HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սյունիքում անգամ հյուրանոցներ են կառուցում առանց քաղաքաշինական փաստաթղթերի

Համայնքներում բնակիչները բնակելի եւ արտադրական շինությունները, շատ հաճախ, կառուցում են առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, առանց հողի նշանակությունը փոխելու եւ նույնիսկ, իրենց սեփականությունը չհանդիսացող հողատարածքների վրա: Այդպիսի փաստեր է արձանագրել Կառավարության ենթակայության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Սյունիքի մարզի Տաթեւ եւ Կապան համայնքներում: 

2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների ժամանակ, տեսչությունը հիշյալ երկու համայնքներում խախտման 34 դեպք է արձանագրել: Խախտումների վերաբերյալ տեսչական մարմինը ակտ է կազմել եւ  650 000 դրամ տուգանք է նշանակել: Միաժամանակ, բացահայտված խախտումները վերացնելու եւ պատասխանատու պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին:

Հայտնաբերվել են՝ հողամասի նպատակային նշանակության խախտման 14 դեպք, հողամասի գործառնական նշանակության խախտման 7 դեպք, օտարման կարգի խախտման 6 դեպք, առանց  ճարտարապետահատակագծային առաջադրանքների օտարման 7 դեպք։

Տաթեւ համայնքում իրականացրած փաստաթղթերի ստուգմամբ եւ տեղազննությամբ պարզել են, որ Շինուհայր եւ Հալիձոր գյուղերում քաղաքացիներն իրենց սեփական հողամասերում խանութներ, հյուրանոցներ, հանգստի գոտի են կառուցել: Տաթեւ գյուղում քաղաքացին գյուղնշանակության հողամասում լիճ է կառուցել եւ այլն: Նույն գյուղերում աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացիներին օտարվել է բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասեր՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելու եւ այլն:

Տեսչական մարմինն անցնող տարում ստուգումներ է իրականացրել նաեւ Կապան համայնքի մի շարք բնակավայրերում: Խախտումների քանակով աչքի է ընկել Սյունիք գյուղը: «Պարզվել է, որ 2014 թ.-ին Սյունիք գյուղում, տեսչական ստուգման ակտում արձանագրվել է, որ ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողամասում գործում է հասարակական նշանակության օբյեկտ՝ գիշերային ակումբ: Այն մինչ օրս գործում է:  Կապան համայնքի ղեկավարը նշված հասցեում նաեւ զվարճանքի կենտրոն բացելու, ոգելից եւ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ վաճառքի թույլտվություն է տրամադրել»,- տեղեկացնում է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչությունը:

2014 թ. Սյունիք գյուղում մեկ այլ տեսչական ստուգման արդյունքում կազմված ակտում  արձանագրվել է, որ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող գյուղնշանակության վարելահողում գործում է ավտոմեքենաների վերանորոգման կետ: Այն մինչ օրս շարունակում է գործել:

Սյունիք գյուղում գտնվող ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գյուղնշանակության հողամասում, առանց նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են գոմեր: Այլ դեպքերում՝ գյուղնշանակության հողամասում, տեղադրվել է արտադրական նշանակության տեխնիկա (կոպճա-խճաղաց), մի քաղաքացի ինքնակամ հանգստի գոտի է կառուցել, մեկ ուրիշը՝ բնակելի նշանակության կառույց եւ այլն:

Կապան քաղաքում քաղաքացու սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նշանակության հողամասերում, առանց գործառնական նշանակության փոփոխության գործում է հյուրանոց:

Նորաշենիկ գյուղում քաղաքացին ինքնակամ սննդի օբյեկտ է կառուցել:

Մի շարք օրենքների եւ կառավարության որոշումների պահանջները խախտվելու փաստով տեսչական մարմնի ղեկավարը Սյունիքի մարզպետին միջնորդություն է ներկայացրել՝ վարչական պատասխանատվության ենթարկել հիշյալ համայնքներիի պաշտոնատար անձանց:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2019 թ. հոկտեմբերի 30-ին Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով պետական բյուջե վճարել 350 հազար դրամ: Որոշումը կայացրել է հողամասերի նպատակային եւ գործառնական նշանակության ինքնակամ փոփոխությունները չկանխելու, համայնքային սեփականության հողմասերը քաղաքաշինական եւ հողաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելու հիմքերով:

Տաթեւ համայնքի ղեկավարը ստուգումներից հետո իր հերթին համայնքի բնակիչների նկատմամբ վարչական տույժեր կիրառելու որոշումներ է կայացրել: Շինուհայր գյուղի բնակիչ Արսեն Միքայելյանը ինքնակամ շինություն կառուցելու համար տուգանվել է 100 հազար դրամ: Մեկ այլ որոշումով, դարձյալ ինքնակամ շինություն կառուցելու համար, 100 հազար դրամով տուգանվել է նույն գյուղի բնակիչ Դրո Իվանյանը:

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի վերաբերյալ Սյունիքի մարզպետը որոշում չի կայացրել, չնայած այս համայնքում հայտնաբերված մեծաթիվ խախտումներն իրենց բնույթով անհամեմատ ավելի կոպիտ են, քան Տաթեւում բացահայտվածները: Կապան քաղաքում բազմաթիվ դեպքեր են հիշատակվում, երբ քաղաքացիներն ինքնակամ շինություններ են կառուցել համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա՝ երկհարկանի բնակելի տուն, ավտոտնակ,  ավտոլվացման կետ եւ այլ շինություններ: 

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը նույնպես հոկտեմբեր ամսին օրինազանց բնակիչներից վեցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել՝ տուգանելով 200 000-ից մինչեւ 400 000 դրամի չափով: Համայնքի սեփականությունը համարվող հողամասերի վրա կառուցված շինության տերերը տուգանվել են 400 հազար դրամով, իսկ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասի վրա նքնակամ շինություններ կառուցածները տուգանվել են 200 000 դրամով:

Սյունիք գյուղում Սուրեն Ոսկանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող գյուղնշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցել է խոհանոց, հանդերձարան, լողավազան եւ լողավազանի ափ՝ 1737 քմ մակերեսով։ Նա տուգանվել է 200 000 դրամով: 

Հարկ է նշել, որ կառավարության ենթակայության տեսչությունից առաջ, նշված երկու համայնքներում իրավական եւ մասնագիտական հսկողություն է իրականացրել Սյունիքի մարզպետարանը: Կապանում 2019 թ. հունիսին հսկողություն իրականացնելիս, քաղաքաշինության, հողօգտագործման իրավական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, սակայն խախտված իրավական նորմերը հիշատակելուց բացի, բավարարվել են նշելով, որ առաջարկվում է հետագայում պահպանել օրենսդրության պահանջները: Ոչ մի խոսք չկա օրինազանցությունը կատարածներին պատժելու, հետեւանքները վերացնելու, նաեւ՝ օրինազանցությունը չկանխելու համար համայնքի ղեկավարին պատասխանատվության ենթարկելու մասին: 

Մարզպետարանը Տաթեւ համայնքում  հսկողություն է իրականացրել 2018 թ. հունիսին: Քաղաքաշինության եւ հողաշինության ոլորտում նրանց արձանագրած խախտումները չեն կրկնում տեսչության գրանցած խախտումները կամ, գուցե, այդպիսի տպավորություն ունենք, որովհետեւ վերացական նշումներ են կատարել: Իսկ արձանագրության մեջ բավարարվել են, իրենց կարծիքով, խախտված իրավական նորմերին հղումներին կատարելով: 

Թերեւս այդ է պատճառը, որ օրինախախտումները չեն վերացել:

 

շենքի լուսանկարը www.utfsib.am կայքից:

Մեկնաբանություններ (1)

Հրանտ
Հայաստանի հեռավոր գյուղերը տարիներ շարունակ դատարկվում են, ծանր պայմանների համար, ու հիմա եկել կպել եք երկու զույգ մի կենտ խեղճ գյուղացու թե բա խանութ են կառուցել կամ գոմ առանց համապատասխան թղթերի, անտեսելով, որ դա միակ ապրելու միջոցն է եղել այդ մարկանց, երբ պետությունը 30 տարի շարունակ այս մարդկանց անտեսած է եղել բառից բուն իմաստով, ինչու չէ նաև տեղի նշանակովի իշխանիկների կողմից թալանված, բա ոնց գոյատևեին այս մարդիք, լինելով հեռավոր սահմանի գյուղեր, փոխանակ օգնենք գյուղացուն հետևներից եք ընկել, իսկ Սյունիքի շան գլուխը բոլորդ գիտեք որտեղ է թաքնված, այ գնացեք այնտեղ ստուգումներ արեք, որը մինչ այս պահը ոչ մի "Նոր Հայաստանի" մարզպետ չհամարձակվեց անել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter