
«Արայի» սեփականատիրոջ գործով կզբաղվի քննչական գլխավոր վարչությունը
«Արայ» ընկերության սեփականատիրոջ «ինքնասպանության» գործի քննությամբ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժինն այլեւս չի զբաղվի:
Քննչականի պետ Եղիշե Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ մամուլին հարցազրույց էր տալիս եւ նշում, որ նախաքննական մարմինն ավելի ու ավելի է հակվում ինքնասպանության վարկածին: Սակայն նախորդ շաբաթ «Հետքը» հրապարակեց մի տեսագրություն, որում «Արայ» ընկերության մահացած սեփականատիրոջ՝ Արմեն Պետրոսյանի նախկին կնոջ՝ Տատյանա Չադենկովայի եւ ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցությունն է: Այն առնվազն թույլ է տալիս ենթադրել, որ իրականում սպանության վարկածն ամենեւին բացառված չէ:
Ի պատասխան՝ Եղիշե Պետրոսյանը կրկին հարցազրույց տվեց եւ զարմացավ, թե ինչու են տվյալ խոսակցության տակ «այլ ենթատեքստեր փնտրում»: Սա այն դեպքում, երբ զրույցի ընթացքում ուղղակիորեն խոսվում է զենքի եւ սպանության մասին:
Արդյունքում Արմեն Պետրոսյանի մայրը բաց նամակ գրեց եւ ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին խնդրեց որդու գործը Կոտայքի մարզի քննչական բաժնից վերցնել և փոխանցել ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
«Քրեական գործով առավել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով գլխավոր դատախազության կողմից տվյալ քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը, եւ արդեն այսօր գործը կուղարկվի իրենց»,- քիչ առաջ «Հետքին» տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել