HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը

Խորհրդարանում քննարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Կառավարությունն առաջադրել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է «Էյչ-էս-բի-սի» բանկում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հետաքրքրվեց, թե արդյոք Ալեքսանյանը տեսնում է որևէ մեխանիզմ, որով հնարավոր է վերադարձնել Հայաստան նախկինում ապօրինի դուրս բերված գումարները կամ կապիտալը, որոնք գտնվում են օֆշորային գոտիներում:

«Նման հարցերը, կարծում եմ, պետք է կարգավորվեն միջպետական պայմանագրերի ուժով, որովհետև, ճիշտ նշեցիք, օֆշոր են գնում և էդտեղ գուցե և առանձին հանձնաժողովի լիազորությունները սահմանափակ լինեն հետագայում որևէ գործողություն իրականացնելու մասով: Սա ավելի լայն քննարկման առարկա է, քանի որ ավելի խորացված ուսումնասիրություններ են պետք, այս պահին գործիքակազմ առաջարկելուց ձեռնպահ կմնամ, կուզենամ ավելի պրոֆեսիոնալ ձևով հանդես գալ այդ հարցին պատասխանելիս»,- ասաց Ալեքսանյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ անդրադարձավ պաշտոնյաների ստացած նվերներին և հրավերներին:

«Ձեր խոսքում ասացիք, որ հրավերների և նվերների դեպքում կա՛մ վերադասը, կա՛մ ինչ-որ հանձնաժողով պետք է լինի, որ դա հաստատի, դրանից հետո որևէ պաշտոնյա ընդունի այդ հրավերը կամ նվերը: Հաշվի առնելով ձեր միջազգային փորձը՝ ինչպե՞ս է կարգավորվում այդ հարցը այնտեղ»,-հարցրեց Թովմասյանը: Պատգամավորը իրավիճակ ներկայացրեց, թե, օրինակ, նվերի դեպքում ինչպես է դա կարգավորվելու, պաշտոնյան պետք է նվերը դռան մոտ թողնի, հետո ճշտի՝ այն կարող է ընդունել, թե՞ ոչ:

«Գուցե առաջին հայացքից թվում է անսովոր, բայց նման իրավիճակում կսերմանվի այն մշակույթը, որ կարիք չկա պետական պաշտոնային նվեր տալ, քաղաքացին պետք է գիտակցի, որ ցանկացած կատարած աշխատանքի համար մարդիկ վարձատրվում են, և կարիք չկա նվերներով հանդես գալ: Գուցե սկզբում այդ իրավիճակները լինեն ոչ հաճելի, բայց կնպաստեն, որ կարողանանք կանխել քաղաքացիներից նվերների և հրավերների ներկայացումը պաշտոնյաներին՝ այդ կերպ նաև պաշտոնյաների գործը հեշտացնելով»,- ասաց Ալեքսանյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոնները ինքնավար պաշտոններ են: Հանձնաժողովն իր կազմից հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի անդամները հինգն են լինելու:

Թեկնածու առաջադրելու իրավունք ունեն իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, բոլոր մարմիններն էլ առաջադրել են թեկնածուներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter