
«Անմոռ» ՓԲԸ-ն Թեղուտից տեղափոխում է փիրուզի հանքավայրի զանգվածը
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը Թեղուտի հանքավայրից առանձնացնում է փիրուզի հանքավայրը, որը մինչ օրս «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում էր։ Փիրուզի հանքավայրը շահագործում է «Անմոռ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է։ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տվյալներով՝ «Անմոռ» ՓԲԸ-ն գրանցված է «Վալլեքս» խմբի ընկերությունների նույն հասցեում՝ Երևան քաղաքի Խանջյան 19-ում։
«Անմոռ» ՓԲԸ-ի տնօրեն Սահակ Կարապետյանը նախկինում եղել է «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրենը։
«Թեղուտ» ՓԲԸ-ի սեփականատերերի փոփոխությունից հետո «Անմոռ» ՓԲԸ-ի աշխատողներին արգելվում էր ընկերության տարածքով բարձրանալ փիրուզի հանքավայր՝ աշխատելու:
«Այդ ժամանակ մեր ֆիրման որոշեց հանքի 105 աշխատողներին 2/3 աշխատավարձով պահել՝ մինչև հարաբերությունների կարգավորելը»,- ասաց «Անմոռ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Էդգար Նասիբյանը: «Անմոռ» ՓԲԸ-ն որոշել է փիրուզի հումքը տեղափոխել «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքից: Էդգար Նասիբյանի խոսքով, այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ն փիրուզի լեռնային զանգվածի տեղափոխման գործում աջակցում է «Անմոռ» ՓԲԸ-ին:
Թեղուտի փիրուզի հանքավայրը Խորհրդային Հայաստանի երկրաբանների կողմից հատնաբերվել է 1974 թ.-ին: Այն գտնվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի նկատմամբ ավելի վերին մակերևույթներում։ Հանքավայրի նկատմամբ իրավունքները մեկ տարի առաջ պատկանում էին Վալերի Մեջլումյանի մեկ այլ՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը: Դեռ նախորդ տարի «Հետք»-ին Սահակ Կարապետյանը հայտնել է, որ փիրուզի պաշարների հիմնական մասը արդյունահանված է: Դրանք տեղափոխվել են Թեղուտի պղինձմոլիբդենային կոմբինատի արտադրական լցակույտերի դատարկ ապառների տեղամաս:
Էդգար Նասիբյանի խոսքով՝ ընկերությունը նոյեմբերի 8-ից փիրուզի լեռնային զանգվածը պահեստավորում է «Լոռվա ԳԵՈ» ԲԲԸ-ի՝ Նեղոց գյուղի մոտ գտնվող տարածքում։ «Լոռվա ԳԵՈ» ԲԲԸ-ն, Էդգար Նասիբյանի տեղեկություններով, նույնպես պատկանում է Վալերի Մեջլումյանին։
Է. Նասիբյանի խոսքով՝ այս պահին 30 վարորդ իրենց սեփական բեռնատարներով Թեղուտից փիրուզի լեռնային զանգված է տեղափոխում «Լոռվա ԳԵՈ» ԲԲԸ-ի տարածք։ «Կուտակվող լեռնային զանգվածը վերամշակելուց հետ կստանանք փիրուզ»,- ասում է փոխտնօրենը:
ԳԱԱ-ի ակադեմիկոս Արմեն Սաղաթելյանը՝ որպես երկրաբան, անցյալ դարի 70-ական թվականներին մասնակցել է Թեղուտի պղինձ-մոլիբդենայի հանքավայրի երկրաբանական աշխատանքներին:
«Մեր երկրաբանական աշխատանքերի ընթացքում հայտնաբերվել է փիրուզի կարերի 3 հանք, որոնք շատ հարուստ էին: Թեղուտում փիրուզի մեծ մասը մուգ կապտականաչավուն երանգ ունեն և շատ թանկ են: Այդ երանգի փիրուզ կա միայն Իրանում»,- ամիսներ առաջ մեզ հետ զրույցում ասել էր Արմեն Սաղաթելյանը։
«Ես չէի ասի, որ այս պահին Թեղուտի փիրուզի պաշարները շատ որակով են: Կարող եմ ասել, որ փիրուզը կիսաթանկարժեք քար է: Բայց բարձրորակ փիրուզ ստանալու համար լեռնային զանգվածի վրա շատ մեծ աշխատանքներ է պահանջվում»,- ասում է «Անմոռ» ՓԲԸ փոխտնօրեն Էդգար Նասիբյանը:
Լեռնային զանգվածը տեղափոխելուց հետո ընկերությունը նախատեսում է «Լոռվա ԳԵՈ» ԲԲԸ-ի տարածքում կառուցել փիրուզի վերամշակման արտադրամաս: Էդգար Նասիբյանի ասելով՝ արտադրամասում աշխատելու է մինչև 120 մարդ:
«Մենք առաջին փուլում լեռնային զանգվածից կստանանք փիրուզ, այն պահեստավորելուց հետո կպարզվի, թե որտեղ և ինչպես է օգտագործվելու մեր ստացած փիրուզը»,- ասաց Էդգար Նասիբյանը:
Մի քանի տարի առաջ Վալերի Մեջլումյանը խոստանում էր փիրուզի հանքավայրի հենքի վրա Թեղուտում կառուցել զարդերի արտադրամաս: «Վալլեքսը» Թեղուտում ունեցել է փիրուզի վերամշակման արտադրամաս, սակայն այն չեն հասցրել շահագործել։
«Մեր արտադրամասը մենք կապամոնտաժեք և կտեղափոխենք այստեղ: Աստծո հաջողությունով, մի 3-4 ամսից հետո փիրուզի վերամշակման արտադրամասը կսկսվի կառուցվել»,- ասում է Է․ Նասիբյանը:
Է. Նասիբյանն ասում, որ կառուցվող փիրուզի արտադրամասը լինելու է էկոլոգիապես անվտանգ: «Փիրուզի զանգվածը դա մեր սովորական հողն է: Կապ չունի հանքաքարը, լեռնային զանգվածը կոնցետրատներ չունի իր մեջ: Փիրուզի զանգվածն ավելի շատ կավ է պարունակում: Կարող ենք արտադրամասում փիրուզի մշակության ժամանակ զբաղվել նաև կավագործությամբ: Դեբեդ գետը և շրջակա միջավայրը չի աղտոտելու»,- հայտնեց Է. Նասիբյանը:
«Փիրուզի մշակման անվտանգության մասին կարող ենք կարծիք հայտնել միայն «Անմոռ» ՓԲԸ-ի կառուցած արտադրամասի տեխնոլոգիային ծանոթանալուց հետո: Մի բան հաստատ կարող եմ ասել, որ փիրուզի փոշին շատ վտանգավոր է մարդկանց առողջության համար»,- ասում է «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Անմոռ» ՓԲԸ-ն բնական, երկնային փիրուզի՝ այլ երկրներ արտահանելու լիցենզիա ունի։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել