HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքապետերը ձկնաբուծարանների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն են տրամադրել

Արարատի եւ Արմավիրի մարզերում անօրինական գործող ձկնաբուծարանների մասին մեր հոդվածը հարյուրավոր սեփականատերերի շահերի էր առնչվում, բայց նրանցից միայն մեկը՝ «Հովյան» ՍՊԸ-ի սեփականատեր Երեմ Հովյանն արձագանքեց հրապարակմանը: Գայ համայնքում գտնվող նրա ձկնաբուծարանն իրական չափերից մեծ էինք ներկայացրել, եւ նա պահանջեց ուղղել սխալը: Ուղղեցինք, թեպետ համոզված չենք, որ սեփականատիրոջ ներկայացրած թվերն իրականությանն ավելի մոտ են: Ասվածը վերաբերում է նաեւ ինքնակամ կառուցված բոլոր մյուս ձկնաբուծարաններին, քանի որ կադաստրային չափագրումներ չեն կատարվել, եւ դրանք չեն օրինականացվել: 

Ձկնաբուծարաններին վերաբերող տեղեկատվության մեր առաջին աղբյուրը համայնքապետերն էին: Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը Երեմ Հովյանին հավաստիացրել էր, թե իր անունը չի նշել ցանկում: Իսկապես, համայնքապետի տրամադրած տեղեկատվության մեջ «Հովյան» ՍՊԸ-ի անունը նշված չէր: Վերջինիս եւ Գայ համայնքում գործող վեց այլ ձկնաբուծարանների գործունեության մասին տեղեկությունները հավաքել էինք՝ տարբեր աղբյուրներից ճշգրտումներ կատարելով, հավաքագրված տեղեկատվությունը միմյանց համադրելով: Հոդվածում օգտագործել ենք այն տեղեկությունները, որոնց ճշգրտությունը կասկած չէր հարուցում: Ըստ այդմ, Գայ համայնքում գործում է առնվազն 15 ձկնաբուծարան, իսկ համայնքի ղեկավարը ներկայացրել էր 8 անուն: Այդուհանդերձ, համոզված չենք, որ մեր ունեցածն ամբողջական ցանկ է: Հնարավոր է, որ էլի կան ձկնաբուծարաններ, որոնց անունները մեզ հայտնի չեն:

Պետական ոչ մի կառույց հաշվառում չի իրականացնում եւ ստույգ տեղեկատվություն չունի ձկնաբուծարանների քանակի, զբաղեցրած տարածքների չափերի եւ արտադրության իրական ծավալների մասին: Դրանց իրական քանակը լավ գիտեն համայնքների ղեկավարները, յուրաքանչյուրն՝ իր համայնքի մասով, բայց շատերը, իբրեւ արտադրության եւ զբաղվածության ճյուղ, անգամ փաստաթղթերում չեն նշում:  

Համայնքապետերից շատերը ձկնաբուծարանների վերաբերյալ պահանջված տեղեկությունները ներկայացրել էին ընտրողաբար՝ գործող ձկնաբուծարանների ցանկում յուրայինների անունները չէին նշել: Բացի այդ, կեղծ տեղեկատվություն էին տրամադրել ցանկում ընդգրկվածներից շատերի զբաղեցրած հողատարածքների մասին՝ նշելով, որ դրանք կառուցվել են արտադրական նշանակության հողատարածքների վրա, իսկ գործառնական նշանակությամբ ջրային հողեր են: Մինչդեռ պարզվեց, որ գյուղնշանակության հողերի վրա են կառուցվել: Գործող որոշ ձկնաբուծարանների մասին հայտնել էին, թե դադարեցրել են գործունեությունը եւ այլն: 

«Հովյան» ՍՊԸ-ի սեփականատիրոջը զայրացրել էր, որ մեզ հաջողվել է պարզել տարբեր համայնքներում իր բիզնես գործունեության փաստը: Համենայնդեպս, նրա զանգն օգտակար էր, քանի որ մեկ անգամ էլ անձամբ հաստատեց, որ սեփական գյուղատնտեսական նշանակության հողատարածքն է վարձակալության հանձնել իր հիմնադրած ընկերությանը՝ ձկնաբուծարան կառուցելու համար: Ընդունեց, որ ձկնաբուծարանում չափագրված 17,420 քմ շինությունն ինքնակամ կառույց է, որովհետեւ հողի նշանակությունը չի փոխել արտադրականի եւ տարակուսած էր, թե ո՞վ այս պահին գումարներ վճարելու պատմությունը մեջտեղ բերեց: 

Ե. Հովյանը հաստատեց նաեւ, որ Ռանչպար համայնքում նույնպես ձկնաբուծարան ունի: Ռանչպարի ձկնաբուծարանը, որը տարածքով անհամեմատ մեծ է, նույնպես գյուղատնտեսական նշանակության հողի վրա է կառուցված, շինության շատ փոքր մասն են օրինականացրել: 

Գայ համայնքի ղեկավարի տրամադրած ցանկում այլ անճշտություններ էլ կային. նշված էր, որ 8 ձկնաբուծարաններից 5-ը հողի նշանակությունը չեն փոխել, որը նշանակում է՝ դրանք օրինական կառույցներ չեն: «Հայաստանի ձկնաբույծների միություն» հ/կ նախագահ Արմեն Բունիաթյանի ձկնաբուծարանի վերաբերյալ հայտնել էր, թե հողամասի նշանակությունը փոխված է արտադրականի: Սակայն պարզեցինք, որ հողի մի մասն է փոփոխված, մեզ հավաստիացրին, որ «մաս-մաս» օրինականացնում է: 

Ռանչպար համայնքի ղեկավար Մանուկ Օհանյանը մեր գրավոր հարցմանը չպատասխանեց, չնայած մեկ անգամ էլ հեռախոսով հիշեցրինք անպատասխան գրության մասին: Այս անգամ ձեռնպահ մնացինք համայնքապետի անգործությունը դատական կարգով վիճարկելուց: Մ. Օհանյանը, թերեւս, կարծել էր, որ մեր հայցած տեղեկությունը չենք կարող ստանալ այլ տեղից, սակայն հրապարակված հոդվածը նրան, նաեւ՝ մյուս համայնքների ղեկավարներին, համոզեց, որ իրենց «բարի կամք» չդրսեւորելը որոշիչ չէ այս հարցում: 

Պաշտոնական տեղեկատվական տարբեր հարթակներում Ռանչպար համայնքում գործող 6 ձկնաբուծարանի անուն է շրջանառվում՝ Հակոբ Ստեփանյան Ա/Ձ, որը մեծ ձկնաբուծարան է համարվում, «Գոլդեն Ֆիշ-Կ» ՍՊԸ, Հովհաննես Մուրադյան Ա/Ձ, «Հովյան» ՍՊԸ, Սվետլանա Մանուկյան Ա/Ձ եւ այլք: Ցանկության դեպքում հնարավոր է ավելին ճշտել: Ոստիկանության փոխգնդապետ Մանուկ Օհանյանը, որը 2002թ.-ից Ռանչպար համայնքի ղեկավարն է, անցյալ տարի հայտնվեց իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Դատախազությունը հրապարակեց http://www.prosecutor.am/am/mn/7419/ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ստուգումների արդյունքում Ռանչպար համայնքում հայտնաբերված մի շարք օրինախախտումների մասին: Մասնավորապես, «2006-2007թթ. ընթացքում համայնքի ղեկավարի կողմից անցկացվել են առերույթ ձեւական բնույթ կրող աճուրդներ, որոնց արդյունքում համայնքի ղեկավարի մերձավորը համայնքի տարածքում ձեռք է բերել շուրջ 39 հա հողատարածքներ, որից շուրջ 6 հեկտարը՝ ձկնաբուծության նպատակով, 33 հեկտարը՝ գյուղմթերքների արտադրության նպատակով,  0.3 հեկտարը՝ բնակելի կառուցապատման նպատակով: Վերոգրյալ բոլոր դեպքերում աճուրդների մեկնարկային գները սահմանված են եղել կադաստրային արժեքների 30-50%-ի չափով»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Դատախազությունը հարուցված քրեական գործն ուղարկել էր Արարատի մարզի քննչական ծառայություն՝ քննություն իրականացնելու համար: Անցել է մոտ մեկ տարի, սակայն քննության արդյունքների մասին ոչինչ չի հրապարակվել:  

Սիփանիկ համայնքի ղեկավար Հրանտ Գեւորգյանը «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին պատկանող 7500 քմ ձկնաբուծարանի տարածքը ներկայացրել էր արտադրական նշանակության հողատարածք, այնինչ այն գյուղնշանակության հողատարածքի վրա է կառուցվել: Համայնքի ղեկավարը չէր կարող չիմանալ այդ մասին, որովհետեւ հողի նշանակությունն արտադրականի փոխելու եւ շինություններն օրինականացնելու համար հանրապետության խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունը մեծ գումարներ պետք է վճարեր համայնքային բյուջե: Մեր հաշվարկներով՝ նվազագույնը 9 մլն դրամ, հողի նշանակությունը փոխելու համար: Տարեկան 17 մլն դրամ բյուջե ունեցող Սիփանիկի համար այդ գումարն իսկական տոնակատարություն կարող էր լինել, այնպես որ համայնքի ղեկավարը չէր կարող աննկատ անցկացնել այդ փաստը: Մնում է պարզել, թե ինչո՞ւ է թաքցրել ճշմարտությունը:

Նորամարգ համայնքն առանձնանում է ձկնաբուծարանների մեծ թվով, թեպետ համայնքի ղեկավար Արման Թադեւոսյանը 5 ընկերության վերաբերյալ է տեղեկություններ տրամադրել: Նրա ցանկից դուրս են մնացել «Մասիս ձուկ», «Ֆիշարտ», «ԷԿՈ ՖՈՒԴ», «Ռիբարին», «Գարուն ինվեստ» ընկերությունները: «Գարուն ինվեստ» ՍՊԸ-ն, օրինակ, ձկնաբուծարանը կառուցել է իր սեփական հողամասում (Նորամարգ համայնքի 4 հասցեներում սեփականություն ունի) եւ 2018թ.-ին ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ) է ստացել 3 տարով, հետեւաբար, համայնքի ղեկավարը չէր կարող չնկատել նրա գոյությունը:  

Բացի այդ, Ա. Թադեւոսյանը ճիշտ չի ներկայացրել իր թվարկած ձկնաբուծարանների հողերի նշանակությունը՝ «Օմեգա-Ֆիշ ֆարմս» ՍՊԸ-ի 2 հա-ը ոչ թե ջրային հողեր են, այլ՝ գյուղվարելահող, «Ֆրեշ-Ֆիշ» ՍՊԸ-ի 5,09 հա-ը նույնպես գյուղվարելահող է: Երկու ընկերություններն էլ հողերի նշանակությունը չեն փոխել արտադրականի, ինչպես պահանջվում է ձկնաբուծարանների համար, հետեւաբար, համայնքային բյուջե գումարներ չեն վճարել: Համայնքապետը կոծկում է այդ փաստը, որովհետեւ այդպես է ստացվել նաեւ իր անգործության արդյունքում:

Արմավիրի մարզի նախկին դատախազի տեղակալ Ավագ Միքաելյանի հիմնադրած «Արթուր-Տաթիկ» ՍՊԸ-ն ձկնաբուծարաններ ունի Արմավիրի մարզի Ջրառատ եւ Արաքս գյուղերում, Արարատի մարզի Զորակ գյուղում: Ներկայում չի գործում միայն նրա ծննդավայր Արաքս գյուղում գտնվող ձկնաբուծարանը: Ի դեպ, Ավագ Միքաելյանը 2012-16թթ. եղել է Արաքս գյուղի համայնքապետը:

2019թ.-ին Ջրառատ եւ Զորակ գյուղերում գտնվող ձկնաբուծարանների համար ընկերությանը տրված ՋԹ-ն երկարացվել է մինչեւ 2022թ.-ը: Զորակ համայնքի ղեկավար Մանուկ Մալոյանը մեզ պատասխանել էր, որ մոտ 1 հեկտար տարածք զբաղեցնող ձկնաբուծարանն ինքնակամ շինություն է, սակայն չի գործում: Համայնքապետը տեղեկատվություն չէր տրամադրել նաեւ Համլետ Թադեւոսյանին պատկանող 1 հա ձկնաբուծարանի վերաբերյալ: Վերջինիս մասին նա ինքնաբերաբար հայտնեց հարցազրույցի ժամանակ, իսկ «Արթուր-Տաթիկ» ՍՊԸ-ի մասին նշեց, որ վաճառել է ձկնաբուծարանը, նոր սեփականատերը դեռեւս ձգձգում է օրինականացման գործընթացը: Ընթերցողներից մեկը համայնքապետի կողմնակալ մոտեցման մասին գրառում էր թողել մեր նախորդ հրապարակման տակ: 

Մեր գրությունն անպատասխան թողեց նաեւ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը: Այս համայնքում մեծ թվով ձկնաբուծարաններ են գործել, մեզ մեկ տասնյակ անուններ են հայտնի այս համայնքի ձկնաբուծարաններից, բայց ստույգ չենք կարող ասել, թե այս պահին քանիսն են գործում: Համայնքապետը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ դրանց թիվը գնալով պակասել է ջրի ծավալների նվազման պատճառով: Բայց գրավոր չպատասխանեց, թե իրականում քանիսն են գործում: «Արթուր-Տաթիկ» ՍՊԸ-ից բացի, Ջրառատ համայնքում է գործում «Սասունցի Դավիթ» ՍՊԸ-ն, որը ձկնաբուծարանի համար ՋԹ-ն ստացել է 2017թ.-ին եւ 6 գործող հոր ունի: Ընկերությունը նաեւ ձուկ արտահանելու թույլտվություն է ստացել 2018-ին եւ սիբիրյան թառափ է արտահանում Ռուսաստան: 

Սայաթ-Նովա համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանը 6 ընկերության անուն է ներկայացրել՝ բոլորի զբաղեցրած հողատարածքների նշանակությունը նշելով՝ գյուղարտադրական, գործառնական նշանակությունը՝ ջրային: Հայտնել է նաեւ, որ ընկերությունները, բացառությամբ մեկի, ձկնաբուծարանները հիմնել են իրենց սեփական հողատարածքներում: Մինչդեռ, Կադաստրից ստացված տեղեկատվության համաձայն, Սայաթ-Նովա համայնքում գործող «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ի անվամբ որեւէ անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցում չի կատարվել:

«Մասիս ձուկ» ՍՊԸ-ն հողատարածքն օգտագործում է անհատույց օգտագործման իրավունքով:

«Բլեք Դայմոնդ» ՍՊԸ-ն 2,73 հա ձկնաբուծարանի հողը վարձակալել է:

«Բիգամա-Ֆրուտ» ՀՌ ՀՁ-ն հողամասը վարձակալության իրավունքով է զբաղեցնում, իսկ շինությունները գրանցված են որպես սեփականություն: Այս դեպքի ամենահավանական բացատրությունն այն է, որ հողի նշանակությունը չի փոխվել, իսկ շինություններն օրինականացնելու համար վճարումներ կատարել են: Սրանք տնտեսվարողներին բնութագրող էական հանգամանքներ են:

Սիս համայնքի արդեն նախկին ղեկավար Արմեն Եղյանը համայնքում գործող 9 ձկնաբուծարանի անուն էր ներկայացրել: Ըստ Ա. Եղյանի, բոլոր 9 ձկնաբուծարանները գործում են ջրային հողերում եւ իրենց նշանակությամբ ի սկզբանե ջրային հողեր են եղել: Համայնքի նոր ղեկավարը 30 ձկնաբուծարանի ցանկ է ներկայացրել (դրան կանդրադառնանք առանձին հրապարակումով):

Մեր նախորդ հոդվածն այն մասին էր, որ ձկնաբուծարանները թույլատրվում է կառուցել արտադրական նշանակության հողերի վրա, մինչդեռ դրանք գյուղնշանակության հողերի վրա են կառուցված՝ չհաշված փոքր բացառությունները: Ձկնաբույծները հողերի նշանակությունը չեն փոխել, որովհետեւ այդ դեպքում կադաստրային արժեքի տարբերությունը պետք է վճարեին համայնքային բյուջե: Արդյունքում, համայնքները զրկվել են հարյուրավոր միլիոնների հասնող եկամուտներից, իսկ ձկնաբույծներն, օգտվելով ընձեռված հնարավորությունից, ընդլայնել են ձկնաբուծարանների տարածքը՝ միաժամանակ ջրազրկելով Արարատյան դաշտի ընդերքը: 

Քանի որ այս ծավալի օրինախախտումները հնարավոր են դարձել նաեւ համայնքապետերի թողտվությամբ, բնականաբար, նրանց համար ցանկալի չէ հանրությանը ներկայացնել իրենց թերացումները: Բայց, թերեւս, չեն մտածել, որ իրենց թաքցրած  տեղեկատվությունը հնարավոր է ճշտել նաեւ այլ աղբյուրներից, իսկ դատական ճանապարհով ձեռք բերելու դեպքում նաեւ նյութական կորուստներ կունենան:

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
ոմանց մտածելակերպով որ նայես, սա ինչ խնդիր է որ, ավելի լուրջ հարցերով են զբաղված, հա մի երկու ձևական վարույթ և հերթական անգործություն, կմոռացվի կեթա, դա է լինելու,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter