
Նախարար Տիգրան Խաչատրյան. «Տնտեսական ակտիվությունը այս տարվա ինն ամսում կազմել է 7,1 %»
2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է, որ Էկոնոմիկայի նախարարության գծով իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը ուղղվելու է 33,2 միլիարդ դրամ` 2019-ի հաստատված 25,9 միլիարդ դրամի դիմաց:
Այս մասին խորհրդարանում պետական բյուջեի մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարի խոսքով` ֆինանսավորման աճը պայմանավորված է գյուղատնտեսության և զբոսաշրջության ու արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ֆինանսավորմամբ:
Հիշեցնենք, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո գյուղատնտեսության նախարարությունը օպտիմալացվել է, վերջինիս գործառույթները Էկոնոմիկայի նախարարությունն է իրականացնում:
Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ` 18 միլիարդ դրամ հատկացվելու է գյուղատնտեսական ծրագրերի, 6,3 միլիարդ դրամ` զբոսաշրջության ոլորտի և 8,9 միլիարդ դրամ ուղղվելու է տնտեսական զարգացման 12 միջոցառումներ ներառող հինգ ոլորտային ծրագրերի ֆինանսավորմանը:
«Տնտեսական ակտիվությունը այս տարվա ինն ամսում կազմել է 7,1 %, ավելի բարձր աճով աճում է արդյունաբերական արտադրանքը` 9,7 տոկոս, գյուղատնտեսությունը անկում է արձանագրում` 4,8 տոկոսի չափով, շինարարության աճը` 4,4 տոկոս, ծառայությունները աճել են 15,5 տոկոսով: Ապրանքների արտահանումը աճել է 7,9 տոկոսով, պատրաստի սննդի արտադրանքը աճել է 14,9 տոկոսով, ինչն էապես ավելի բարձր է, քան ընդհանուր ապրանքների ցուցանիշն է, սարքերի և ապրանքների արտահանումը աճել է 13,5 տոկոսով, բուսական ծագման ապրանքների արտահանումը 15,2 տոկոսով է աճել, բարձր աճ է արձանագրում հանքահումքային արտադրանքի արտահանումը` 12 տոկոս է կազմել»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը հիշեցրեց, որ պետական բյուջեի նախագծով 4,9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում, արդյունաբերության համար` 5 տոկոս, գյուղատնտեսության բնագավառում 0,5 տոկոս աճ է կանխատեսվում, ծառայությունների համար 6 տոկոս աճ է սպասվում, արտահանման համար` 10,9 տոկոս` ի հաշիվ հատկապես վերամշակող արդյունաբերության:
«Բոլոր ցուցանիշները վկայում են, որ պետք է իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք կոչված են տնտեսության երկարաժամկետ մրցունակության, տնտեսական աճի կայունության ապահովման համար»,- ասաց նախարարը:
Մեկնաբանել