
ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը նորից կալանավորվել է
Վերաքննիչ քրեական դատարանն ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայր Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի է համարել և նրան կրկին կալանավորելու որոշում կայացրել: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ մեկ անգամ խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը, սակայն հետագայում նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել, որը բավարարվել է: Մանուկյանն ազատ է արձակվել առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 2-ի որոշմամբ՝ 800 հազար դրամ գրավի դիմաց:
Դատարանի հիշյալ որոշման դեմ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից ներկայացրել է վերաքննիչ բողոք: Դատախազությունը պահանջում էր բեկանել, փոփոխել Ռոբերտ Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը և նրա նկատմամբ գրավի կիրառումը համարել ոչ թույլատրելի, և դատարանն այսօր կայացված որոշմամբ բավարարել է մեղադրողի բողոքը:
Մեզ հետ զրույցում Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ Մանուկյանին կրկին կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Արմեն Դանիելյանը: Այս պահին Մանուկյանն արդեն կալանավորված է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մեքենա է վնասվել, դրանցում եղած անձինք ստացել են մարմնական վնասվածքներ: Վնասված մեքենաներից մեկը պատկանում է Մելիք Մանուկյանին: Պայթյունից հետո իրավապահներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, երբ Մանուկյանի մեքենան հեռացրել են դեպքի վայրից, ապա քիչ անց վերադարձրել:
Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի` Մանուկյանի եղբայր Ռոբերտ Մանուկյանին և Մարկոս Մարկոսյանին: Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Մանուկյանն է Մարկոս Մարկոսյանին հրահանգել մեքենան հեռացնել դեպքի վայրից՝ այսպիսով խոչընդոտելով արդարադատության իրականացմանը: Մանուկյանը մեղադրվում է նաև իրեն բերման ենթարկելիս ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում:
Լուսանկարում՝ դատավոր Արմեն Դանիելյանը
Մեկնաբանել