
Այրվել է կաճաճկուտցի Արմեն Դալլաքյանի տունը, երեք երեխաների հագուստը և ամբողջ ունեցվածքը. ընտանիքը աջակցության կարիք ունի
Դեկտեմբերի 1-ին՝ 24:00-ի սահմաններում, կաճաճկուտցի Արմեն Դալլաքյանի տանը հրդեհ է բռնկվել: Կաճաճկուտ գյուղի վարչական ղեկավար Ռուզաննա Թամազյանը պատմեց, որ հրդեհի պահին ընտանիքը տանը չի եղել:
«Այդ գիշեր ուժեղ քամի էր և անձրև էր գալիս: Երևի աղմուկից հարևանները հրդեհի ձայները չեն լսել»,- ասաց վարչական ղեկավարը:
Արմեն Դալլաքյանի հարևան Արա Դավթյանը կեսգիշերին՝ ժամը 00:20-ի սահմաններում է իմացել հրդեհի մասին: Հայրն է նրան ասել, հետո զանգ է ստացել գյուղի մեկ այլ թաղամասից:
«Տանից դուրս եկա, տեսա տունը վառվում է: Ես շատ արագ զանգեցի շտապօգնություն, ապա հրշեջ ծառայություն, մարդիկ հնարավորինս արագ եկան: Բայց հրդեհը շատ արագ էր տարածվում: Ես իմ տան բակում ջուր ունեմ, դա ուղղեցի դեպի տուն: Իմացանք, որ ընտանիքը տանը չի, շատ ուրախացանք»,- պատմեց Արան:
Վերջինիս խոսքով՝ այդ օրը ցերեկվանից մինչև երեկոյան ժամը 22:00-ն, գյուղում հոսանքի տատանումներ են եղել: Արայի ենթադրությամբ տան հրդեհը բռնկվել է բաց էլեկտրական լարերի պատճառով:
«Ենթադրում եմ, որ այդ ամբողջ օրվա լույսի տատանումները ինչ-որ ազդեցություն են ունեցել հրդեհի բռնկման գործում»,- ասաց նա:
Կաճաճկուտում բնակիչները անհանգստացած են փայտե փտած հենասյուների վրա ամրացված բաց էլեկտրալարերի համար: Արա Դավթյանի խոսքով՝ Կաճաճկուտը սպասարկող էլեկտրիկը այդ վտանգների մասին տեղյակ է, գյուղացիները բազմիցս զգուշացրել են նրան: Արայի խոսքով՝ երկու տարի է՝ հրդեհված բնակարանից 50 մետր ներքև գտնվող փայտե էլեկտրական հենասյունը վթարային վիճակում է:
Ըստ Արայի՝ «Հայատանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Թումանյանի մասնաճյուղը պարտավոր է սողանքային գյուղում ապահովել էլեկտրաէներգիայի սպասարկման անվտանգությունը:
«Վարձերը ուզելիս չեն հանդուժում մեկ վայրկյան ուշացնելը, բայց այս հենասյունը կարող է գիշերն էլ ընկնել և նոր հրդեհի պատճառ դառնալ: Ընկնելիս փայտե կոտրած հենասյունը կարող է ընկնել հարևան այգու խոտի դեզի վրա: Այդ դեպքում նոր հրդեհը իր ծանր հետևանքներով անխուսափելի կլինի»,- ցույց տալով վթարային հենասյունը՝ ասաց Արա Դավթյանը:
Ռուզաննա Թամազյանը պատմեց, որ այրված տունը հին է եղել և երբևէ չի վերանորոգվել: Հրդեհի հետևանքով այրվել են տան ամբողջ իրերը: Տուժողները սոցիալապես անապահով են: Արմենը և կինը՝ Երազիկը, վերջին տարիներին գնացել են Սարչապետ և Կողբ գյուղերում անասուն են պահել, որ իրենց անչափահաս երեխաներին կերակրեն:
Տունը գնել են 2017թ.-ին: Այս տարի ընտանիքում ծնվել է 3-րդ երեխան: «Երևի 1-2 ամսական կլինի: Երեխայի համար 500 հազար գումար էին ստացել պետությունից»,- պատմեց Ռուզաննան:
Այրված տան մոտ առաջինը հանդիպեցինք Արմենի որդիներին՝ 10-ամյա Ռոբերտին և 8-ամյա Ռոմանին: Ռոմանը հողաթափերով էր: Ասաց՝ կոշիկները այրվել են: Մայրը՝ Երազիկ Մելիքսեթյանը, պատմեց, որ դեկտեմբերի 1-ի առավոտյան նորածին երեխային լողացրել, հետո շորերը լվացել է: Երեխայի շորերը չի արդուկել, այդպես էլ մնացել են: Դուրս գնալիս անջատված է եղել հեռուստացույցը և սառնարանը: Մարել է նաև վառարանի կրակը:
Արմենին հրդեհի մասին կեսգիշերին հեռախոսով հայտնել են հարևանները. «Մինչև եկանք, տան պատերն էին մնացել: Փոքր երեխուս փողը բանկից ստացել էինք, 500 հազար դրամ էր, դա տանն է եղել, ամբողջ ունեցվածքիս հետ փողը նույնպես վառվել է»,- ասաց Արմենը Դալլաքյանը:
Երազիկի ասելով՝ վառվել են նաև իրենց ամբողջ փաստաթղթերը. «Էսօր մեր ունեցվածքից մենակ մեր հագի շորերն են մնացել: 500 հազար դրամը պահում էինք, որ գարնանը տուֆ բերեն, տունը վերանորոգեն»,- ասաց նա:
Արմենը չի աշխատում, երկու գլուխ անասուն է պահում, դրանով է երեխաներին կերակրում: Հրդեհից հետո ընտանիքը տեղափոխվել է Արմենի հոր տուն, որտեղ ապրում է նաև եղբոր ընտանիքը: Հայրական ընտանիքը նույնպես սոցիալապես անապահով է:
«Հորս և մորս տանն ենք մնում, բայց էնտեղ էլ մեր 5 անձով հնար չկա ապրելու»,- ասաց Արմենը:
Վարչական ղեկավար Ռուզաննա Թամազյանը պատմեց, որ ընտանիքը նաև վարկային պարտքեր ունի: Մի քանի օր առաջ վարկի տեղեկանք է տվել: Վարչական ղեկավարի խոսքով՝ ամբողջ Կաճաճկուտը պատրաստ է օգնել Արմեն Դալլաքյանի ընտանիքին, սակայն սողանքային գյուղում ապրող կաճաճկուտցիներն էլ առանձնապես ունևոր չեն:
Վարչական ղեկավար Ռ. Թամազյանը հրդեհից տուժած ընտանիքի ծանր վիճակի մասին անմիջապես տեղյակ է պահել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին: Պատգամավորի միջնորդությամբ՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստացել է Արմեն Դալլաքյանի ընտանիքի համար Կաճաճկուտում նոր բնակարան գնել:
Ընտանիքը այս պահին նաև սննդամթերքի և հագուստի կարիք ունի:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել