
Մհեր Պողոսյան. «Փորձում եմ առաջին հերթին Ալեքսին աջակցել»
Հունվարի 27-ից Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանը հացադուլ է հայտարարել՝ սատարելու քարվաճառցի հասարակական գործիչ Ալեքսանդր Քանանյանին:
Հունվարի 21-ից հացադուլ հայտարարած Քանանյանը պահանջում է Քարվաճառի (Շահումյանի) շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնել, շինտեխնիկան կառուցման վայրերից հեռացնել, արցախյան հէկաշինության, բնապահպանական եւ ֆինանսական բնույթի հանցագործությունները քննող, լայն ներկայացուցչականությամբ, թափանցիկ հանձնաժողով ստեղծել:
«Փորձում եմ առաջին հերթին Ալեքսին աջակցել: Մի քանի օր անց միացել եմ նրա հացադուլին՝ հավատալով իր՝ անաշահախնդիր, առանց որևէ անձնական շահի բռնած գործին: Ոնց իմ հայրն է զոհվել պատերազմում՝ կրակակետից ընկերոջը հանելու ժամանակ, այնպես էլ ես եմ ուզում իմ ընկերոջ արդար պահանջին միանալ: Ինչ էլ լինի, թող երկուսիս լինի: Դրանից հետո հետաքրքրվել եմ՝ իմացել, որ իրավիճակը շուտ լուրջ է, ջրի խնդիր կա, բնակավայրերին մոտիկ ապօրինի հէկեր կան կառուցված, որոնք ջրի հարկ չեն տալիս, ջրաչափեր չկան»,- մեզ հետ զրույցում այսօր ասած Մհեր Պողոսյանը: Վերջինս նախկինում Քանանյանին անձնապես չի ճանաչել, ծանոթացել է այս օրերին:
Ըստ Մհեր Պողոսյանի՝ այդ հարցը բոլորիս է վերաբերում, բոլորի խնդիրն է. «Մեր հող ու ջրի համար հայրս ու հորեղբայրս զոհվել են, հորս զոհվելուց հետո մայրս է մասնակցել պատերազմին՝ անձամբ մասնակցել Քարվաճառի համար մղվող մարտերին: Դրա համար չեմ կարող անտարբեր լինել այդ խնդիրներին, մենք պիտի մեր բնությանը տեր կանգնենք։ Նոր հէկ չպիտի կառուցվի: Իսկ կիսակառույց հէկերի ճակատագրերը՝ չգիտեմ, պարզ է, որ պիտի այդպես էլ կիսատ մնան կամ քանդվեն»:
Երեկ Արցախի կառավարությունը հայտարարություն է տարածել հանձնաժողովի ստեղծման մասին՝ հէկերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ուսումնասիրելու համար:
Մի քանի ժամ առաջ Ալեքսանդր Քանանյանը իր ֆեյսբուք էջում գրել է, որ բանակցությունները դժվար են ընթանում, բայց հույս կա, որ այսօր կամ վաղն իրավիճակը վերջնականապես կհստակեցվի։
Մեկնաբանել