
Ովքեր են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուները
Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում է կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները ինքնավար պաշտոններ են: Հանձնաժողովն իր կազմից հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է հանձնաժողովի նախագահ:
Թեկնածու առաջադրելու իրավունք ունեն իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը:
Կառավարությունն առաջադրել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը, նա մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է «Էյչ-էս-բի-սի» բանկում:
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, 2015-ից` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:
«Բարգավաճ Հայաստանն» առաջադրել է Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը, որը մասնագիտությամբ իրավագետ է, աշխատել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում՝ որպես քննիչ, այդ թվում՝ կիբերհանցագործության քննության վարչությունում:
«Լուսավոր Հայաստանն» առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը, վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահն է, համագործակցել է մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ:
Բարձրագույն դատական խորհուրդն էլ առաջադրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Նա «Ջինիշյան» հիմնադրամի ֆինանսական ղեկավարն է, հաշվապահական հաշվառման և աուդիտի մասնագիտացում ունի:
Տեղեկացնենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում:
Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:
Քվեարկությունն ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի` ընթանում է փակ-գաղտնի ընթացակարգով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել