
Առաջարկվում է մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստն ավելացնել 40 %-ով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստն ավելացնել 40 %-ով։ Այսինքն՝ գործող 18000 դրամի փոխարեն սահմանել 25500 դրամ։
Նման առաջարկություն է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, առաջարկվում է բարձրացնել խնամքի նպաստի չափը»,-նախագծում որպես հիմնավորում նշել է նախարարությունը։
Խնամքի նպաստի գործող չափը` 18000 դրամը, սահմանվել է 2009 թվականի հունվարի 1-ից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվարկներով՝ 25500 դրամ երեխայի խնամքի նպաստ վճարելու համար անհրաժեշտ է լինելու լրացուցիչ 993 միլիոն դրամ։
Նշենք, որ նախարարությունն այսօր ևս մի նախագիծ է քննարկման ներկայացրել, որով առաջարկում է գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքներին խնամքի նպաստ հատկացնել՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։
Մեկնաբանել