
Հայաստանի միջազգային պահուստները դեկտեմբերին 465 մլն դոլարով աճել են
Հայաստանի միջազգային պահուստները նախորդ տարվա դեկտեմբերին կտրուկ աճել են։ Պահուստների դինամիկան ցույց է տալիս, որ ամեն տարվա վերջում էական աճ է գրանցվում և հենց հաջորդող ամսում՝ հունվարին, այն նվազում է։
2019 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները, նախնական տվյալներով, կազմել են մոտ 2 մլրդ 840 մլն դոլար։ Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական բանկի տրամադրած տվյալներից, 2018 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ պահուստներն աճել են 580.5 մլն դոլարով կամ 25.7 %-ով։
Ընդ որում՝ նկատելի է, որ պահուստների կտրուկ աճ է գրանցվել դեկտեմբերի ընթացքում։ Նոյեմբերին պահուստները կազմել են մոտ 2 մլրդ 375 մլն դոլար, և միայն դեկտեմբերի ընթացքում դրանք ավելացել են 465.05 մլն դոլարով կամ 19.6 %-ով։
Միջազգային պահուստների մակարդակն ամեն ամիս փոխվում է, որի վրա ազդում են տնտեսության մեջ կատարվող բազմաթիվ գործոններ։ Օրինակ՝ երբ ԿԲ-ն մեծ քանակությամբ արտարժույթ է ձեռք բերում շուկայից, պահուստներն աճում են։ Դրանք կարող են բարձր լինել, հետո նորից իջնել ու նորից բարձրանալ։ 2019 թվականի սկզբում Հայաստանի միջազգային պահուստների մակարդակի էական անկում նկատվեց։ Հետագայում այն աստիճանաբար աճեց, սակայն նոյեմբերին նվազեց։ Եվ դեկտեմբերին պահուստների մակարդակը ոչ միայն վերականգնվել է, այլև վերջին տարիների կտրվածքով սա ամենաբարձրն է։ Առնվազն 2011 թվականից սկսած (պահուստների վերաբերյալ ԿԲ-ի ներկայացրած վիճակագրական ցանկի տվյալները սկսվում են 2011 թվականից) սա ամենաբարձր ցուցանիշն է։
Մեր հարցմանը, թե ինչով է պայմանավորված դեկտեմբերի աճը, Կենտրոնական բանկից պատասխանեցին, որ պահուստների շարժը տարեվերջին և տարեսկզբին բնականոն երևույթ է՝ պայմանավորված բազմագործոն երևույթներով, ինչը նկատելի է եղել նաև անցնած տարիներին։ «Առավել կարևոր է դիտարկել պահուստների համարժեքությունը, որը գտնվում է բավարար մակարդակում: Պահուստների շարժը ինչպես վերև, այնպես էլ ներքև տրամաբանական դինամիկայի շրջանակներում փաստում է այն մասին, որ տեղի ունեցող շարժերը բնական են և տնտեսական ակտիվության ցուցիչ են»,- նշված է ԿԲ-ի պատասխանում: Չի մանրամասնվում, թե մասնավորապես որ գործոնների ազդեցությամբ են աճում պահուստները։
Վերջին տարիների տվյալները ցույց են տալիս, որ ամեն տարի դեկտեմբերին պահուստները կտրուկ աճում են, որից անմիջապես հետո՝ հենց հունվարին, դրանք նվազում են։ Այսինքն՝ չի բացառվում, որ այս տարվա հունվարին պահուստները ևս նվազեն։
Նշենք, որ Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ արտարժույթով են, իսկ ոսկի չկա։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել