
Հայկուհի Հարությունյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ
Այսօր կայացած նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայկուհի Հարությունյանը։
Ոորպես հանձնաժողովի նախագահի թեկնածու ինքնառաջադրվել էին էդգար Շաթիրյանն ու Հայկուհի Հարությունյանը:
Հայկուհի Հարությունյանի օգտին կողմ քվեարկեց հանձնաժողովի 3 անդամ, դեմ՝ մեկ անդամ:
Հիշեցնենք, որ նոյմբերի 18-ին Ազգային ժողովն ընտրեց հանձնաժողովի հինգ անդամներին։
Թեկնածու առաջադրելու իրավունք ունեին իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը:
Կառավարությունն առաջադրել էր Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը, նա մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է «Էյչ-էս-բի-սի» բանկում:
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, 2015-ից` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:
«Բարգավաճ Հայաստանն» առաջադրել էր Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը, որը մասնագիտությամբ իրավագետ է, աշխատել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում՝ որպես քննիչ, այդ թվում՝ կիբերհանցագործության քննության վարչությունում:
«Լուսավոր Հայաստանն» առաջադրել էր Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը, վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահն է, համագործակցել է մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ:
Բարձրագույն դատական խորհուրդն էլ առաջադրել էր Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Նա «Ջինիշյան» հիմնադրամի ֆինանսական ղեկավարն է, հաշվապահական հաշվառման և աուդիտի մասնագիտացում ունի:
Փակ գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Լիլիթ Ալեքսանյանը, Էդգար Շաթիրյանը, Նարեկ Համբարձումյանը, Հայկուհի Հարությունյանը և Արամայիս Փաշինյանը։
Lուսանկարը՝ Մեդիա կենտրոնի
Մեկնաբանել