
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի նոր շտեմարանը վաճառքում է
Արդեն վաճառքում է հայոց լեզու և հայ գրականություն առարկայի 2012թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի 3-րդ հատորը: Այս մասին «Հետքին» հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ շտեմարանի երրորդ և չորրորդ հատորները տպագրվելու են 2012թ. հունվարի վերջին:
Թե ինչու է երրորդ հատորը տպագրվում ուշացումով, իսկ չորրորդ հատորը դեռ պատրաստ չէ, Գայանե Մանուկյանը պատասխանեց. «ԳԹԿ-ն նախկինում հայտրարել էր, որ երրորդ և չորրորդ հատորները տպագրվելու են հունվար ամսի վերջին: Բայց քանի որ շտեմարանների վրա հսկայական ու մանրակրկիտ աշխատանք է տարվում, որպեսզի բացառվեն կամ նվազագույնի հասցվեն վրիպակներով առաջադրանքները, այդ պատճառով շտեմարանի 3-րդ և 4-րդ հատորների հրատարակումը երկարաձգվեց: Շտեմարանը կազմող մասնագետները պարզապես ահռելի աշխատանք են կատարում: Հեշտ չէ այդ հինգ հազար առաջադրանքը սրբագրելը»:
Գայանե Մանուկյանի խոսքով` շտեմարանի չորրորդ հատորի սրբագրական վերջին աշխատանքներն են կատարվում. «Այն առաջիկայում կտպագրվի: Եվ դիմորդները մինչև ընդունելության քննությունները բավական ժամանակ կունենան պարապելու»: Թե «առաջիկան» կոնկրետ երբ է, Գայանե Մանուկյանը չհստակեցրեց:
Հիշեցնենք, որ շտեմարանի առաջին և երկրորդ հատորները շրջանառության մեջ էին դրվել 2011թ. դեկտեմբերից:
Մեկնաբանել