
Շուրջ 1 տ թմրանյութի տեղափոխման գործով 17 տարի ազատազրկման դատապարտված վրացի վարորդն ազատ է արձակվել
Իրանից շուրջ 1 տ թմրանյութ տեղափոխելու գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված վրացի վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլին հունվարի 17-ին ազատ է արձակվել:
Մարտիաշվիլին «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության Կենտրոնի դատարանում հունվարի 17-ին կայացած նիստին դատարանը որոշել է իրեն ազատ արձակել` կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունենալու հիմքով:
«Չնայած առողջությունս ավելի է վատթարացել, բայց ես արդեն ազատության մեջ եմ և քայլում եմ Երևանի փողոցներով»,- ասաց Մարտիաշվիլին:
Հիշեցնենք, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. հունվարի 20-ի դատավճռով դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (այս հոդվածը հետագայում ուժը կորցրած է ճանաչվել, և նրա արարքը վերաորակվել է 267.1 հոդվածի 4-րդ մասով), 266-րդ հոդվածի 3-րդ մասով և 66-րդ հոդվածով, այն է՝ խոշոր չափով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և/կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը և ապօրինի իրացնելը, որի համար պատիժ է նշանակվել հանցանքների համակցությամբ (66-րդ հոդված)՝ դատապարտելով 17 տարվա ազատազրկման:
Ավթանդիլ Մարտիաշվիլին երկար տարիներ մեծ բեռնատարների վարորդ է աշխատել: Մի քանի ամիս անգործ մնալուց հետո՝ 2014թ.-ին, բեռնատարի թուրք սեփականատիրոջից առաջարկություն է ստացել բեռներ տեղափոխել Վրաստան-Իրան և Եվրոպա ուղղություններով: Համաձայնել է: Այդ փոխադրումներից մեկի ժամանակ՝ հայ-իրանական Մեղրիի անցակետում մեքենայի ստորին հատվածում ներկառուցված հատուկ թաքստոցներում շուրջ 1 տոննա թմրանյութ է հայտնաբերվել, վարորդը և մեքենայի թուրք սեփականատերը ձերբակալվել են, այնուհետև՝ դատապարտվել: Չնայած թուրք սեփականատեր Օսման Ուղուրլուն իր ցուցմունքում և դատարանում նշել է, որ վարորդը տեղյակ չի եղել մեքենայի թաքստոցում առկա բեռի մասին, և քրեական գործում Մարտիաշվիլու մեղքը հիմնավորող ուղղակի ապացույցներ չկան, ՀՀ դատարանները նրան մեղավոր են ճանաչել և դատապարտել ազատազրկման: Ավթանդիլ Մարտիաշվիլին մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչում:
2017թ. փետրվարից Ավթանդիլ Մարտիաշվիլին գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոցում»: Առողջական վիճակը հետզհետե վատացել էր, և նրան մշտական հսկողության տակ էին պահում:
2019թ. հունվարին ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետը միջնորդագիր էր ներկայացրել դատարանին՝ Ավթանդիլ Մարտիաշվիլուն ծանր հիվանդության հետևանքով պատժի հետագա կրումից ազատելու մասին:
Հայաստանի կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 826-Ն որոշման երկրորդ հավելվածում թվարկված էր այն հիվանդությունների ցանկը, որոնք խոչընդոտում էին դատապարտյալի պատիժը կրելուն, և որի առկայության դեպքում դատապարտյալը կարող էր ազատ արձակվել: Այդ հիվանդություններից մի քանիսն ուներ Մարտիաշվիլին:
Միջնորդությանը կից ներկայացվել էր Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի հունվարի 9-ի եզրակացությունը, համաձայն որի՝ Մարտիաշվիլին տառապում էր մի շարք հիվանդություններով`
- շաքարային դիաբետ, տիպ 2, ծանր աստիճանի, ինսուլինապահանջ ձև,
- դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիա,
- դիաբետոսկլերոտիկ I անգիոպաթիա,
- դիաբետիկ նեֆրոպաթիա,
- դիաբետիկ պոլինեյրոպաթիա,
- դիաբետիկ սենսոր պոլինեյրոպաթիա, հիպերադգեզիայի, ալլոգինիայի ձևով,
- Ս.Ի.Հ դեֆուզ մանր օջախային կարդիոսկլերոզ,
- զարկերակային հիպերտենզիա I-II, բարձր ռիսկ NYHA-I (մեկ) ,
- լյարդի դիաբետիկ լիպոդիստրոֆիա,
- ասթերոսկլերոզ,
- ստորին վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարում, նշանակալի հեմոդինամիկ խանգարումներով,
- շագանակագեղձի ադենոմա,
- խրոնիկական ռեցիդիվոզ էկզեմա:
Բժշկական միջգերատեսչական հանձնաժողովն իր տված եզրակացությամբ հաստատել էր, որ այս ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 26.05.2006թ. 825-Ն որոշման հավելված 2-ում ՀՀ կառավարության 06.07.2017թ. թիվ 800-Ն որոշմամբ փոփոխված պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 45-րդ կետին, այն է՝ «Զարկերակների, զարկերակիկների (արտերիոլների), մազանոթների հիվանդություններ» վերտառությամբ 5-րդ ենթակետին, այն է՝ «դիաբետիկ անգիոպաթիա»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, մերժել էր նրան ազատել հիվանդությունների՝ կալանքի հետ անհամատեղելի լինելու հիմքով:
Վերաքննիչ դատարանը նույնն էր թողել Ն. Բաղդասարյանի որոշումը:
Մարտիաշվիլին բողոքարկել էր այն Վճռաբեկում:
Նրա առողջության վատթարացմամբ պայմանավորված` նոր ստուգումներ են նշանակվել և հաստատվել է, որ Մարտիաշվիլու վիճակն ավելի է վատացել, և Մարտիաշվիլու` կալանքի նրա կյանքի հետ անհամատեղելիության հարցը կրկին քննվել է Ընդհանուր իրավասության դատարանում, և դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել վրացի վարորդին:
- Կարդացեք նաև` Հարևանների արդարադատությունը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել