի տեսակետի հետ, և դա ճիշտ երևույթ է, քանի որ քաղաքական առումով պատասխանատվությունը նախարարինն է»,- ասաց նա:
Անդրադառնալով փողոցային բարքերի դեմ պայքարին՝ շտաբի պետն ասաց, որ այժմ այդ երևույթը դիտարկվում է որպես քրեական ենթամշակույթի դեմ պայքար, և ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ պայքարն իրականացնում են:
«Տվյալները պարբերաբար ներկայացնում ենք, և առանց այդ տվյալների մեր աշխատանքը զրոյի կհավասարվեր: Մենք ունեցել ենք նաև դեպքեր ինքնասպանության փորձերի հետ կապված, որոնք ինքնասպանության փորձ են արել, բայց կենդանի են: Այժմ իրենք, իրենց ծնողները իրական պատճառները կարողանում են ներկայացնել, այդ ամենի մասին հանձնաժողովում խոսել եմ»,- ասաց նա:
Դավթյանի խոսքով` այդ դեպքերը ութն են, որոնք արձանագրվել են 2019 թվականի հունիսից մինչ այս ժամանակահատվածը:
Հարցին` որպես շտաբի պետ մեկ օրինակ կարո՞ղ է բերել, որ 13 զոհերից մեկի հետքերով գնացել է:
«13 զոհը որ շեշտում եք, միայն չորսը հիվանդության պատճառով է, և ամեն անգամ շահարկվում է, չորսը` դժբախտ պատահարի հետևանքով… և՛ թաղումներին եմ մասնակցել, և՛ զորամասերում եմ եղել, պարբերաբար լինում եմ, չեմ խորշում»,- ասաց նա:
«Մենք ունեցել ենք գնդապետի մահ հիվանդության պատճառով, 1993 թվականից ծառայող էր: Ինչ վերաբերում է սպանություններին, քրեական գործեր կան հարուցված, քննություն է ընթանում, ես հիմա ի՞նչ մեղավոր նշանակեմ ինչ-որ մեկին»,- հավելեց շտաբի պետը:
Անդրադառնալով զինված ուժերում կադրային փոփոխությունների վերաբերյալ հարցադրմանը, որի մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում, Արտակ Դավթյանը պատասխանեց.
«Կադրային փոփոխություններ կլինեն, որի մասին պաշտոնապես կլինեն հրամանագրեր, իսկ Արցախի պաշտպանության նախարարի հրաժարականի վերաբերյալ, կարծում եմ, դա մեր իրավասության խնդիրը չէ, ես չեմ կարող մեկնաբանել դրանք»:
Հարցին, թե ի՞նչ գնահատական կարող է տալ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի աշխատանքին, Արտակ Դավթյանն արձագանքեց, որ ՌՈ-ը շտաբի պետին չի ենթարկվում, ուստի գնահատական չի կարող տալ:
«Մենք համագործակցում ենք ռազմական ոստիկանության հետ, բայց ռազմական ոստիկանության կադրային և մյուս հարցերը շտաբի իրավասության ներքո չէ»,- ասաց նա:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել