
2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի արտադրական ցուցանիշներն աճել են
Հայաստանի գլխավոր օդային դարպասների՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հիմնական արտադրական ցուցանիշներն այս տարի աճել են: Ամենակարեւոր նորությունը, թերեւս, այն է, որ 2019 թ. «Զվարթնոցը» կարողացել է անցնել 3 մլն ուղեւորահոսքի շեմը:
Եթե 2018-ին այս օդանավակայանից օգտվել է 2.690.727 մարդ, ապա անցյալ տարի այդ թիվը կազմել է 3.021.608:
Ինչպես կարելի է տեսնել ստորեւ, «Զվարթնոցում» ամենաթեժ ամիսը օգոստոսն է, որը զբոսաշրջային սեզոնի պիկն է, իսկ ամենաքիչ ուղեւորահոսքը գրանցվում է փետրվարին: Հաշվի առնելով, որ այս տարվանից Երեւանի միջազգային օդանավակայանից սկսելու են թռիչքներ իրականացնել եվրոպական բյուջետային 2 խոշոր ավիաընկերություններ՝ «Ryanair»-ը եւ «Wizz Air»-ը, կարելի է ակնկալել, որ 2020-ին ուղեւորահոսքն է՛լ ավելի մեծ կլինի, քան գրանցվել է նախորդ տարի:
2018-ի համեմատ անցյալ տարի աճել է նաեւ բեռնափոխադրումը (ներառված են առաքված եւ ընդունված բեռի ու փոստի միասնական տվյալները), սակայն կրկին չի հաջողվել հասնել 2017-ի ցուցանիշին, որը լավագույնն է վերջին տարիներին:
Առիթ ունեցել ենք ասել, որ բեռնափոխադրման ոլորտը որեւէ օրինաչափության չի ենթարկվում, եւ ամեն տարի դրա կորը տարբեր տեսք է ունենում:
Ինչ վերաբերում է թռիչք-վայրէջքներին, դրանք եւս աճել են: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Հետքին» տրամադրել է ոչ միայն ուղեւորահոսքի, այլեւ բեռնափոխադրման ու թռիչք-վայրէջքների քանակական տվյալներն ամսական կտրվածքով: Նշենք, որ եթե կոնցեսիոները վիճակագրությունը վարում է թռիչքների ու վայրէջքների գումարային հաշվարկով, ապա ՀՀ քաղավիացիայի կոմիտեն մեկ թռիչքն ու մեկ վայրէջքը հաշվում է մեկ հատ՝ որպես մեկ թռիչք-վայրէջք:
Ըստ «ԱՄՕ»-ի՝ 2019-ին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է 13.260 թռիչք եւ 13.264 վայրէջք, ընդհանուր՝ 26.524 հատ: Ամենապասիվ ամիսը եղել է փետրվարը (ընդհանուր 1494 թռիչք եւ վայրէջք), իսկ օգոստոսին գրանցվել է 3126 հատ թռիչք եւ վայրէջք:
Հաջորդիվ կներկայացնենք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի տարեկան ցուցանիշները:
Տես նաեւ՝
- «Զվարթնոցի» ցուցանիշներն աճել են՝ բացի բեռնափոխադրումից
- «Զվարթնոցը» թարմացրել է նախորդ տարվա ռեկորդը (ինֆոգրաֆիկա)
- «Զվարթնոցում» կտրուկ աճել է տեղափոխվող ուղեւորների ու բեռի քանակը (ինֆոգրաֆիկա)
Լուսանկարը՝ zvartnots.aero-ի
Մեկնաբանել