
Ծաղկաշատի հիմնական դպրոցն այս տարի առաջին դասարան չի ունեցել
Ծաղկաշատի հիմնական դպրոցն այս տարի առաջին դասարան չի ունեցել: Դպրոցում 11 աշակերտ է սովորում: Հաջորդ ուսումնական տարում 1-ին դասարանում դպրոցը կունենա երկու աշակերտ: Սակայն 2021թ.-ին և դրանից հետո ևս 4 տարի դպրոցը նորից 1-ին դասարան չի ունենա:
Ծաղկաշատի հիմնական դպրոցի շենքում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը «Լիարժեք կյանք» ՀԿ-ի միջոցով նախակրթարան է բացում: Նախակրթարանը բացվելու դեպքում սկզբում երկու երեխա կընդգրկվեն: Սեպտեմբերից այդ երեխաները դպրոց կգնան: Նախակրթարանն առաջիկա 5 տարիներին չի գործի՝ Ծաղկաշատում մանկապարտեզային տարիքի երեխաներ չլինելու պատճառով: «Լիարժեք կյանք» ՀԿ-ի փորձագետ Հայկ Մկրտչյանն ասում է՝ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը խոստացել է նախակրթարանին աշխատողների երկու հաստիք տրամադրել:
«Մեկ երեխայի դեպքում էլ նախակրթարանը կարող է գործել»,- բացատրում է Հայկը: Ծաղկաշատի հիմնական դպրոցում գործում է համակցված 3 դասարան՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանները միացված են: Երկրորդ դասարանում սովորում է մեկ, 3-րդ և 4-րդ դասարանում՝ 2-ական աշակերտ:
«Ասում են 5 աշակերտ են, բայց մեկ դասաժամում երեք դասարանի ծրագիր ենք իրականացնում: Պետք է դա ավարտին հասցնենք 45 րոպեի ընթացքում, որն անհնարին է»,- ասում է արձակուրդի մեջ գտնվող տնօրենին փոխարինող ուսուցչուհի Սուսաննա Մելիքսեթյանը: Ծրագրային պահանջներն ավարտին հասցնելու համար ուսուցչուհին ասում է, որ ստիպված դասերից հետո աշակերտներին իր տուն է հրավիրում՝ լրացուցիչ պարապելու: Համակցված 5-րդ և 6-րդ դասարաններում սովորում են երեք աշակերտներ: Դպրոցի երեք աշակերտներ ունեցող 7-րդ դասարանը համակցված չէ:
«Այդ դասարանում շատ հեշտ է աշխատելը»,- ասում է Սուսաննա Մելիքսեթյանը: Դպրոցը չունի նաև 8-րդ և 9-րդ դասարաններ, մյուս տարի կունենա 8-րդ դասարան: Սուսաննայի ասելով՝ եթե Ծաղկաշատում ապրելու նորմալ պայմաններ ստեղծեն, դպրոցն էս վիճակում չի լինի:
«Հիմա ծնողները երեխաներին ցանկանում են ուղարկել նաև սպորտի, երաժշտական դպրոց: Ուզում են երեխաներին այլ ուղղություններով զարգացնել, իսկ դրա պայմանները մեր դպրոցում և գյուղում չկան: Պետք է ստեղծել»,- ասում է Սուսաննա Մելիքսեթյանը:
Ծաղկաշատի դպրոցը նաև մաթեմատիկայի մասնագետ չունի, այժմ 5, 6, 7-րդ դասարանների մաթեմատիկայի ուսուցչի մրցույթ է հայտարարված: Փոխարինող ուսուցչուհի Անահիտ Մակինյանը սովորում է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսում: Անահիտը պատմեց, որ սկզբում իր համար անսովոր է եղել ֆիզիկա և մաթեմատիկա դասավանդելը: Նա Ծաղկաշատի հիմնական դպրոցն է ավարտել: Հետո Ախթալայի թիվ 1 դպրոցում շարունակել է ուսումը: Անահիտ Մակինյանը 5-6-րդ համակցված դասարանում շաբաթը 5 ժամ դասավանդում է մաթեմատիկա, 7-րդ դասարանում դասավանդում է երկրաչափություն, հանրահաշիվ, ֆիզիկա առարկաները:
«Ես, իհարկե, տանը պատրաստվում եմ դասերին, որ դպրոցում կարողանամ ուսուցանել աշակերտներին»,- պատմեց Անահիտը:
Մանուշակ Մարուքյանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրով Ծաղկաշատի դպրոցում է 2018թ.-ից. «Դպրոցում անգլերեն սկսում ենք դասավանդել 3-րդ դասարանից: Դասավանդում եմ երեք դասարաններում՝ 10 աշակերտի: Չեմ ասի, որ այս պահին շատ-շատ մեծ ձեռքբերումներ ունենք, բայց քանի որ աշակերտները սիրում են ու բարեխղճորեն հանձնարարությունները կատարում են, ուսումնական ծրագրով համապատասխան մակարդակով արդեն գիտեն առարկան»,- ասում է Մանուշակը:
Մանուշակ Մարուքյանը վանաձորցի է: Սովորել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում: Այս պահին «Դասավանդիր Հայաստան» ծրագրով սովորում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հեռավար ուսուցման համակարգում: Մանուշակը համալսարանում դասերին չի մասնակցում, բայց քննություններն ու մնացած այլ հանձնարարությունները դպրոցական արձակուրդների ժամանակ գնում, հանձնում է: Նա նաև Վ. Բրյուսովի անվան համալսարանում անգլերենի ուսուցման մանկավարժություն է սովորում:
Մանուշակ Մարուքյանը դժգոհեց, որ համակցված դասարաններում դասավանդելը շատ բարդ է, եւ չի հաջողվում տարբեր դասարանների աշակերտներին մաքսիմալ գիտելիքներ տալ, անգլերեն խաղ կազմակերպել, գործնական դաս անցկացնել կամ բանավոր քննարկում անել:
«Շատ ցանկալի կլիներ, որ առանձին լիներ տարբեր դասարանների աշակերտների ուսուցումը»,- ասաց Մանուշակը: Ասում է՝ այն, ինչ համակցված դասարանում չի հաջողվում ուսուցանել, նա դասերից հետո է անում:
Ծաղկաշատը 250 բնակիչ ունի: Վարչական ղեկավար Սամվել Թանդիլյանն ասում է՝ գյուղում 10-ից ավելի երիտասարդներ կան, բայց չեն ուզում ամուսնանալ: «Որ ժամանակին ամուսնանան, դպրոցն աշակերտների պակաս չի ունենա»,- կատակով ասում է վարչական ղեկավարը:
Մանուշակ Մարուքյանն ասում է, որ չի ցանկանա իր ողջ կյանքն անցկացնել Ծաղկաշատում: «Այստեղ իրոք դժվար է կյանքը: Երիտասարդները Ծաղկաշատում ուղղակի ձանձրանում են»,- բացատրում է ուսուցչուհին:
Համայնքների խոշորացումից հետո Ծաղկաշատում բան չի փոխվել, այդպես էլ մնում մոռացված գյուղ: Սուսաննա Մելիքսեթյանի ասելով՝ Ծաղկաշատում կյանքը փոխելու համար նախ պետք է նորոգել գյուղի ճանապարհը: Վարչական ղեկավար Սամվել Թանդիլյանն ասում է՝ ով գյուղի ճանապարհով մեկ անգամ բարձրանում է Ծաղկաշատ, Ծաղկաշատի անունը ուզում է մեկընդմիշտ մոռանալ: «Հետք»-ն անդրադարձել է Ծաղկաշատի 9 կմ երկարությամբ ճանապարհի անանցանելի վիճակին: Անցած ամիսների ընթացքում ճանապարհի վիճակն ավելի է վատացել: Սամվել Թանդիլյանի խոսքով՝ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը ճանապարհին մեկ ավտոմեքենա աղացած ասֆալտ է թափել, իբր վերանորոգելու համար:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մեզ հայտնեց, որ 2020 թվականին նույնպես չեն կարող կապիտալ վերանորոգել Ծաղկաշատի ճանապարհը:
«Մյուս տարի նախատեսել ենք կապիտալ վերանորոգման ենթարկել Մոտկորի գյուղերի ճանապարհները, որոնք նույնպես վատ վիճակում են: Ծաղկաշատի ճանապարհի բարելավումն առայժմ պետք է ապահովել համայնքի բյուջեի միջոցներով»,- ասաց մարզպետը: Ա. Ղուկասյանը խոստացավ այդ մասին հատուկ հանձնարարական տալ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին:
Մեկնաբանել