
Արամ Հարությունյանի, նրան առնչվող ընկերության գույքը, նրա բարեկամի անվամբ բնակարանը կմնան կալանքի տակ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, մերժել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրան առնչվող «ՀանԱրդ» ընկերության գույքի, Հարությունյանի բարեկամի անվամբ բնակարանի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան` ասաց Հարությունյանի պաշտպաններից Կարեն Հակոբյանը: Վերջինս հայտնեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են տարել:
Հիշեցնենք, որ հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարարը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Գործի շրջանակներում կալանքի տակ է Հարությունյանի, նրա բարեկամի և նրան առնչվող ընկերության գույքը:
Արամ Հարությունյանը «ՀանԱրդ»-ում 92% բաժնեմաս ունի, սակայն, ըստ փաստաբանի, դրա կեսը պատկանում է նրա կնոջը, և վարույթն իրականացնող մարմինն իրավունք չուներ ընկերության ամբողջ գույքի վրա կալանք դնել: «Հետքի» հետ զրույցում Կարեն Հակոբյանն ասել է, որ ընկերության գույքի վրա կալանք դնելու որոշումն արհեստական խոչընդոտներ է ստեղծում ընկերության տարածքները վարձակալության տալու, շահույթ ստանալու հարցում։ Պաշտպանական կողմը պնդում է, որ վարույթն իրականացնող մարմինն իրավունք չուներ կալանքի տակ վերցնել Արամ Հարությունյանի բարեկամի անվամբ գույքը` առանց հիմնավորելու, որ բնակարանն իրականում Արամ Հարությունյանին, այլ ոչ թե բարեկամին է պատկանում:
Նշենք, որ Արամ Հարությանյանը հետախուզման մեջ է արդեն մեկ տարի։ Այս ընթացքում նախկին նախարարը փաստաբանների միջոցով վիճարկել է ոչ միայն գույքի վրա կալանք դնելու, այլև իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, իր վերաբերյալ քրեական գործի վարույթը վերսկսելու որոշումները։
Մեկնաբանել