
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ընդհանուր ժողովը ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրեց ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին:
Մելիքբեկյանից բացի, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել էր նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը:
Քվեարկության 23 մասնակիցներից 13-ը քվեարկել էին Մելիքբեկյանի, իսկ 7-ը՝ Գրիգորյանի օգտին։ Եվս 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Քվեարկությունից առաջ իր խոսքում Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշումը կայացրել է վերջին պահին։ Նա վստահեցրեց, որ ոչ մի անձնական շահ չունի այս հարցում և ընտրվելու դեպքում ծառայելու է հայկական ֆուտբոլին։
«Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ, խորհրդային տարիների անվանի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նույնպես առաջադրվել էր, սակայն ընդհանուր ժողովից մի քանի օր առաջ հանել էր իր թեկնածությունը՝ հայտարարելով, որ սատարում է Արմեն Մելիքբեկյանին:
Քիչ հետո արտահերթ ժողովի մասնակիցները ընտրելու են նաև ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամներին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստից հետո Արթուր Վանեցյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, ինչպես նաև հայտնի դարձավ, որ գործադիր կոմիտեն նույնպես ցրվելու է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել