
Ընդդիմությունը ցանկանում է միավորվել ընտրակեղծիքների դեմ պայքարում. ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել
«ԲՀԿ-ի համար շատ հստակ է համամասնական ցուցակներում առաջին համարը ով է լինելու: Լինելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը», - այսօր հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը:
Նա նշեց, որ ԲՀԿ ամբողջական ցուցակը դեռ քննարկվում է: Կուսակցությունը չունի կադրերի խնդիր, բայց և կարևորում է այլ փորձառու մարդկանց ներգրավվումն իրենց շարքերում: Բացի այդ՝ ԲՀԿ-ն համամասնական ցուցակում նախատեսում է նվազագույնը 20 % երիտասարդների ներգրավվածություն:
ԲՀԿ ցուցակում կլինի նաև Վարդան Օսկանյանը, սակայն նրա զբաղեցրած հորիզոնականը, Վ. Էնֆիաջյանի խոսքերով, պետք է որոշվի քաղաքական խորհրդում: Վերջինս նաև հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի և դրա որոշումների հետ:
Քննարկման մասնակից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքական դաշտին անհրաժեշտ են որակական փոփոխություններ, և ժամանակն է, որ լիդերային, անհատապաշտ քաղաքականությունից անցում կատարվի հանրային քաղաքականության:
Նրա խոսքով՝ տարբեր բնագավառներում հայտնի մարդկանց ներգրավումը քաղաքական PR-ի նպատակով նկատելի է նաև Հայաստանի քաղաքական դաշտում: Սակայն կուսակցական ցուցակներում պետք է լինեն այն մարդիկ, ովքեր «կարող են կրել և պաշտպանել իրենց քաղաքական սկզբունքները»:
«Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք գալիս են ոչ թե հույսերով, այլ հիմնավորումներով: Պետք է քաղաքական և քաղաքացիական հատվածները լինեն համահունչ, այնինչ Հայաստանում քաղքական դաշտը մեկ քայլ հետ է քաղաքացիական գործընթացներից: Կուսակցության հույսը նաև երիտասարդներն են:
«Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակը ևս քննարկման փուլում է: Ա. Սեդրակյանի խոսքով՝ նպատակահարմար է, որ այն գլխավորի կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, սակայն դա դեռ որոշված չէ: Իսկ «Ժառանգության» հետ համագործակցության գործընթացը դեռ շարունակվում է, բայց քաղաքական դաշինքը, Ա. Սեդրակյանի խոսքերով, լիովին հնարավոր է, որովհետև կուսակցություններն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան հակասություններ:
ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններն իրենց համար դասական ընտրություններ չեն: ՀԱԿ-ի համար համամասնական ցուցակի հարցն ավելի բարդ է, քան մյուս կուսակցություններինը: ՀԱԿ-ի համար ԱԺ ընտրությունները միայն խորհրդարանական ընտրություններ չեն. այն հնարավորություն է վերականգնել սահմանադրական կարգը և հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին:
ՀԱԿ-ի համար կարևոր է ոչ թե համամասնական ցուցակի որոշումը, այլ ընտրել մի մեխանիզմ, որը կնպաստի իրենց առջև դրված գլխավոր խնդրի լուծմանը:
ՀԱԿ-ը պատրաստվում է իր ցուցակը ներկայացնել օրենքով նախատեսված ժամկետից ավելի վաղ: «Իշխանության հետ կնքել մի համաձայնագիր, որ ընտրակեղծիքներ չեն լինելու, նույնն է, թե իշխանության հետ կնքել մի համաձայնագիր, որ նա պարտավորվում է կատարել օրենքը», - հայտարարեց Ս. Աբրահամյանը:
Վերջինիս խոսքով՝ ընտրակեղծիքի գլխավոր հեղինակը իշխանությունն է, իսկ ընդդիմությունը նման մեխանիզմ չունի: Լավ կլինի, որ ընդդիմադիր դաշտում համաձայնություն լինի միասնական պայքարել ընտրակեղծիքների դեմ:
Այս առաջարկության հետ համաձայնեց Ա. Սեդրակյանը և նշեց, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները պետք է հանդիպեն և բանակցեն՝ ընտրակեղծիքների դեմ պայքարի մեախնիզմների շուրջ: Դրան ակտիվորեն պետք է մասնակցի մամուլը, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությունը, որը պետք է «սերիալներից անցնի թափանցիկ քաղաքականության ապահովման»:
ԲՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ պատասրատ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնց գործունեությունը միտված կլինի ընտարկեղծիքների դեմ պայքարին:
Մեկնաբանել