
Ովքե՞ր են դառնում բանտի իրական տերերը
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Քրեական ենթամշակույթի դեմ իշխանությունները ներկայումս պայքար են հայտարարել: «Քրեական ենթամշակույթ» հասկացության վերաբերյալ տարատեսակ կարծիքներ և մեկնաբանություններ կան: Որոշ մոտեցումների համաձայն, այն ծնունդ է առել Խորհրդային միության ազատազրկման վայրերում: Նման մի վայրում գտնվում եմ արդեն 24-րդ տարին: Անկախ այս հանգամանքից, ինձ և այլ դատապարտյալների, ովքեր որևէ կերպ չեն հարում քրեական ենթամշակույթին, այսինքն` չեն ապրում այդ կյանքով և օրենքներով, այդ ենթամշակույթի կրողները համարում են попутный пассажир: Այսինքն` նրանք բանտը համարելով իրենց տունը` բոլոր մնացածներին` կյանքի այս կամ այն դժվարին իրավիճակում հանցանք կատարած, բայց հանցանքն իրենց ապրելակերպը չհամարող մարդկանց, ինչպես նաև անմեղ մեղավորներին համարում են ուղղակի «ժամանակավոր ուղևորներ» իրենց «գնացքում»: Այս տարիներին շփվել եմ բանտի բազմաթիվ ժամանակավոր կամ մշտական բնակիչների, նաև մի քանի օրենքով գողերի հետ: Այսօր ձեզ եմ ներկայացնում մի քանի խնդիրներ, նաև պատկերացումներ այս թեմայով:
Նախ, հարկավոր է հստակ տարանջատել` գողական համայնքը (воровское сообщество) այլ բնույթի խմբերից, որոնք կարող են լինել ահաբեկչական, մաֆիոզ, նառկոսինդիկատների, պոռնոբիզնեսով զբաղվող հանցագործ խմբավորումների տեսքով, ինչպես նաև այլ ձևերով հանդես գան: Ներկայումս քրեական ենթամշակույթն առավելապես ընկալվում է այսպես կոչված «գողականի» համատեքստում, քանի որ «սովորական» ազատազրկվածները, որպես կանոն, համախմբվում և ենթարկվում են այս համայնքի պարագլուխներին, որոնց խորհրդային միությունից եկած իներցիայի ուժով անվանում են «օրենքով գողեր»: Որքանով ինձ հայտնի է, Խորհրդային միությունում ձևավորված այս ինստիտուտի հեղինակությունները չեն ունեցել անձնագրեր, չեն կազմել ընտանիքներ, չեն ունեցել անձնական սեփականություն, բիզնեսներ: Այսինքն` իրենց շուրջ համախմբվելն եղել է առավելապես գաղափարական, որի էությունը կայացել է նրանում, որ չեն աշխատել և ապրուստը վաստակել են գողության միջոցով: Գաղափարախոսության առանցքում եղել է այն, որ, որպես կանոն, գողացել են պետական չինովնիկներից, պետությունից` բանկեր են թալանել, մեծահարուստներին, այսինքն՝ նրանց, ովքեր հարստացել են հասարակ ժողովրդի հաշվին:
Այս ոլորտն ուսումնասիրող մասնագետների, նաև հասարակ մարդկանց կարծիքով` ներկայումս «օրենքով գողեր» որպես այդպիսին գրեթե չկան դասական առումով, որ չունենան անձնագրեր, գույք, ընտանիք և այլն: Կա նաև այն տեսակետը, որի համաձայն Խորհրդային միությունում «օրենքով գողերի» ինստիտուտը ստեղծվել էր հենց պետության կողմից, որպեսզի հեշտ լիներ հսկողության տակ պահել տարաբնույթ հանցագործ աշխարհը:
Թե ինչպիսին է այս հարցի կապակցությամբ պատկերը ներկայիս Հայաստանում ազատության մեջ, ես չեմ կարող որևէ վերլուծության ենթարկել: Ինչ վերաբերում է ազատազրկման վայրերին, ապա պատկերը հետևյալն է: Կա բանտի վարչակազմ և կան բանտախցերում փակված մարդիկ: Կարո՞ղ է արդյոք վարչակազմը 24-ժամյա ռեժիմով վերահսկել բանտախցերում գտնվող հարյուրավոր բանտարկվածների փոխհարաբերությունները: Պատասխանը` ոչ: Այս իրավիճակում ովքե՞ր են դառնում բանտի իրական տերերը: Պատասխան` նրանք ովքեր բանտը համարում են իրենց տունը: Սրան գումարած նաև կոռուպցիոն ռիսկերը համակարգում` բացում են գրեթե բոլոր դռները քրեական ենթամշակույթի դիմաց:
Առաջին հայացքից պատկերը թվում է անելանելի: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ինչպես ամեն բնագավառում, այդպես էլ քրեական ենթամշակույթում շատ բան կախված է լինում անհատներից: Նույն դաժանագույն 90-ականներին ես ականատես եմ եղել, որ 2 քրեական հեղինակություններ արգելում էին որևէ կերպ կաշառք տալ վարչակազմին և ճիշտ հակառակ պատկերն եմ նկատել ավելի ուշ ժամանակաշրջանում: Եվս մեկ կարևոր խնդիր էր առկա այն ժամանակներում` «օրենքով գողերը» կարող էին ինչ-որ չափով երաշխավոր լինել, որ վարչակազմի կողմից բռնություններ չկիրառվեն ազատազրկվածների նկատմամբ: Ինչևէ, խնդիրը իրականում բավական բարդ է: Եթե ներկայումս պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ, ապա ազատազրկման վայրերում ներքին կարգն ու կանոնը վերահսկելու այլ մեխանիզմների ներդրում է հարկավոր:
Այս խնդրի լուծումը ես տեսնում եմ հետևյալ կերպ: Անհարժեշտ է հանրապետության տարածքում ունենալ 2 տարբեր տիպի ազատազրկման վայրեր: 1-ին տիպում կպահվեն նրանք, ովքեր պաշտոնպես հայտարարում են, որ չեն ցանկանում ապրել հանցագործ կյանքով և չեն ընդունում քրեական ենթամշակույթը: Այս տիպի հիմնարկներում առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն դատապարտյալների համար, այսինքն` իրականում կխրախուսվի դրական վարքագիծը, բարենպաստ պայմաններ կլինեն աշխատանքի, ուսման, ստեղծագործելու համար: 2-րդ տիպի հիմնարկներում կպահվեն այն դատապարտյալները, ովքեր փաստացի ապրում են քրեական ենթամշակույթի օրենքներով: Այս հիմնարկներում կապահովվեն միաջազգային չափորոշիչներով նվազագույն պայմաններ, սակայն խիստ վերահսկողություն կիրականացվի և համապատասխան ծրագրեր այս անձանց աշխարհայացքը փոխելու ուղղությամբ: Ինքնին այս տարանջատումը քրեական ենթաշակույթը կրողներին նախ կզրկի ապօրինի ֆինանսական միջոցներ ձեռք բերելու հնարավորությունից և մեծ հավանականություն կառաջանա ձգտելու աշխատանք ունենալուն, ինչը արդեն կնաշանակի, որ կարող են տեղափոխվել այլ տիպի հիմնարկ: Նախ և առաջ հենց աշխատանքի պարտադիր լինելն է վերասոցիալականացման ծրագրերի արդյունավետության նախապայամանը:
Այս ծրագիրն իրականացնելու համար ամենևին էլ հարկավոր չէ նոր բանտեր ստեղծել, պարազապես հարկավոր է կյանքի կոչել հանցագործ ուղղին բռնած և դրանից հրաժարվող դատապարտյալների տարանջատման սկզբունքը: Համոզված եմ` բանտերի քանակը կսկսի կրճատվել: Նախորդ իշխանությունները գնում էին նոր բանտեր կառուցելու ճանապարհով: Հուսով եմ, որ ներկա իշխանությունները կհրաժարվեն այդ արատավոր երևույթից և իրականում կկանախրգելեն հանցագործությունները` արդյունավետ մոտեցումներով, ինչպեսին ներդրված է զարգացած, ժողովրդավարական եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Բելգիայում, Հոլանդիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում քրեակատարողական համակարգերի հատուկ քաղաքականության շնորհիվ:
Մեկնաբանել