
«Իրանը տարիներ շարունակ խնդիր է եղել»․ Թրամփը սպառնում է հարվածներ հասցնել Իրանի 52 թիրախներին
«Թող սա լինի նախազգուշացում. եթե Իրանը հարված հասցնի ամերիկացիներին կամ ամերիկյան որեւէ կառույցի, մենք պատրաստ ենք հարվածներ հասցնել Իրանի 52 թիրախների (այս թիվը ներկայացնում է տարիներ առաջ Իրանի կողմից պատանդ վերցրած 52 ամերիկացիների)։... Այդ թիրախների և Իրանի վրա հարձակումները կլինեն ՇԱՏ ՀԶՈՐ Եւ ԱՐԱԳ: Միացյալ Նահանգներն այլևս չի ցանկանում սպառնալիքներ»։
....hundreds of Iranian protesters. He was already attacking our Embassy, and preparing for additional hits in other locations. Iran has been nothing but problems for many years. Let this serve as a WARNING that if Iran strikes any Americans, or American assets, we have.....
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 4, 2020
Այսպես է այսօր արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում, ի պատասխան Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի պնդմանը, որ Իրանը վրեժխնդիր է լինելու Բաղդադում սպանված Ղասեմ Սոլեյմանիի համար։
Թրամփը չի մասնավորել, թե որ թիրախները ի նկատի ունի։ Ըստ նրա, Իրանը «չափից դուրս համարձակ» է արտահայտվում ամերիկյան կառույցները թիրախավորելու մասին։
Նրա թվիթում նշված 52 ամերիկացիներին 1979 թվականին նոյեմբերի 4-ին Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատանը տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում պատանդ էր վերցրել իրանցի ուսանողների խումբը, որը ներխուժել էր դեսպանատուն:
Մեկ այլ թվիթով Թրամփը նշել է, որ «ԱՄՆ-ն ծախսել է երկու տրիլիոն դոլար սպառազինման վրա։ Մենք ամենամեծն ու ԱՄԵՆԱԼԱՎՆ ենք աշխարհում։ Եթե Իրանը հարձակվի ամերիկյան որեւէ զինվորական բազայի վրա, կամ ամերիկացիների վրա, մենք առանց երկմտանքի կօգտագործենք այդ նոր, գեղեցիկ զենքերը Իրանի դեմ»։
The United States just spent Two Trillion Dollars on Military Equipment. We are the biggest and by far the BEST in the World! If Iran attacks an American Base, or any American, we will be sending some of that brand new beautiful equipment their way...and without hesitation!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 5, 2020
Ի պատասխան Թրամփի սպառնալիքներին, Իրանի տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների նախարարը Թրամփին անվանել է «կոստյումով ահաբեկիչ»` համեմատելով նրան Իսլամական Պետության, Հիթլերի եւ Չինգիզ խանի հետ։ «Նրանք բոլորը ատում էին մշակույթը… Շուտով նա կհասկանա, որ ոչ ոք չի կարող պարտության մատնել իրանական մեծ ազգին ու մշակույթին»։
Like ISIS, like Hitler, Like Genghis!
— MJ Azari Jahromi (@azarijahromi) January 5, 2020
They all hate cultures. Trump is a "terrorist in a suit". He will learn history very soon that NOBODY can defeat "the Great Iranian Nation & Culture".#HardRevenge#QasemSoleimani https://t.co/N2iQ5AMX7M
Իսկ Իրանի ԶՈւ հրամանատար Աբդուլրահիմ Մուսավին մեկնաբանել է Թրամփի սպառնալիքները` նշելով, որ կասկածում է, թե «ԱՄՆ-ն ունի բավականաչափ խիզախություն Իրանի հետ հակամարտություն սկսելու համար»։
Երեկ Բաղդադի օդանավակայանում հրթիռային հարվածի հետեւանքով սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։
Ինչից հետո Իրան-ԱՄՆ հարաբերությունները մտան պայթունավտանգ փուլ։
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի մահվան կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափումը:
Մեկնաբանել