
Նախատեսվում է «Օշական մանկական վերականգնողական կենտրոն»-ը փոխանցել ՊՆ-ին
Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն ամրացնել Պաշտպանության նախարարությանը, իսկ ընկերության մոտ 51 միլիոն դրամ պարտավորությունները մարել Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Նշենք, որ Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում, որի լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել էր լուծարման հանձնաժողով:
Պետական գույքի կառավարման կոմիտեն «Օշական մանկական վերականգնողական կենտրոն»-ը ՊՆ-ին փոխանցելու նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։
Տարածքը Պաշտպանության նախարարությանը հանձնելու առաջարկություն Պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացրել է հենց նախարարությունը։ Վերջինս, կարևորելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տարածքով ապահովելու խնդիրը, առաջարկել է Մոսկովյան փողոցի 5 հասցեում գտնվող, իրենց ամրացված անշարժ գույքը հետ վերցնել, դրա դիմաց ամրացնել «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքը: «Դա կնպաստի գերատեսչության կարիքների բավարարմանն ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը»,- ընդծել է Պաշտպանության նախարարությունը։
Օշական գյուղական համայնքի ավագանին նոյեմբերի 26-ին ընդունել է որոշումը։ Ըստ որի՝ «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենք-շինությունների սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ համայնքային սեփականություն հանդիսացող 14,5136 հա հողատարածքը նվիրել է պետությանը։
ՊՆ-ին կփոխանցվեն Օշական համայնք, Դպրոցականների փող. 93 հասցեում գտնվող 13929 քառ. մետր մակերեսով շենք-շինություններ և 14.5136 հա հողամաս։
Լուսանկարը՝ aad.am-ի
Մեկնաբանել