
Վարորդին ծեծած ոստիկանի նկատմամբ կայացված արդարացման որոշումը բողոքարկվել է
2019թ․ օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է Ճանապարհային ոստիկանության ծառայող Արտակ Ղազարյանին, որին մեղադրանք էր առաջադրվել վարորդ Էդգար Դավթյանին ծեծելու համար։ Միջադեպը տեղի էր ունեցել 2015 թ․-ին, մեղադրանք առաջադրելուց հետո Արտակ Ղազարյանի լիազորությունները դադարեցվել են։
Էդգար Դավթյանը և նրա փաստաբանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը, գործը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում։
Այսօր նախագահող դատավոր Տիգրան Սահակյանի, դատավորներ Մհեր Մարաբյանի և Ռուզաննա Բարսեղյանի մասնակցությամբ մեկնարկեց դատական նիստը, որին Դավթյանի փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը և Հովսեփ Սարգսյանը ներկայացրին դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն։ Միջնորդության մեջ փաստաբանները նշել էին, որ դատավոր Բարսեղյանը Էդգար Դավթյանի քրեական գործով դատավարության ժամանակ եղել է նախագահող դատավոր։
Ինչպես է տուժող Էդգար Դավթյանը դարձել մեղադրյալ և դատապարտվել
Էդգար Դավթյանին ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել և հայտնել է, որ պետք է վարչական ակտ կազմի, քանի որ մեքենայի պետհամարանիշը փակցված չի եղել։ Ոստիկանների և Էդգարի մեջ քաշքշուք է սկսվել, Էդգարը հանել է գազային ատրճանակը, որպեսզի չմոտենան, սակայն ոստիկանները նրա ձեռքից վերցրել են այն։ Էդգարը «Հետքի» հետ զրույցում պատմել է, որ ոստիկաններից Արտակ Ղազարյանը քաշել է ձեռքից և ծնկով հարվածել ոտքին, սկսել գոռգռալ։ Նա փորձել է ձեռքը քաշել, սակայն Արտակ Ղազարյանը երկու անգամ հարվածել է գլխին։
Դեպքից հետո ճանապարհային ոստիկանության ծառայող Արտակ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով։ Մինչև գործը գտնվել է նախաքննության փուլում, 2016թ․-ի ապրիլին Էդգար Դավթյանի նկատմամբ ևս մեղադրանք է առաջադրվել, ՔՕ-ի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Էդգարի գործը քննվել է ավելի արագ, և կարճ ժամանակ անց՝ 2018-ի հունվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Էդգար Դավթյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, Էդգարի մեղադրական դատական ակտը հիմք ընդունելով՝ Արմավիրի դատարանը արդարացրել է Արտակ Ղազարյանին։ Էդգարի փաստաբանները բողոքարկել են դատապարտման ակտը, սակայն Վերաքննիչը՝ նախագահությամբ Ռուզաննա Բարսեղյանի, մերժել է բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։
Փաստաբաններն այս անգամ բողոք են ներկայացրել Արտակ Ղազարյանի արդարացման ակտի դեմ, Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կայացնել մեղադրական դատավճիռ։
Դավթյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ խաթարվել է արդարադատության բուն էությունը, փաստական հանգամանքները երկու գործում տարբեր ձևերով է ներկայացվել։ «Իրավունքի գերակայության տեսանկյունից Էդգար Դավթյանը դատապարտվել է մի արարքի համար, որը եղել է ոչ ամբողջական փաստական տվյալների հիման վրա, մյուս կողմից ճանաչվել է տուժող, ևս խախտվել է նրա իրավունքը, քանի որ ամբաստանյալի (Արտակ Ղազարյան) նկատմամբ արդարացման դատական ակտ է կայացվել՝ հղում անելով Էդգարի մեղադրական դատական ակտին»,- նշեց փաստաբանը։
Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ դատավոր Ռուզաննա Բարսեղյանը որոշեց բավարարել ինքանբացարկի միջնորդությունը, դատարանի կազմը որոշելու համար նիստը նշանակվեց մեկ այլ հերթի։
Մեկնաբանել