
Մարզպետները կառավարությանն են փոխանցել սպանդանոցային մորթից դժգոհողների անհամաձայնությունները եւ պահանջները
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 24-ին ամփոփել են սպանդանոցային պարտադիր մորթի գործընթացում մարզերից հավաքագրված խնդիրները: Քննարկումից օրեր առաջ, մարզպետարաններում հանդիպումներ էին կազմակերպվել կառավարության որոշումից դժգոհ բնակչության հետ, որի ժամանակ մարզպետները լսել են նրանց անհամաձայնությունները եւ պահանջները:
Մարզպետարանների կայքէջերում այս հարցին վերաբերող տեղեկատվություններն ամփոփելով կարող ենք նշել, որ անասնապահներն ու մթերում իրականացնողները (միջնորդները) բոլոր տեղերում, հիմնականում, երկու դժգություն են ունեցել՝
- սպանդանոցերը մարզերում անհավասարաչափ են տեղաբաշխված, եւ այդ հանգամանքով պայմանավորված լրացուցիչ ֆինանսական բեռ են ստանձնելու: Գյուղացին մսի արժեքի կեսը զիջում է միջնորդին ու վերավաճառողին եւ չի ցանկանում ստանձնել նաեւ կենդանուն սպանդանոց տեղափոխելու ծախսերը: Միջնորդները նույնպես չեն ցանկանում ստանձնել այդ բեռը:
- Նրանց համար ընդունելի չեն սահմանված մորթի գները եւ զգուշացնում են, որ դրանից կբարձրանա մսի արժեքը:
Հիշեցնենք, որ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) եւ սպանդանոցների միջեւ ստորագրված հուշագրի համաձայն՝ նախատեսվում է 30 կմ շառավղով հեռավորությունից 3 եւ ավելի կենդանիները տեղափոխել անվճար: Կենդանու մորթի արժեքը հաստատվել է առավելագույնը 10 հազար դրամ՝ խոշոր եղջերավորի համար, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի, 5000 դրամ՝ խոզի համար:
ՍԱՏՄ տարածած հայտարարության համաձայն՝ 2020 թ.-ի հունվարի 15-ից գործողության մեջ էր դրվելու Կառավարության 2019 թ. փետրվարի 15-ի N 142-Ն որոշումով սահմանված կենդանիների մորթը պարտադիր սպանդանոցներում իրականացնելու որոշումը: Սակայն, պարզվեց, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան, բացի այդ, դրանք շատ անհամաչափ են տեղաբաշխված (սպանդանոցների քանակի եւ բաշխվածության գրաֆիկական պատկերներին ծանոթացեք այս հղումով):
Հանրապետության ամենամեծ մարզում՝ Գեղարքունիքում, ընդամենը 2 սպանդանոց է գործում, սակայն մարզպետարանը, կարծեք թե, անհանգստացած չէ այդ հանգամանքով, այստեղ քննարկում չի իրականացվել:
Սյունիքում նույնպես 2 սպանդանոց կա, երկուսն էլ Կապան համայնքում են գտնվում, սակայն այս պահին նրանցից մեկն է մորթ իրականացնում: Նկատի չի առնվել, որ մսի հիմնական մատակարարը Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններն են, որտեղ սպանդանոց չկա։
Արագածոտնի մարզի միակ սպանդանոցը Ապարան համայնքում է գտնվում, եւ այն կսկսի շահագործվել արդիականացման եւ կազմակերպչական որոշ հարցեր լուծելուց հետո: Մարզպետարանում ընդունել են, որ նոր սպանդանոցներ հիմնելու անհրաժեշտություն կա:
Բոլորին հասանելի սպանդանոցներ ունենալու հարցը քննարկվել է նաեւ Արարատի մարզում: «Մեր մարզի մասշտաբներով կարող եմ ասել, որ օրինակ, Զանգակատուն համայնքից մինչեւ Մասիսի սպանդանոց հասնելն անհարմարություն կստեղծի մեր գյուղացիների համար ...»,- նշել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Արմավիրի մարզում 4 հիմնական եւ 1 շարժական սպանդանոց է գործում, մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հավանական է համարել շատ կարճ ժամանակահատվածում եւս 10-ը նոր սպանդանոց կառուցելը:
Կոտայքի մարզպետի տվյալներով՝ մարզում գործում է 7 սպանդանոց («Հետք»-ի տվյալներով՝ 11-ը), որտեղ կան բոլոր հնարավորությունները գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնելու համար: Թե ինչու են հանրապետության մարզերում այդքան անհամաչափ կառուցվել սպանդանոցները, հայտնի չէ, սակայն Կոտայքը միակն է, որտեղ ներկայացված պատճառաբանությունները չեն կարող տարածվել եւ առանց հետաձգելու կենդանիների մորթը կարող է իրականացվել:
ՏԿԵ նախարարությունում քննարկման մասնակիցները՝ էկոնոմիկայի նախարարը, մարզպետները եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների ղեկավարներն, ընդունել են, որ հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանին անպատրաստ են: Նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քննարկման ժամանակ Կառավարության անդամները գործընկերների ուշադրությունն են հրավիրել մարզերում առկա սպանդանոցների քարտեզագրման («Հետք»-ն արդեն քարտեզագրել է, հեղ.), անհրաժեշտ նվազագույն հեռավորության վրա գտնվող սպանդանոցների առկայության, համայնքներում դրանց կարիքի գնահատման, փոքր եւ շարժական սպանդանոցների հասանելիության հարցերին:
Մասնակիցները քննարկել են նաեւ սպանդանոցներ կառուցելուն եւ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելուն ուղղված ֆինանսավորման հարցերը, ներկայացվել են լիզինգի եւ վարկերի սուբսիդավորման՝ այս պահին առկա պետական աջակցության ծրագրերը: Նրանք հաստատակամ են գտնվել, որ միանշանակ պետք է անցում կատարվի սպանդանոցային մորթին, սակայն վերը նշված պայմաններն ապահովելուց հետո։ Հիշեցնենք, որ մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը՝ պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու վերջնաժամկետը, բացառությամբ Երեւան քաղաքի սուպերմարկետների եւ Երեւան քաղաքի ռեստորանների, հանրային սննդի ցանցի, հանրապետության մյուս հատվածներում մորթը կիրականացվի նախկին ձեւով:
Մեկնաբանել