
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի գտնվել կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբելյանի, րոպեներ առաջ մերժեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը:
Գրավի վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել էին նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում` հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը գրավի կիրառման վերաբերալ հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել: Մեղադրող կողմն ու տուժողներն առարկել էին միջնորդության դեմ, իսկ ամբաստանյալներն ու վերջիններիս պաշտպաները միացել դրան:
Նշենք, որ ՍԴ-ն հոկտեմբերի 15-ի որոշմամբ արձանագրել է, որ գրավի կիրառումը՝ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, հակասում է Սահմանադրությամբ ամրագրված անձի ազատության իրավունքին:
Ըստ ՍԴ դիրքորոշման՝ ազատության իրավունքին հակասող է նաև Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար:
Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշման լույսի ներքո, ըստ էության, գրավը կարող է զսպել ոչ միայն մեղադրյալի թաքնվելու, այլ նաև գործի քննությանը նրա խոչընդոտելու ռիսկը, և սա հիմք է Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնելու համար:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին, Քոչարյանի պաշտպանները գրավի մեկ այլ միջնորդություն էին ներկայացրել, որը դատարանը նույնպես մերժել էր՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ առկա է գործի քննությանը խոչընդոտելու ռիսկ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Դատարանում քննվող գործով մեղադրյալ են նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Արմեն Գևորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:
Մեկնաբանել