
Քաղցկեղ` ուղղակի հիվանդությու՞ն, թե՞ հանրության բարեկեցության և պետության անվտանգության սպառնալիք
Հեղինակի կողմից. առաջարկում եմ հոդվածը չդիտարկել որպես վիճակագրություն և թվերի վերլուծություն: Այստեղ տասնյակ հազարավոր պատմություններ են` մեկտեղված և ամբողջացված թվերի ու դինամիկ գծապատկերների մեջ: Դրանք պատմություններ են մեր հայրենակիցների մի ստվար զանգվածի հույզերի, ապրումների, կորսված կյանքերի, և որ ավելի ցավալի է, հուսալքության, արտագաղթի և պետության անգործության մասին: Ներկայացված խնդիրները միասնական ջանքերով փոփոխություններ բերող գործողությունների են կանչում:
Այս հոդվածի գլխավոր նպատակն է ոլորտի խնդիրների և մարտահրավերների վրա հանրության ուշադրությունը գրավել, ձևավորել օրակարգ, որով ներկա և հաջորդող կառավարություններն աշխատանքներ կտանեն շոշափելի և առարկայական փոփոխություններ բերելու համար, որը կնպաստի տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքի որակի բարելավմանը և չարորակ նորագոյացություններով ախտահարման և դրանցից մահացությունների թվի զգալի նվազմանը: Այս հոդվածում ավելի շատ հարցեր են բարձրացվում, քան` պատասխաններ տրվում:
Քաղցկեղ կամ այլ կերպ ասած` չարորակ նորագոյացություն
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից և Առողջապահության նախարարությունից չարորակ նորագոյացությունների մասին վիճակագրական տվյալների հավաքագրումը շուրջ երկու ամիս տևեց: Ժամանակատարությունը պայմանավորված էր Առողջապահության նախարարության կողմից հարցումներին արձագանքելու տևողությամբ, որի մասին նշում կլինի հոդվածի վերջում: Այս հոդվածի համար օգտագործվել են նաև տվյալներ Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական հրապարակումներից:
Եվ այսպես, Հայաստանի ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը տարվա վերջին, սկսած 1991 թվականից, ներկայացված է հետևյալ գծապատկերում (Գծապատկեր No: 1): Ինչպես տեսնում ենք, տարեցտարի Հայաստանի ուռուցքաբանական հիմնարկների բժշկական ծառայություններից օգտվողների քանակը կայուն բարձր տեմպով աճում է:
Գծապատկեր No: 1
Սա բնակչության թվի մեծությամբ կշռելով` այսինքն ըստ 100,000 բնակչի ներկայացնելու դեպքում, կունենանք հետևյալ պատկերը (գծապատկեր No: 2):
Գծապատկեր No: 2
Այս ցուցանիշը հաշվարկվում է հիվանդների բացարձակ թիվը բաժանելով բնակչության թվի վրա: Կարմիր կորագիծը ցույց է տալիս Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական հրապարակումը, իսկ կապույտը մեր կողմից հաշվարկածն է[1]:
Չարորակ նորագոյացությունների` տարիների ընթացքում վարքագիծը ուսումնասիրելու համար, դիտարկենք հետևյալ հիմնական ցուցանիշների գծով թվային շարքերը:
Առաջին անգամ ախտորոշվածներ
Կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 1991 թվականից սկսած, ըստ տարիների, հետևյալն է (գծապատկեր No: 3):
Գծապատկեր No: 3
2018 թվականի ցուցանիշը թափանցիկ կարմիրով է ներկված, քանի որ դրա հավաստի լինելը վստահություն չի ներշնչում: Այս առումով բացատրությունը հետևյալն է: Գծապատկեր No: 1-ում ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 2018 թվականի վերջին կազմել է 47,146 մարդ, ինչը ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից 3,316-ով: Գծապատկեր No: 7-ում երևում է, որ չարորակ նորագոյացություններից մահացությունը 2018 թվականին կազմել է 5,199 մարդ: Հետևաբար, կարող ենք ենթադրել, որ եթե նույնիսկ այս ընթացքում հաշվառվածներից ոչ ոք բուժված չլիներ (ինչն անհնար է), ապա 2018 թ. ընթացքում կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումներով անձանց թիվը պետք է լիներ առնվազն 8,515 հոգի (3,316+5,199): Իսկ քանի որ կլինեն նաև զգալի թվով բուժվածներ, ապա առաջին անգամ ախտորոշվածների թիվը շատ ավելի մեծ պետք է լիներ, քան հրապարակված 6,847 հոգին (8,515-ից մեծ):
Այս ցուցանիշը բնակչության թվի մեծությամբ կշռելով` այսինքն ըստ 100,000 բնակչի ներկայացնելու դեպքում, կունենանք հետևյալ պատկերը (Գծապատկեր No: 4): Ինչպես բացարձակ թվով ներկայացնելու պարագայում, այս դեպքում նույնպես 2018 թվականի ցուցանիշը կասկածի տակ է, որի մեկնաբանությունը տրված է վերևում:
Գծապատկեր No: 4
Մինչև այս ներկայացված թվային շարքերից երևում է, որ միտումները բացասական են: Սրանք փորձեցինք համադրել աշխարհի մի շարք երկրներում գրանցված համանուն ցուցանիշի դինամիկայի հետ: Պաշտոնական որակյալ տվյալների երկար ժամանակագրական շարքեր այս ցուցանիշի մասով հասանելի չէին: Լավագույն տվյալները առկա էին Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) վիճակագրական կայքում 2000-2012 թվականների համար չորս կետային տվյալներով, որը ներկայացված է ստորև` Հայաստանի համադրելի ցուցանիշի զուգորդմամբ (գծապատկեր No: 5):
Գծապատկեր No: 5
Այս համեմատական գծապատկերից երևում է, որ Հայաստանում կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացություն հաստատված ախտորոշումով հիվանդների թվաքանակը (100,000 բնակչի հաշվով)` համեմատած բոլոր ներկայացված OECD անդամ երկրների (դրանք են` Ավստրիա, Բելգիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Շվեցարիա) 2000 թ.-ին եղել է ամենացածրը: Սակայն, ինչպես երևում է, 12 տարիների ընթացքը ներկայացնող կորը Հայաստանի դեպքում ունի ամենամեծ թեքությունը, ինչը նշանակում է, որ այս ցուցանիշը նշված երկրների միևնույն ցուցանիշի համեմատ ավելի մեծ տեմպով է աճել: Սա մի կողմից կարող է պայմանավորված լինել չարորակ նորագոյացությունների ավելի լավ ախտորոշմամբ (ենթադրենք ախտորոշման ծառայությունների բարելավում է տեղի ունեցել), մյուս կողմից էլ` ներքին գործոններով պայմանավորված, որ քննարկվում է հաջորդիվ:
Մեկ այլ աղբյուրի համաձայն` The Cancer Atlas կայքի (ստեղծվել է Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի, Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության և Քաղցկեղի կառավարման միջազգային միության կողմից, կայքի հղում), մինչև 75 տարեկան չարորակ նորագոյացություն ձեռք բերելու ռիսկը Հայաստանում 2012 թվականին կազմել է 25.8 %: Աշխարհի 185 երկրների համար այս ցուցանիշի նվազագույն մեծությունը 4.6 % է, իսկ առավելագույնը` 32.9 %: Հետևյալ գծապատկերում Հայաստանի դիրքը (ինչքան կետը բարձր, այնքան ավելի վատ` մեծ ռիսկ) այդ երկրների շարքում պատկերված է կարմիր կետով (գծապատկեր No: 6):
Գծապատկեր No: 6
Այս նույն աղբյուրի համաձայն` 2016 թվականի դրությամբ Հայաստանը 30-ից 69 տարեկանների շրջանում քաղցկեղից մահվան առաջատար պատճառ ցուցանիշով հինգաստիճան համակարգում դասակարգվել է առաջին` ամենավատ աստիճանում (կայքից նկարը տես ստորև):
Նկար No: 1
Հաջորդ կարևոր ցուցանիշը չարորակ նորագոյացություններից մահացությունն է:
Չարորակ նորագոյացություններից մահացություն
1995 թվականից սկսած այս ցուցանիշի գծով շարժը Հայաստանի Հանրապետության համար ներկայացված է Գծապատկեր No: 7-ում: Այս ցուցանիշի գծով տվյալները Վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Ժողովրդագրական Ժողովածու» հրապարակումներում, ըստ տարիների, առկա էին սկսած 1995 թվականից:
Գծապատկեր No: 7
Այս ցուցանիշը բնակչության թվի մեծությամբ կշռելով` այսինքն ըստ 100,000 բնակչի ներկայացնելու դեպքում, կունենանք հետևյալ պատկերը[2] (գծապատկեր No: 8):
Գծապատկեր No: 8
Չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը Հայաստանի համար աճի միտում ունի` բացառությամբ վերջին երեք տարիների: Այս տենդենցը արտաքին աշխարհի հետ համադրելով` փորձենք հասկանալ, թե Հայաստանում այս առումով ինչ առանձնահատկություններ կան: Այսպիսով, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անդամ 34 երկրների համար չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշի միջնարժեքը (անգլերենով` median) 100,000 բնակչի հաշվով` համեմատած Հայաստանի նույնանուն ցուցանիշի հետ (1995-ից մինչև 2016 թվականներ) ներկայացված է գծապատկեր No: 9-ում:
Ինչպես երևում է գծապատկերում, նախորդող քսան տարիների ընթացքում, 100,000 բնակչի հաշվով, չարորակ նորագոյացություններից մահացությունների թիվը Հայաստանում աճել է, իսկ OECD անդամ երկրներում` նվազել: OECD երկրների մասով տվյալները վերցված են OECD պաշտոնական վիճակագրական տեղեկատուից:
Գծապատկեր No: 9
Պատկերը ամբողջացնելու համար, այս ցուցանիշի գծով տենդենցը դիտարկենք կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացություն հաստատված ախտորոշումով հիվանդների թվաքանակ (100,000 բնակչի հաշվով) ցուցանիշի մասով տենդենցի հետ համադրելով, որի մասին նշված է վերևում, գծապատկեր No: 5-ում: Երկու ցուցանիշների գծով տենդենցները համադրելու նպատակով ընտրվել են OECD անդամ նույն 7 երկրները (գծապատկեր No: 10):
Գծապատկեր No: 10
Գծապատկերներ 5-ի և 10-ի համադրությունը ներկայացված է ստորև: Սրանց համադրությամբ նշված ժամանակահատվածում` 2000-2012 թթ, հետևյալ պատկերն է բացվում: Կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացությունների գծով ախտորոշվածների թիվը (100,000 բնակչի հաշվով) աճել է և Հայաստանում, և OECD անդամ երկրներում, մի նշանակալի տարբերությամբ, որ Հայաստանում աճի տեմպն ավելի մեծ է եղել, և երևում է, որ սկզբնակետում Հայաստանը այս մասով ցածր ցուցանիշ է ունեցել, որը սկսել է աճել արագ տեմպերով և հասել է OECD երկրների մակարդակին:
Սրա պատճառներից կարող է լինել կամ հիվանդությունների աճի առաջանցիկ տեմպերը, կամ էլ աճի տեմպը` զուգորդված ախտորոշումների բարելավման գործընթացով, ինչը համապատասխանաբար առաջին անգամ չարորակ նորագոյացություններով ախտորոշվածների թիվը տարեցտարի մեծացրել է:
Սրան զուգահեռ նկատում ենք, որ այս նույն ժամանակահատվածում OECD երկրներում չնայած կյանքում առաջին անգամ քաղցկեղով ախտորոշվածների թիվն աճման միտում ունի` քաղցկեղից մահացությունների թիվը նշված ժամանակահատվածում այս երկրներում զգալիորեն նվազել է, իսկ Հայաստանի դեպքում` տրամագծորեն հակառակը: Ստացվում է, որ Հայաստանի դեպքում արագ տեմպով աճել է ինչպես կյանքում առաջին անգամ քաղցկեղով ախտորոշվածների թիվը, այնպես էլ` քաղցկեղից մահացությունների թիվը:
Քաղցկեղից մահացությունների նման աճի հնարավոր պատճառներից, այն դեպքում, երբ OECD երկրներում դա նվազել է, կարող են լինել ներքոհիշյալները: Վատ և ուշ ախտորոշումները. այսինքն մարդիկ ուշ շրջանում են ախտորոշվում, և նրանց կյանքը փրկել կամ երկարացնել չի հաջողվում: Վատ բժշկական ծառայությունները. այսինքն` սխալ ախտորոշումներ և/կամ ոչ ճիշտ բուժումներ: Երկրի ներսում առկա այլ պատճառներ (օրինակ վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումների շարունակական աճ), որ հնարավոր է բացահայտել տվյալների մանրակրկիտ հավաքագրման և վերլուծության արդյունքում:
Չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառներ
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակումների` քաղցկեղը առաջանում է նորմալ բջիջների ուռուցքային բջիջների վերափոխման բազմափուլ պրոցեսի արդյունքում: Այս փոփոխությունները առաջանում են անձի գենետիկական գործոնների և հետևյալ երեք խումբ արտաքին գործոնների համատեղման հետևանքով: Այդ երեք արտաքին գործոններն են.
- Ֆիզիկական քաղցկեղածին նյութեր (կանցերոգեններ), ինչպիսիք են ուլտրամանուշակագույն և իոնացնող ճառագայթումը
- Քիմիական կանցերոգեններ, ինչպիսիք են ասբեստը, թութունով ծխախոտի տարրերը, աֆլատոքսինը (սննդային աղտահարում, անգլերեն` aflatoxin) և մկնդեղը (խմելու ջրի աղտահարում, անգլերեն` arsenic)
- Բիոլոգիական կանցերոգեններ, ինչպիսիք են որոշակի վիրուսներից ինֆեկցիաները, բակտերիաները կամ մակաբույծները (պարազիտներ):
ԱՀԿ-ն իր հետազոտական գործակալության` Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության միջոցով քաղցկեղածին գործոնների դասակարգում է իրականացնում: Կազմակերպությունը շարադրել է նաև քաղցկեղածին հետևյալ ռիսկային գործոնները:
- Ծխախոտի օգտագործում, ներառյալ սիգարետներ, այդ թվում` անծուխ
- Գիրություն կամ նորմայից ավել քաշ
- Անառողջ սննդակարգ` քիչ մրգային և բանջարեղենային բաղադրությամբ
- Ֆիզիկական ակտիվության պակաս
- Ալկոհոլի օգտագործում
- Սեռական ճանապարհով փոխանցվող HPV վարակ
- Հեպատիտներից առաջացած ինֆեկցիաներ կամ այլ կանցերոգեն ինֆեկցիաներ
- Ուլտրամանուշակագույն և իոնացնող ճառագայթում
- Քաղաքային օդի աղտոտվածություն
- Պինդ վառելիքի կենցաղային օգտագործումից առաջացող տնային ծուխ
Այս նույն աղբյուրի համաձայն` աշխարհում քաղցկեղից մահացություների 22 %-ը ծխախոտի օգտագործումից է:
Հաշվի առնելով վերոգրյալը, և նշված ռիսկերի մասով Հայաստանում վարվող որոշ վիճակագրական տվյալների առկայությունը` փորձենք հասկանալ, թե ինչ նկատելի ռիսկեր կան Հանրապետության տարածքում, որ կարող էին նպաստել քաղցկեղով ախտորոշումների և մահացությունների ցուցանիշների` մյուս երկրների հետ համեմատ, նման տարբերվող աճին:
Մթնոլորտ արտանետված վնասակար նյութեր
Վերոնշյալ ռիսկային գործոններից մեկի` մթնոլորտային արտանետումների վերաբերյալ Հայաստանում առկա են պատմական ժամանակագրական շարքեր, որոնց դինամիկան հետևյալն է: Այստեղ պատկերված է երկրում անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը, ըստ տարիների, սկսած 2000-ից մինչև 2018 թվական (գծապատկեր No: 11):
Գծապատկեր No: 11
Սա ըստ մարզերի ներկայացնելու դեպքում, ստանում ենք հետևյալ պատկերը (գծապատկեր No: 12):
Գծապատկեր No: 12
Գծապատկերում երևում է, որ վերջին տաս տարիների ընթացքում արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի կայուն բարձր պահպանվող և որոշ դեպքերում նույնիսկ աճող քանակ (տոննա) է գրանցվել Երևան քաղաքում, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:
Արտանետման խոշոր աղբյուրներից են հանքագործական արդյունաբերությամբ և բացահանքերի շահագործմամբ զբաղվող ձեռնարկությունները: Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից ստացված տվյալները արդյունաբերության այս ճյուղի մասով առկա են 2010 թվականից (դասակարգում է փոխվել և նրանց նախորդ ժամանակահատվածների տվյալները համադրելի չեն), որը ներկայացված է ստորև` գծապատկեր No: 13-ով (մոխրագույն սյուներ, ձախ առանցք)` համադրած անշարժ աղբյուրներից արտանետումների քանակի հետ (կարմիր կորագիծ, աջ առանցք):
Գծապատկեր No: 13
Վերոնշյալ գծապատկերում երկու փոփոխականների դինամիկայի նմանություն կա ու որպեսզի այս պատկերը հնարավոր լինի ավելի պարզորոշ դարձնել, ստորև այս փոփոխականների շարժը ներկայացրել ենք ըստ մարզերի:
Այսպիսով, ըստ մարզերի այս համադրությունը կատարելով` երևում է, որ Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ծավալները ցույց տվող ցուցանիշի գծով տենդենցը (ձախ գծապատկերներ, սև կորագիծ) և Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը ցույց տվող ցուցանիշի տենդենցը (աջ գծապատկերներ, սև կորագիծ) որոշ մարզերի դեպքում ունեն նմանություններ և նույնիսկ համընկնումներ:
Ինչպես այս համադրության մեջ երևում է, այդ մարզերն են Լոռին, Կոտայքը, Սյունիքը և Գեղարքունիքը: Հետաքրքիր «զուգադիպությամբ» հենց այս մարզերում այդ ժամանակահատվածում գործել են մետաղական հանքեր: Այս չորս մարզերի գծով տվյալները հետևյալն են (աղյուսակ No: 1):
Աղյուսակ No: 1
Այս տվյալներից երևում է, որ չորս մարզերում հանքագործական արդյունաբերությունը գրեթե ամբողջովին բաղկացած է մետաղական հանքաքարի արդյունահանման արտադրանքից: Եվ հետևաբար այս մարզերում արտանետման անշարժ աղբյուրներից դեպի մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը մեծ հավանականությամբ և մեծ չափով վերագրելի է մարզերում գործող մետաղական հանքերին:
Այս առնչությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (նախկինում Բնապահպանության նախարարություն) տվյալների հիման վրա կազմված վնասկար նյութերի արտանետումների քարտեզը հետևյալ տեսքն ունի: Ստորև նկար No: 2-ը 2018-ի համար է, իսկ նկար No: 3-ը ` 2017-ի:
Նկար No: 2
Նկար No: 3
Արտանետումների այս երկու քարտեզները ցուցադրում են այն նկատված օրինաչափությունը, որ գործող մետաղական հանքեր ունեցող մարզերում վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ, մյուս մարզերի համեմատ, ավելի մեծ ծավալների են հասնում: Թերևս բացառություն է Տավուշը, որտեղ գործող մետաղական հանք չկա, սակայն մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը մեծ քանակի է (հավանաբար, աղբյուրը Իջևանի բենտոնիտի կոմբինատն է): Այս երկու տարիների ընթացքում 2018 թվականին Կոտայքի մարզում, 2017-ի համեմատ, ավելի շատ արտանետումներ են եղել (այդ պատճառով քարտեզում գույնը ավելի է մգացել):
Այժմ, երբ քիչ թե շատ հասկանալի դարձավ անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման առանձնահատկությունները ըստ մարզերի, վերադառնանք չարորակ նորագոյացությունների գծով միտումները բնութագրող ցուցանիշներին, բայց այս անգամ դրանք դիտարկենք ըստ մարզերի: Եվ այսպես, գծապատկեր No: 1-ը ըստ մարզերի ունի հետևյալ տեսքը (Երևանը` կարմիր կորագիծը ներկայացված է աջ առանցքում, իսկ մնացյալը` մարզերը, ձախ առանցքում):
Գծապատկեր No: 14
Գծապատկերից երևում է, որ Հայաստանի ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող չարորակ նորագոյացություններով հիվանդների բացարձակ թվով առաջին տեղում ք. Երևանն է: Երկրորդ տեղում է Լոռին, երրորդում` Շիրակը, իսկ չորրորդում` Կոտայքը: Այս ցուցանիշը բնակչության թվի մեծությամբ կշռելով` այսինքն ըստ 100,000 բնակչի ներկայացնելու դեպքում, կունենանք հետևյալ պատկերը (գծապատկեր No: 15):
Գծապատկեր No: 15
100,000 բնակչի հաշվով ներկայացնելու դեպքում տեսնում ենք, որ տարվա վերջի դրությամբ ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող չարորակ նորագոյացություններով հիվանդների թվով, վերջին հինգ տարիների ընթացքում առաջին տեղում է Լոռին, երկրորդում` Երևանը, երրորդում` Շիրակը, իսկ չորրորդում` Կոտայքը:
Կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 100,000 բնակչի հաշվով, այսինքն` գծապատկեր No: 4-ը ըստ մարզերի ունի հետևյալ տեսքը (գծապատկեր No: 16): Գծապատկերում երևում է, որ այս ցուցանիշով, վերջին հինգ տարիների ընթացքում, առաջին տեղում է Լոռին, երկրորդում` Կոտայքը, երրորդում` Շիրակը, չորրորդում և հինգերորդում` համապատասխանաբար Սյունիքը և Երևանը:
Գծապատկեր No: 16
Չարորակ նորագոյացություններից մահացության թիվը 100,000 բնակչի հաշվով, այսինքն գծապատկեր No: 8-ը ըստ մարզերի ունի հետևյալ տեսքը (գծապատկեր No: 17): Գծապատկերում երևում է, որ այս ցուցանիշով, վերջին հինգ տարիների ընթացքում, առաջին տեղում է Լոռին, իսկ հաջորդող չորս տեղերում` Սյունիքը, Շիրակը, Կոտայքը և Երևանը:
Գծապատկեր No: 17
Այսպիսով տեսնում ենք, որ չարորակ նորագոյացությունների բոլոր ներկայացված ցուցանիշներով առաջատարը Լոռին է: Հաջորդիվ, բարձր ցուցանիշներ ունեն Երևանը, Շիրակը, Կոտայքը և Սյունիքը: Չարորակ նորագոյացություններով հիվանդների ամենաքիչ քանակն ունի Վայոց Ձորը, իսկ 100,000 բնակչի հաշվով մյուս մարզեի համեմատ ունի միջին ցուցանիշ:
Ըստ մարզերի նշված ցուցանիշները դիտարկելիս երևում է, որ չարորակ նորագոյացություններով առաջատար է ոչ միայն Լոռին (նաև Սյունիքը և Կոտայքը), որտեղ մետաղական հանքաքարի արդյունահանում է իրականացվում և միաժամանակ դեպի մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումով (արտանետման անշարժ աղբյուրներից) մարզը առաջին տեղում է, այլ նաև` Շիրակը և ք. Երևանը, որտեղ մետաղական գործող հանքեր չկան:
Արդեն դիտարկեցինք մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների գործոնը և նկատեցինք, որ կա հստակ օրինաչափություն մետաղական հանքեր ունեցող մարզերում մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների քանակի և մետաղական հանքաքարի արդյունահանման արտադրանքի ծավալների աճի մասով: Իսկ քանի որ այս վնասակար արտանետումները քաղցկեղածին են, ապա կարող ենք հետևություն անել, որ Լոռու մարզի համար չարորակ նորագոյացությունների մասով ներկայացված ցուցանիշների շատ բարձր լինելը պայմանավորված է այս արտանետումներով: Միաժամանակ, նույնը չենք կարող ասել Շիրակի մարզի կամ ք. Երևանի համար: Ապա, որո՞նք են մյուս հնարավոր քաղցկեղածին գործոնները, որոնք հանգեցնում են քաղցկեղի բարձր ցուցանիշների:
Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության կողմից ներկայացված քաղցկեղածին ռիսկային գործոնները, ինչպես շարադրել ենք վերևում, ներառում են`
- Ծխախոտի օգտագործում
- Անառողջ սննդակարգ
- Ֆիզիկական ակտիվության պակաս
- Ալկոհոլի օգտագործում
- Ուլտրամանուշակագույն և իոնացնող ճառագայթում
- Քաղաքային օդի աղտոտվածություն (կամ այլ կերպ ասած` մթնոլորտային վնասակար արտանետումներ):
Այս քաղցկեղածին ռիսկային գործոններից անառողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվության պակասը, ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը գիտենք, որ համատարած բնույթ են կրում Հայաստանում: Այս մասով լավ մշակված ժամանակագրական շարքեր չկան և հետևաբար սրանց ազդեցությունը չարորակ նորագոյացությունների աճի վրա չենք կարող դիտարկել:
Սակայն նաև գիտենք, որ այս չորս քաղցկեղածին ռիսկային գործոնները հատկապես բնորոշ են աղքատ քաղաքացիների կենսակերպին: Եվ եթե մարզերում աղքատության մակարդակի ցուցանիշը նշված ռիսկային գործոնների համար փորձենք համախբված բնութագրիչ ներկայացնել, ապա հնարավոր է որոշակի պատկեր բացվի: Այդ իսկ պատճառով ստորև ներկայացնում ենք աղքատության ցուցանիշը ըստ մարզերի (գծապատկեր No: 18): Երևում է, որ Շիրակն աղքատության մակարդակով ամենաբարձր ցուցանիշն ունի: Աղքատության հաջորդ բարձր ցուցանիշներն ունեն Կոտայքը և Լոռին:
Գծապատկեր No: 18
Այս մյուս գծապատկերը ցույց է տալիս աղքատության մեջ ծայրահեղ աղքատության մակարդակը` ըստ մարզերի (գծապատկեր No: 19):
Գծապատկեր No: 19
Ծայրահեղ աղքատության այս ցուցանիշից երևում է, որ կրկին այս երեք մարզերը առաջին հորիզոնականում են:
Այսպիսով, ամփոփելով արձանագրենք, որ չնայած հոդվածում փաստարկված տեղեկատվությամբ վեր են հանվում որոշակի օրինաչափություններ, որոնք ենթադրաբար զգալի ռիսկ են չարորակ նորագոյացությունների առաջացման առումով (դրանցից է մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումները), կան մի շարք այլ գործոններ ևս, որոնք հարկավոր է խորությամբ ուսումնասիրել դրանց ազդեցության չափը հասկանալու համար: Այդ գործոններն են.
- Աղքատություն` պայմանավորված հիմնականում անառողջ սննդակարգով և վատ կենսապայմաններով
- Ծխախոտի օգտագործում
- Բժշկական ծառայությունների որակ և վաղ ախտորոշման հասանելիություն ու ճշտություն
- Վարակիչ և ինֆեկցիոն հիվանդություններ
- Շարժական աղբյուրներից (մեքենաներ) օդի աղտոտում
- Ուլտրամանուշակագույն, իոնացնող և այլ վտանգավոր ճառագայթումներ:
Այս ամենի մանրակրկիտ և հետևողական փաստագրումն ու վերլուծությունն ազգային անվտանգության ապահովման առումով նշանակալի դերակատարում կունենա: Ուստի Կառավարությունը պարտավոր է չարորակ նորագոյացությունների գծով վտանգավոր զարգացումները կասեցնելու համար կանխարգելիչ գործողություններ իրականացնել:
Օրինակ, օրակարգային առաջնային հարց պետք է դառնա մետաղական հանքային արդյունաբերության գործարկման շարունակականությունը: Հանքարդյունաբերությունը Հայաստանում ստեղծված համախառն ներքին արդյունքի մեջ ընդամենը մի փոքր մասնակցություն ունի (տես գծապատկեր No: 20): Սակայն, դրա տված վնասները, մասնավորապես` վնասակար նյութերի արտանետումների հետևանքով առաջացող տնտեսական և սոցիալական վնասները (օրինակ չարորակ նորագոյացությունների մասով), հանրապետությունում երբևէ չեն չափվել: Այն օրինաչափությունները, որ դիտարկվել են այս հոդվածում հուշում են, որ հանքարդյունաբերությունը ոչ միայն չի նպաստում աղքատության վերացմանը, այլև վնասակար նյութերի արտանետումներով անդառնալի վնասներ է պատճառում ինչպես բնությանը, այնպես էլ մեզ` քաղաքացիներիս:
Գծապատկեր No: 20
Վերջում ավելացնենք, որ այս հոդվածը չի հավակնում ամբողջական գնահատական տալ և ամբողջական պատկերը ներկայացնել: Այստեղ դուք կգտնեք այս ամբողջի մի հատվածը: Իսկ որպեսզի այն լրանա, և տիրապետենք առկա իրավիճակին ու տենդենցներին, հարկավոր է, որ մենք` քաղաքացիներս, ավելի պատասխանատու լինենք մեր շրջակա միջավայրի, մեր ներկայի ու ապագայի հանդեպ, և պարտադրենք ներկա և գալիք կառավարություններին որդեգրել մարդակենտրոն քաղաքականություն և չեզոքացնել այն բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք վտանգում են մեր բոլորիս և գալիք սերունդների բարեկեցությունն ու կյանքը:
Քաղցկեղը մահվան դատավճիռ չէ, դա հնարավոր է բուժել և որ ավելի կարևոր է` կանխարգելել:
Հ. Գ.
Ի պատասխան մեր հարցման` Առողջապահության նախարարությունից ս.թ. օգոստոսի 26-ին ուղարկված գրության բովանադակությունից (գրությունը կցվում է) կարելի է ենթադրել, որ նախարարությունը առ այսօր չունի քաղցկեղի միասնական ազգային տեղեկատվական բազա, որտեղ ներառված կլինեին քաղցկեղով հիվանդների վերաբերյալ բոլոր տվյալները, ինչը հնարավորութուն կտար փաստարկված վերլուծություններ և առկա վիճակի ու նաև միտումների ախտորոշումներ իրականացնել: Իսկ սա չափազանց կարևոր է ճիշտ և որակյալ քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար:
[1] Այս երկու գծերի ոչ ամբողջապես համընկնելը հավանաբար պայմանավորված է հայտարարով` այսինքն, թե բնակչության թվի ինչ մեծություն է կիրառվել հաշվարկի մեջ: Մենք կիրառել ենք տվյալ տարվա վերջի դրությամբ առկա բնակիչների թիվը, իսկ Ինստիտուտը հնարավոր է, որ օգտագործել է տարվա միջին բնակչության թիվը, կամ հաշվարկի այլ մոտեցում է կիրառել: Սակայն երկու դեպքում էլ տենդենցը նույնն է, իսկ միմյանցից շեղումը` փոքր:
[2] 2018 թվականի ցուցանիշը մենք ենք հաշվարկել, քանի որ պաշտոնական հրապարակումներում չկար:
Գլխավոր լուսանկարը՝ singularityhub.com-ից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել