
2020 թվականի հունվարի 1-ից կնվազի Հայաստան-Արցախ զանգերի սակագինը․ նոր նախագիծ
2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ն աստիճանաբար կնվազեն Հայաստանի և Արցախի օպերատորների միջև գործող հեռախոսային ծառայությունների վճարները: Արդյունքում՝ 2025 թվականի հունվարի 1-ից հետո մեկ րոպեի համար կսահմանվի 5 դրամ վճար։
Նման առաջարկություն է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
«ՀՀ և ԱՀ շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների նվազեցումը հնարավորություն կընձեռի օպերատորներին նվազեցնել ՀՀ և ԱՀ միջև գործող հեռախոսային ծառայությունների վճարները, ինչը կնպաստի բաժանորդների կողմից նշված ծառայություններից օգտվելու ծավալների աճին»,- հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Հանձնաժողովի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների միջև ստորագրվել է փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Դրանով նախատեսվում է, ըստ ժամանակացույցի, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը աստիճանաբար նվազեցնել ՀՀ և ԱՀ օպերատորների շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները:
Մեկնաբանել