
Կամրջելով պատմություններ II. Երևանում բացվեց Հայաստանից եւ Թուրքիայից երիտասարդ լուսանկարիչների համատեղ ցուցահանդեսը
Այսօր՝ հունվարի 24-ին, ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ «Կամրջելով պատմություններ II» (Bridging Stories II) խորագրով ծրագրի ցուցահանդեսը։
Ծրագրի նպատակն է միավորել մոտ, բայց միեւնույն ժամանակ միմյանցից բաժանված երկու համայնքներին՝ օգտագործելով լուսանկարչական հաղորդակցման զորությունը եւ պատմելով պատմություններ անմիջապես երիտասարդների բնակավայրերից։
Մասնակիցները Հայաստանից եւ Թուրքիայից թվով 20 երիտասարդ լուսանկարիչներն են: Ծրագրի դասավանդողներն են National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Սթենմայերը, VII ֆոտոգործակալության լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանն ու լուսանկարիչ Սաբիհա Չիմենը։
«Կամրջելով պատմությունները II» ծրագիրը սկսվել է 2019 թ․-ի օգոստոսին Դիլիջանում իրականացրած ֆոտոլրագրության աշխատարան-ճամբարով, ուր մասնակիցները քննարկել եւ կիրառել են լուսանկարչության, պատմագրության եւ սոցիալական մեդիաներով ինքնահրատարակչության հիմնական սկզբունքները։
Մեկ շաբաթ տեւող ճամբարից հետո մասնակիցները լուսանկարել են իրենց քաղաքներում եւ գյուղերում, նկարները հրապարակվել են նաեւ Instagram-ի @bridging.stories էջում։ Ցուցահանդեսում ընդգրկվել են լավագույն լուսանկարները։
Լուսանկարներում արտացոլված են երկու երկրների երիտասարդ մասնակիցների հետաքրքրությունների եւ ապրումների ընդհանրությունները եւ զուգահեռները։
Ծրագիրն արդեն իրականացվում է երկրորդ անգամ, առաջին ցուցահանդեսը տեղի էր ունեցել 2017 թ․-ի հունվարին, հրապարակվել էր նաեւ ֆոտոպատումների գիրքը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ փետրվարի 4-ը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել