
Հայաստանի հավաքականը տապալված ելույթներից հետո 102-րդն է համաշխարհային ցուցակում
Ֆուտբոլի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ընտրական փուլի վերջին՝ նոյեմբերյան ելույթներում 0-1 եւ 1-9 հաշիվներով հույներին ու իտալացիներին զիջելուց հետո նահանջել է 3 հորիզոնական ու հայտնվել 102-րդ տեղում: Այս նահանջը սպասելի էր: Հայաստանի ակտիվում կա 1213 հաշվարկային միավոր նախորդ ամսվա 1226-ի փոխարեն:
Համաշխարհային դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիան, հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան:
«Եվրո-2020»-ում Հայաստանի արդեն նախորդ մրցակցիներից Իտալիան 13-րդն է (+2), Բոսնիա եւ Հերցեգովինան՝ 49-րդը (-1), Հունաստանը՝ 54-րդը (+4), Ֆինլանդիան՝ 58-րդը (-3), իսկ Լիխտենշտայնը՝ 180-րդը (+1):
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան, որը 24-րդն է, հաջորդում են Ռուսաստանը (38), Ուզբեկստանը (85), Բելառուսը (87), Վրաստանը (91), Ղրղըզստանը (96): Մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր տեղում Թուրքիան է (29), Իրանը 33-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 91-րդը, իսկ Ադրբեջանը՝ 114-րդը:
Հաջորդ աղյուսակը, որը կլինի տարվա վերջինը, կհրապարակվի դեկտեմբերի 19-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել