
Պաշտպանը շարունակում է պնդել, որ Հրայր Թովմասյանի իրավունքները խախտվում են. նրա բնակարանում խուզարկությունը դեռ չի ավարտվել
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը պնդում է, որ Թովմասյանի բնակարանում խուզարկությունը սկսվել և շարունակվում է իրականացվել իրավունքի խախտումներով, որ ինքը, ինչպես նաև Հրայր Թովմասյանը բնակարանում խուզարկություն իրականացնելու թույլտվության վերաբերյալ դատարանի որոշմանը չեն ծանոթացել:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ու հայտնել, որ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, ակնհայտ ապատեղեկատվություն է:
Անդրադառնալով ՀՔԾ-ի հայտարարությանը՝ Միհրան Պողոսյանը նշեց, որ հանգամանքը, որ քննիչն ինչ-որ բան է ընթերցել, դեռ չի նշանակում, որ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով խուզարկությանը մասնակցող անձինք և Հրայր Թովմասյանը ծանոթացել են որոշմանը:
«Իսկ ի՞նչ գիտեք, թե ինչ է ընթերցվել: Որոշումը որևէ պարագայում ամբողջությամբ չի ընթերցվել, քննիչն իր նախընտրած հատվածներն է արտաբերել, և ես չգիտեմ՝ որոշումից, թե՞ ոչ: Ես ցանկանում էի ծանոթանալ դատարանի որոշմանը և հավաստիանալ՝ քննիչի կարդացածը իրականությանը համապատասխանում է, թե՞ ոչ, բայց որոշ ժամանակ անց քննիչը որոշումը վերցրեց և թույլ չտվեց»,- ասաց Պողոսյան՝ նշելով, որ Թովմասյանն առհասարակ չի ծանոթացել այդ որոշմանը:
Միհրան Պողոսյանի խոսքով՝ խուզարկությանը մասնակցում են ոստիկաններ, որոնք որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել այն մասին, թե ինչ իրավունքով են հենց իրենք մասնակցում քննչական գործողությանը: Ըստ Պողոսյանի՝ դատարանը որոշմամբ կոնկրետ անձանց է թույլատրում մասնակցել խուզարկությանն, այլ ոչ թե ցանկացած ոստիկանի:
Պաշտպանը նշեց նաև, որ իրենք միջնորդել են, որ բնակարանում տեղի ունեցող գործողությունները տեսանկարահանվեն, քննիչը բանավոր կարգով մերժել է իրենց միջնորդությունը, սակայն խախտելով Թովմասյանի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ ինքը՝ քննիչն, իր նախընտրությամբ լուսանկարահանում է իրականացնում:
Հարցին՝ Թովմասյանը չի՞ կարող իր բնակարանում իրականացնել տեսանկարահանում, պաշտպանը պատասխանեց, որ կարող է, սակայն չպատասխանեց հարցին՝ իրականացնում է, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից, ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում են այն խուզարկելու նպատակով: Խուզարկությունը այն գործի շրջանակներում է, որով Թովմասյանը մեղադրյալ է, այսինքն՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Լուսանկարում՝ պաշտպան Միհրան Պողոսյանը
Մեկնաբանել