HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արսեն Թորոսյան. «Իսկ դուք դե՞մ եք, որ ձեր վճարած հարկերից տաքսիստների համար ճանապարհ կառուցեն, որոնք հարկ չեն վճարում»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ իր խնդիրն է մտածել, որ այն քաղաքացիները, որոնք ապրում ու աշխատում են Հայաստանում, ունենան ֆինանսական պաշտպանվածություն: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  ասաց Թորոսյանը՝ անդրադառնալով պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման համակարգի՝ նախարարության առաջարկին:

Հիշեցնենք, որ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման նախագիծ, որով առաջարկվում է աշխատող քաղաքացիներից որպես հարկ գանձել աշխատավարձի 4-6 տոկոսը:

«Վաղ չէ՞ արդյոք ներդնել պարտադիր կամ համապարփակ առողջապահական ապահովագրություն․ այս հարցը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր պատասխաններ, վաղ է որովհետև համակարգը պատրաստ չէ, երկրի ՀՆԱ-ն այդքան մեծ չէ, չկան համապատասխան ֆինանսավորման մեխանիզմներ»,-ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ միշտ էլ կարող են լինել որոշակի արդարացումներ համակարգի ներդրումը հետաձգելու համար, սակայն ըստ նրա՝ դա սխալ է:

Արսեն Թորոսյանը հարց  է հնչեցնում՝ արդյոք ուզո՞ւմ ենք, որ Հայաստանում ապրող քաղաքացիներն ունենան առողջապահական ծածկույթ, ապա հավելում, որ համակարգի ներդնումը կարող  է լինել փուլերով, օրինակ սկզբում՝ մեկ միլիոն բնակչության համար, հետո՝ կես միլիոն և այդպես շարունակ:

«Էդ փողերը հիմա ծախսվում է  առողջապահության վրա, շատ վատ ձևով է ծախսվում, մարդիկ տներ են ծախում, մեքենաներ ծախում, վարկեր վերցնում, մենք առաջարկում ենք փողերի հավաքման և ծախսման նոր համակարգ»,- ասաց նա:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ պետք է ինքը վճարի այն քաղաքացու առողջապահական ապահովագրության համար, որը թաքցնում է հարկեը, նախարարը պատասխանեց.

«Իսկ դուք դե՞մ եք, որ ձեր վճարած հարկերից տաքսիստների համար ճանապարհ կառուցեն, որոնք հարկ չեն վճարում, և հետո ով ասեց, որ հարկ չեն վճարում, կան ուղղակի և  անուղղակի հարկեր: Ցանկացած սպառող վճարում է հարկ, բոլորը հարկ են վճարում, կան ուղղակի եկամուտներից և անուղղակի՝ թեկուզ ստվերային եկամուտներից վճարվող հարկեր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter