
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ առանց աշխատակազմի, կայքէջի ու հայտարարագրերի ձևանմուշների
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Օրենքով սկզբնական նախատեսվածից մոտ մեկ տարի ուշ գործելու պարագայում էլ, պարզվում է, բազմաթիվ չլուծված հարցեր կան:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չունի առանձին շենք և գործունեություն է ծավալում Անվտանգության խորհրդի շենքում՝ նախկինում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հատկացված 5 սենյակներում: Բացի այդ, հանձնաժողովը չունի կայքէջ և իրազեկման գործընթացն իրականացնում է ֆեյսբուքյան էջում, մինչդեռ օրենքով նախատեսված է, որ հանձնաժողովն իր որոշումներն ու այլ ակտերը պետք է հրապարակի պաշտոնական կայքէջում:
Հաստատված չէ հանձնաժողովի աշխատակազմը, հաստիքացուցակը և այժմ աշխատում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կադրերի հետ, թեև այդ հանձնաժողովների գործունեության մեջ բովանդակային տարբերություններ կան, ուստի համալրումը հանձնաժողովի աշխատանքի կարևորագույն բաղկացուցիչն է:
Այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է 4 անդամով, մինչդեռ հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից: Աժ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ չի առաջադրել հանձնաժողովի անդամի իր թեկնածուին այն բանից հետո, երբ լիազորությունները դադարեցնելու դիմում ներկայացրեց խմբակցության կողմից առաջադրված և ընտրված անդամ Էդգար Շաթիրյանը:
Էլեկտրոնային համակարգում հասանելի չեն 2019թ. գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերը, քանի որ տարեկան, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու և պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձևերը հաստատելու վերաբերյալ Կառավարությունը դեռևս որոշում չի ընդունել:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, «Հետք»-ի հետ զրույցում հայտնելով իր սուբյեկտիվ կարծիքը, նշեց, որ անհրաժեշտ է հետ գնալ և գնահատական տալ էթիկայի հանձնաժողովի գործունեությանը, այն համատեքստում, որում գործել է:
Ըստ Հայկուհի Հարությունյանի՝ հեղափոխությունը վերահաստատել և ընդգծել է, որ պետական բոլոր այն ինստիտուտները, որոնք նախկին ռեժիմի պայմաններում գործել են, ունեցել են հստակ նպատակ, որը տարբերվել է պետական շահերի պաշտպանությունը լավագույնս ապահովելու նպատակից և ունեցել է կոնկրետ շահերի կամ խմբերի պաշտպանության առաքելություն:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ օրենքը գրվել է նախկին ռեժիմի պայմաններում: Այսինքն, օրենքը հեղափոխությունից հետո, կոռուպցիայի կանխարգելման գործունեության տեսանկյունից, բովանդակային փոփոխությունների քիչ է ենթարկվել: Ընկալումները, թե դա ինչ մարմին է, ինչ տեսակի գործառույթներով պետք է օժտված լինի, եթե համեմատենք հակակոռուպցիոն ռազմավարությունը և օրենքը, կտեսնեք, որ այնտեղ տարբերություններ կան։ Ռազմավարությունը, որն արդեն իսկապես որդեգրեց կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումը, հայտնում է հանձնաժողովի գործունեության և մոդելների վերաբերյալ որոշակի պատկերացումներ, օրենքը՝ ոչ»,- ասում է Հ. Հարությունյանը:
Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի՝ հանձնաժողովը ձևավորվեց այն հայեցակարգով, որը նախատեսված էր օրենքով և իրականության մեջ ստանձնել են ռազմավարությամբ նախատեսված խնդիրները լուծելու պարտականությունը: Այստեղ է, որ հնարավոր չի եղել ապահովել ադապտացման գործընթացը:
Հանձնաժողովը սկսել է գործել նոյեմբերի վերջից, սակայն օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ: Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծում փոփոխությունների առաջարկ կա նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, քանի որ օրենքի պրակտիկ կիրառման ժամանակ ի հայտ են եկել բացթողումներ:
Հայկուհի Հարությունյանը նշեց, որ օրենքի փոփոխություններ են ներկայացվել նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցության կողմից:
«Մենք բացում ենք օրենքը, որ կիրառենք, տեսնում ենք, որ դրա հետ կապված մեկ այլ օրենքում ժամկետը սպառվել է կամ առհասարակ կարգավորում չունի: Մենք անընդհատ այդ շրջապտույտի մեջ ենք»,-հավելում է Հայկուհի Հարությունյանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը համաձայն չէ այն մտքի հետ, որ հանձնաժողովն արդեն ձախողել է իր աշխատանքը:
«Մենք ամենավերջինը կհանձնվենք կամ կհամաձայնենք այն մտքին, որ հանձնաժողովը ձախողել է, կամ ձախողելու է: Օբյեկտիվորեն, անկախ մեր շատ բարձր ակնկալիքներից և պատկերացումներից և հանրության սպասումներից, պետք է դիտարկել, որ սա օրինաչափ գործընթաց է: Հանձնաժողովը բաց է ցանկացած քաղաքացու առջև, նոր է ձևավորվում: Այն պատկերացումն ու ակնկալիքը, որ կա, թե եկել ենք ընդամենը գործող համակարգը շարունակելու, բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Հստակ է, որ սա ամբողջությամբ նոր ձևավորված կառույց է, թե իր տեխնիկական, թե բովանդակային գործառույթների առումով»,- նշում է Հայկուհի Հարությունյանը, հավելելով, որ այն գործողությունները, որ արել են այս ժամանակահատվածում ձախողման համար ցուցիչ չեն կարող հանդիսանալ: Ավելին, ըստ նրա՝ ճիշտ հակառակը, ավելին են անելու, քան ակնկալիքներն են:
Հայկուհի Հարությունյանն ասում է, որ ունեն վեցամսյա ժամանակահատվածի անհրաժեշտություն, որից հետո կարող են խոսել հանձնաժողովի հնարավոր ձախողման մասին, և այս պահին իրենց օրակարգից բացակայում է ձախողումը:
Այս տարի առաջին անգամ պաշտոնատար անձինք ներկայացնելու են նաև շահերի հայտարարագիր: Հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցինք՝ ունե՞ն բավարար գործիքակազմ հայտարարագրված տվյալների արժանահավատությունը և ամբողջականությունը ստուգելու, վերլուծելու համար:
Հայկուհի Հարությունյանը նշեց, որ իրենք կաշկանդված են շահերի բախմանը վերաբերող օրենքով տրված ձևակերպումներից, սակայն այս պահին ամբողջ ծավալով արագ փոխելու հնարավորություն չկա, որպեսզի շահերի դասական արտահայտումը ձևակերպվի օրենքում և կարողանան տվյալների հավաքագրումն այդ սխեմայով իրականացնել: Սակայն, նշեց, որ այն սխեման, որ դրել են հայտարարագրի ձևանմուշի օրինակի մեջ և դրա լուծման էլեկտրոնային տարբերակով փորձելու են հնարավորության առավելագույնի չափով տվյալները ստանալ, իսկ վերլուծության գործիքակազմը մնալու է նույնը, ինչ մյուս հայտարարագրերի մասով: Հույս ունեն, որ օգտվելով լրացուցիչ հարցումներ և ուսումնասիրություններ կատարելու իրենց հնարավորությունից՝ օրենքով չսպառած ձևակերպումը «կծածկեն» լրացուցիչ ուսումնասիրություններով և տեղեկատվության ստացումով:
Հանձնաժողովի նախագահի մտավախությունն այն է, որ գուցե հնարավոր չլինի ամբողջական տեղեկատվությունը ստանալ ավտոմատացված կարգով և ձեռքով աշխատանքը մեծ բաժին կկազմի, ինչի հետ կապված էլ փոքր ծավալ կկազմեն շահերի հայտարարագրերի ուսումնասիրությունները:
«Այստեղ մեզ համար կարևորը սկզբունքն է և ինստիտուտցիոնալ մոտեցումը: Եթե նույնիսկ 10 հայտարարագիր կարողանանք իդեալական տարբերակով վերլուծել, կարծում եմ մնացած 9000-ը որևէ ձևով տարբերակված մոտեցման չեն արժանանա: Այստեղ ավելի շատ որակի վրա ենք շեշտը դնում, քան՝ քանակի»,- նշում է Հայկուհի Հարությունյանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ շահերի հայտարարագրման վերլուծության հավաքագրման համար էլ ներդրվի ազդարարման ինստիտուտը: Այն հնարավորություն կտա դուրս մնացած շահերը ուշադրության կենտրոնում պահել նաև հանրության աջակցությամբ:
Հայկուհի Հարությունյանի հետ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:
Մեկնաբանել