
Առաջարկվում է վերացնել խնամատար ծնող դառնալու 55 տարվա սահմանափակումը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է վերացնել խնամատար ծնող դառնալու 55 տարվա սահմանափակումը։ Նախարարությունը նպատակ ունի խնամատար ընտանիքի ինստիտուտի համար ապահովել առավել լայն հնարավորություն։
Նման առաջարկություն է նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ խնամատար ծնող դառնալու 55 տարվա սահմանափակումը խոչընդոտ է ստեղծել արդեն իսկ վերապատրաստված ծնողների, խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց համար և սահմանափակում է նրանց իրավունքները:
Նախարարությունն այս սահմանափակումը վերացնելու համար ուսումնասիրել է տարբեր երկրների խնամատարության փորձը, որը փաստել է՝ միջազգային պրակտիկայում խնամատար ծնողի տարիքային սահմանափակում գոյություն չունի: Ինչպես օրինակ՝ Վրաստանում, Մոլդովայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Սերբիայում, Ավստրիայում, Խորվաթիայում, Շոտլանդիայում, Իռլանդիայում, Անգլիայում օրենքով չի ամրագրվում տարիքային առավելագույն շեմ՝ խնամատար ծնող դառնալու վերաբերյալ։
«Տարիքային սահմանափակման վերացման միջոցով կարող է ապահովվել հանրակրթական դպրոցներից կենսաթոշակի անցած՝ մեծ թվով մասնագիտական ներուժ ունեցող մանկավարժների զբաղվածությունը, ինչպես նաև կկանխարգելվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների մուտքը հաստատություններ»,- նախագծում նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նախարարությունը առաջարկում է նաև փոփոխություններ կատարել «Ընտանեկան օրենսգրքում»։
Մասնավորապես՝ ծնողական իրավունքից զրկել նաև այն ծնողին, ով ունի հոգեկան և վարքային խանգարումներ, տառապում է հոգեներգործուն նյութերի չարաշահմամբ պայմանավորված խրոնիկ հիվանդությամբ, որոնք համաձայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության, կարող են խոչընդոտել ծնողական իրավունքների իրականացմանը։
Այս նախագծով նախատեսվում է որպես որդեգրումը և խնամատարությունը բացառող հանգամանք սահմանել նաև դիմողի` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար դատվածություն ունենալու հանգամանքը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարծում է, որ այս փոփոխությունները կպաշտպանեն երեխաների իրավունքները, կիրացնեն երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը։
Մեկնաբանել