
Գագիկ Խաչատրյանին 230 մլն դրամ գրավի դիմաց ազատելու միջնորդություն են ներկայացրել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր ավարտվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ հոկտեմբերի 24-ին:
Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանին միջնորդություն են ներկայացրել Խաչատրյանի նկատմամբ 230 մլն դրամ գրավ կիրառելու վերաբերյալ: Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես է Խաչատրյանը վճարելու այդքան գումար, եթե վերջինիս գույքը կալանքի տակ է, Սարգսյանը պատասխանեց, որ պարտադիր չէ՝ ինքը վճարի, կան անձինք, որոնք պատրաստ են վճարել այդ գումարը:
Պաշտպանը նշեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը նա մերժել է: Ինքնաբացարկի հիմքում պաշտպանները դրել են այն, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները քննում է Գաբրիելյանը:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Խաչատրյանին պատկանող առանձնատանը և այլ տարածքներում խուզարկություններ իրականացնելու թույլատրություն տալու, նրան կալանավորելու, ինչպես նաև կալանքը երկարաձգելու միջնորդություններին։
«Այն պատճառաբանությունը, թե նա է հերթապահ դատավորը, հիմնավոր չէ, քանի որ այս նստավայրում հերթապահ դատավորները 5-ն են և այլ դատավորի կարող էր մակագրվել»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Պաշտպանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով այսօր չի մասնակցել իր խափանման միջոցի գործով դատական նիստին:
Սարգսյանի խոսքով՝ ամիսներ առաջ, երբ Խաչատրյանը դեռևս կալանքի տակ չէր, իրենք միջնորդություն են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի Գագիկ Խաչատրյանին թույլատրեն մոտ 10 օրով մեկնել Գերմանիա և այնտեղ բուժումը շարունակել, սակայն քննիչը հետաձգել է միջնորդության քննությունը, մինչև էական հանգամանքների պարզումը, նշանակվել է բժշկական կոնսիլիում, որի պատասխանը դեռևս հուլիսի 4-ին պատրաստ է եղել, սակայն եզրակացությունը չի տրամադրվել ո՛չ դատախազներին, և ո՛չ էլ պաշտպանական կողմին:
Ըստ Երեմ Սարգսյանի՝ հուլիսի 4-ից պատրաստ եզրակացությունն իրենց տրամադրվել է սեպտեմբերի 9-ին. միտումնավոր ձգձգվել և տրամադրվել են միայն այն բանից հետո, երբ Գագիկ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Սարգսյանի խոսքով՝ կոնսիլիումի եզրակացությունից ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով ժամանակավորապես մեկնել Հայաստանից:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ կոնսիլիումի արդյունքում ստացված եզրակացությունն ուղարկվել է Գերմանիա, որտեղ հրավիրվել է մեկ այլ կոնսիլիում, որում ներգրավված են աշխարհահռչակ բժիշկներ:
Ըստ պաշտպանի՝ Գերմանիայի բժիշկները դեռ ապրիլ ամսին զգուշացրել են, որ եթե Խաչատրյանը չստանա պահանջվող բուժումը նոր վիրահատության անհրաժեշտություն է առաջանալու, և այժմ նրանց մտահոգությունը հաստատվել է:
Ըստ պաշտպանի՝ բժիշկների կողմից տրվել է եզրակացություն այն մասին, որ եթե Գագիկ Խաչատրյանը չգնա և բուժումները չշարունակի, դա նրա առողջության վրա էլ ավելի վատ հետևանքներ է ունենալու:
Պաշտպանը ահազանգում է. պետությունը չի կատարում իր պարտավորությունը անձին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեջ:
Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է նրա՝ Ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։
Մեկնաբանել